57  01.03.14 - ՀԱԿ. Մարտիմեկյան հանրահավաք

ՀԱԿ հանրահավաքը․ Մարտիմեկյան դեպքերի տարելիցը, ՄՄ-ն, կուտակայինն ու Որոտանի ՀԷԿ-ը

ՀԱԿ հանրահավաքը․ Մարտիմեկյան դեպքերի տարելիցը, ՄՄ-ն, կուտակայինն ու Որոտանի ՀԷԿ-ը

PanARMENIAN.Net - 6 տարի առաջ՝ 2008-ի փետրվարին, նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ը չընդունեց դրանց արդյունքները, ըստ որոնց իր թեկնածությունն առաջադրած ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրել էր 2-րդ տեղը, ու որոշեց պայքարը շարունակել Ազատության հրապարակում՝ օր ու գիշեր: Մարտի 1-ի գիշերը մինչև հիմա էլ հիշում են բոլորը՝ բախվեցին ոստիկանությունը, ընդդիմությունն ու հրապարակում գիշերած նրանց կողմնակիցները։ Արդյունքում 10 մարդ զոհվեց՝ 8 քաղաքացի, 2 ոստիկան, 200-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացավ: Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, որը հանվեց միայն 20 օր անց։

Այսօր՝ Մարտի 1-ին, արդեն 6-րդ անգամ ՀԱԿ-ը կրկին հանրահավաքով հավաքվել էր Ազատության հրապարակում։ Մեկնարկելով հանրահավաքը զոհերի անունների ընթերցմամբ, Կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը հավաքվածներին կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Այստեղ էին զոհվածների հարազատները, ազատամարտիկները, տարբեր նախաձեռնությունների անդամներ, որոնք եկել էին մասնակցելու որպես քաղաքացի, ու որոշ ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ելույթները բացեցին ազատամարտիկները․ ելույթ ունենալով նրանց բոլորի անունից, Խաչիկ Ավետիսյանը կոչ արեց բոլոր քաղաքական ու քաղաքացիական միավորումներին համախմբվել՝ համաժողովրդական խաղաղ ապստամբության համար, գրում է Tert.am-ը։

«Այսպես այլևս շարունակվել չի կարելի։ Բայց անցումը պետք է լինի առանց ցնցումների ու արյան։ Ցանկանալով կանխարգելել նման զարգացումները՝ Հայաստանի դաշտային հրամանատարների խորհուրդը կոչ է անում հրաժարվել առանձին, անջատ ընդվզումներից ու համազգային մոբիլիզացիա սկսել»,- հայտարարեց նա։

Ելույթների շարքը շարունակեց հանրահավաքին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ով նշեց, որ 2008-ից հետո գարնան առաջին օրվա խորհուրդն արդեն կորել է՝ դառնալով կորստի ու ողբերգության օր։

Նշելով հանրահավաքը մարդաշատ լինելու փաստը, Սարգսյանը նկատեց՝ մարտի 1-ի էջը փակված չէ և չի կարող լինել, որքան էլ իշխանությունը դրան ձգտի:

«Բազմաթիվ փորձեր ենք արել իշխանությանը հասկացնելու, որ Մարտի 1-ի հանցագործներին պետք է գտնել, բայց դիմադրությունը մեծ է»,- նշեց նա՝ հավելելով, որ շարքերում տարբեր ուժերի ներկայացուցիչներ կան ու իշխանությանը «սարսափեցնում է այդ միասնականությունը»:

Շարունակելով Լյուդմիլա Սարգսյանի միտքը, հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը նշեց, որ սա մեկ կուսակցության հանրահավաք չէ, այլ` «ըմբոստության, մարդու իրավունքների պաշտպանության, սեփական երկրին տեր կանգնելու հավաք է», գրում է Panorama.am-ը:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր հերթին մի քանի թվով ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը: Խոսելով վերջերս մեծ աղմուկ հանած կենսաթոշակային բարեփոխումների մասին, նա ասաց․

«Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ասում են, որ ձեր մասին ենք մտածում: Այսպես ուրիշի մասին չեն մտածում․․․ Հեֆֆերնը նեղանում է. թող նեղանա, ասում է՝ լավագույն բարեփոխումն է: Ձեր գլխին կպնի ձեր լավագույնը»:

ՀՀ-ումն ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ելույթ ունենալով փետրվարի 21-ին կենսաթոշակային երրորդ համաժողովին, դրական է գնահատել պարտադիր կուտակայինի նոր համակարգը։ Ըստ դեսպանի, փոփոխությունը դժվար է ընդունվում, քանի որ Խորհրդային Միության փլուզման հետևանքով շատ հայաստանցիներ կորցրել են իրենց խնայողությունն ու հիշողությունները դեռ թարմ են, ինչպես նաև կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև վստահության պակաս կա։ Նա հավելել էր, որ գործադիրը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով և արձագանքելով վերջիններս մտահոգություններին։

Ըստ Բագրատյանի, ամեն ինչ արվում է, որ Հայաստանում մարդիկ իրենց լավ չզգան․ «Եթե մարդ իրեն լավ զգա, կուզի, որ երկրում դեմոկրատիա, նորմալ ընտրություններ, ազատ խոսք լինի: Ոչ ոք ժողովրդի մասին չի մտածում»։

Իր հերթին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ այսօր համեմատություններ 2008-ի մարտի 1-ի ու ուկրաինական Մայդանի դեպքերի միջև համեմատություններ են արվում ու նշվում, թե մարտի 1-ին ժողովուրդն ու ընդդիմությունը չկարողացան մինչև վերջ մնալ, ինչն այդպես չէ, քանի որ այդ օրը «ժողովուրդն իրեն նույնքան հերոսաբար դրսևորեց»։

Զուրաբյանի խոսքով, ակնհայտ է, որ Ազգային ժողովի ոչ կոալիցիոն խմբակցությունների և Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի պայքարի համակցումն ավելի խեղճ վիճակում է դնելու իշխանությանը:

«Այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում հանրության գրեթե բոլոր շերտերը՝ բժիշկներ, ուսուցիչներ, գյուղացիներ: Բոլորը հասկացել են, որ նա ձախողել է պետական կառավարումը։ Նրա Կառավարությունը գործում է փողահավաքի նոր սխեմայով՝ կուտակին վճարումներ, կարմիր գծեր, արագաչափեր, գազի ու էլեկտրականության բարձր գներ: Ու սա շարունակվելու է այնքան ժամանակ, որքան հանդուրժենք այս ռեժիմը»,- ասաց նա:

Ըստ Լևոն Զուրաբյանի, բոլորի համար եկել է կողմնորոշման պահն ու «Հայաստանը դարձնելու ազատ, ժողովրդավարական ու բարեկեցիկ երկիր»:

Պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ, «լավագույն բիզնեսը երկրում դարձել է իշխանությունը»: Ըստ նրա, վիճակը պետք է փոխել երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ:

«Պետք է փոխել այս իշխանությունը, ազատ ու արդար ընտրությունների միջոցով ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն ձևավորել»,- նշեց Դեմիրճյանը՝ հավելելով, որ միայն այդպես է հնարավոր ապահովել երկրի առաջընթացը։ Իր ելույթում նա նաև ողջունեց քաղնախաձեռնություններին, որոնք ակտիվորեն պայքարում են տրանսպորտի, պարտադիր կուտակայինի ու մյուս հիմնահարցերի համար:

Այնուհետև խոսքը փոխանցվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով իր ելույթում անդրադարձավ թե Մաքսային միությանը, թե պարտադիր կուտակայինին թե Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին։

Ըստ ՀՀ առաջին նախագահի, Երևանի քաղաքապետարանի և Ազգային Ժողովի մակարդակով որոշումներ կայացվեցին` համապատասխանաբար տրանսպորտի վարձավճարների բարձրացման և «Կուտակային կենսաթոշակային համակարգի» ներդրման վերաբերյալ․ «Թեև համաժողովրդական բողոքի ալիքի ճնշման տակ այդ որոշումների կիրառումը մասամբ և ժամանակավորապես կասեցվեց, դա դեռ չի նշանակում, որ իշխանությունները հրաժարվել են իրենց մտադրությունից և սեփական դիրքերի ամրապնդման պարագայում չեն իրականացնի այդ մտադրությունը»,- ասաց նա։

Այդ համատեքստում անդրադառնալով Հայաստանի ներքին կյանքում «լավատեսության հույս ներշնչող դրական տեղաշարժերին», Տեր-Պետրոսյանը նախ առանձնացրեց քաղնախաձեռնությունների և բողոքի ցույցերի աննախադեպ ծավալումն ու ավելի կազմակերպված և զանգվածային դառնալու միտումը, ինչով աչքի են ընկնում մասնավորապես Տրանսպորտի վարձավճարների թանկացման և Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումները։

«Դրանք թե՛ որակապես, թե՛ զանգվածայնությամբ էականորեն տարբերվում են սոցիալական, տնտեսական, մշակութային, բնապահպանական, քաղաքաշինական, իրավական զանազան խնդիրների շուրջ ձևավորված բոլոր նախկին քաղաքացիական շարժումներից` Բուզանդի փողոց, օտարալեզու դպրոցներ, տաքսու վարորդներ, ոսկերչական շուկա, «Նաիրիտ» գործարան, Մաշտոցի պուրակ, Փակ շուկա, Թեղուտ, Ամուլսար, Թուխմանուկ, Կոմիտասի 5, ավիացիայի ոլորտի աշխատակիցներ, բանակում զոհված զինծառայողների հարազատներ, ազատամարտիկների իրավունքներ և այլն»։

Նրա խոսքով, այդ երկու նախաձեռնությունների դեմ իշխանությունը հայտնվել է շփոթության մեջ և առայժմ ընկրկել` ժամանակավորապես կասեցնելով իրենց կայացրած որոշումների կիրառումը։ Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը, Տեր-Պետրոսյանը նշեց, որ այդ գործընթացն արդեն անշրջելի է, իսկ Եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։

«Այս իրողության հաստատմամբ տրվում է նաև մեր դրած հարցի պատասխանը, այն է` Հայաստանն այսօր կանգնած է ՄՄ-ում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջև, որը, թե երկրի ներսում, թե արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնելու նվազագույնի»,- ասաց նա՝ հավելելով, որ այսպիսի «առաքելություն իրագործելու համար սարգսյանական ռեժիմին առաջին հերթին պակասում է հենց ազգային շահի գիտակցությունը»։

Անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ այն մասնավորեցվել է Ազգային ժողովի շրջանցմամբ, առանց մրցույթ հայտարարելու և վաճառվել իրական արժեքից անհամեմատ ցածր գնով՝ 180 միլիոն դոլարով։

«Հայաստանն այդպիսով կորցրեց իր էներգետիկ համակարգի պետությանը պատկանող վերջին նշանակալի հանգույցը, ինչը ոչ այլ կերպ, քան դարի հանցագործություն, չի կարելի կոչել»,- ասաց նա։ Նա նաև անդրադարձավ վերջին շրջանում ոչ իշխանական ուժերի միջև միասնությանը։

Հայաստանի կառավարությունը, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերություն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, առաջիկա 6 տարվա ընթացքում Որոտան հիդրո համալիրի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ 70 մլն դոլար: Կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը պետք է ներկայացվի, քննարկվի և համաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

«Ընդդիմության գրագետ քայլերի և համառ ջանքերի շնորհիվ բացահայտվեց Ռուսաստանից մատակարարվող գազի դիմաց Հայաստանի իշխանությունների կողմից գաղտնաբար կուտակված 300 միլիոն դոլարի հասնող պարտքի խայտառակ փաստը, ավելի ճիշտ` պետական մակարդակի հանցագործությունը»,- նշեց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ պարտքը փակելու համար Հայաստանի կառավարությունը Գազպրոմին զիջեց «ՀայՌուսգազարդի» իրեն պատկանող 20% բաժնեմասը, զրկվելով երկրի գազային համակարգի վերահսկողության վերջին լծակից։

Եզրափակելով, առաջին նախագահը նշեց, թե ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը, գործարար աշխարհը «հոգով ու մտքով ընկալեն Հայաստանի փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի ամբողջ իմաստը, որովհետև այդ պահը կորցնելու պատասխանատվությունն ընկնելու է առանց բացառության բոլորի վրա, իսկ հետին թվով մեղավորներ փնտրելու ազգային ավանդույթը ոչ ոքի ցավը չի ամոքելու, որքան էլ կոլեկտիվ անպատասխանատվության դրսևորումները, որպես կանոն, անպատիժ մնան»։

«ՀԱԿ-ն այժմ էլ ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման` գիտակցելով միաժամանակ, որ այդ նպատակին միայնակ հասնել չի կարող, քանի որ դրա համար անհրաժեշտ է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ը կգործակցի մյուս ուժերի հետ` կառավարության հրաժարականին հասնելու հարցում։

Ելույթի ավարտին Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացավ, որ հաջորդ հանրահավաքը շատ չի ուշանա ու, հավանաբար, կկայանա այն ժամանակ, երբ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունը խորհրդարանում կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը:

Հանրահավաքն ավարտվեց ու ՀԱԿ առաջնորդի գլխավորությամբ մասնակիցները շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Ճանապարհին նրանք կոչեր էին հնչեցնում, նաև երթկ մասնակիցներին էին միանում անցորդները։ Հասնելով արձանի մոտ, նրանք նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, այնուհետև ծաղիկներ դրեցին։ Երթի մասնակիցներից մեկը տեղում այրեց ձեռքով նկարած Սերժ Սարգսյանի պատկերը` «Աքսոր Բաքու» մակագրությամբ:

Երեկոյան Մյասնիկյանի արձանի մոտ էին նախատեսում լինել Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքաելյանը, բայց երեկ առավոտյան Փաշինյանը հոսպիտալացվել էր ու վիրահատվել։

Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Միքայելյանի հետ որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել են 2008-ի նույն ժամանակահատվածում և դիմավորել այնտեղ լուսաբացը։

Վիրահատությունից հետո Փաշինյանը գրել էր, թե ի վիճակի չի լինի մասնակցել նախատեսված ակցիային՝ նշելով, որ իր փոխարեն այնտեղ կլինի որդին։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---