Պուտինին թույլատրել են զորքերը Ղրիմ մտցնել, իսկ Ուկրաինան սպառնում է խզել ՌԴ հետ հարաբերությունները

Պուտինին թույլատրել են զորքերը Ղրիմ մտցնել, իսկ Ուկրաինան սպառնում է խզել ՌԴ հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել էր երկրի Դաշնային խորհուրդ՝ Ուկրաինայի տարածք՝ Ղրիմ, ՌԴ զորքերը մտցնելու թույլտվություն ստանալու համար։ Դիմումում, մասնավորապես, ասվում էր․ «Հաշվի առնելով Ուկրաինայում արտակարգ իրավիճակը, որը սպառնում է նաև ՌԴ քաղաքացիների՝ մեր հայրենակիցների կյանքին… Դաշնային խորհուրդ եմ ներկայացնում Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայի տարածք ուղարկելու մասին դիմումը, մինչև այնտեղ հասարակա-քաղաքական վիճակի կարգավորումը», փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ավելի ուշ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել նախագահ Պուտինի խնդրագրին։ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը նշել է, որ խորհրդի կողմից որոշման ընդունումը դեռ չի նշանակում, որ այն միանգամից կյանքի կկոչվի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Իր հերթին, երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահն առայժմ չի ընդունել Ուկրաինա զորք մտցնելու մասին որոշումը։ «Դա Դաշնային խորհրդի տեսակետն է։ Որոշումը կայացնում է նախագահը, իսկ այն առայժմ չկա»,- նշել է Պեսկովը։

Ուկրաինայի նոր վարչապետ Արսենի Յացենյուկն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի՝ երկիր ներխուժման դեպքում երկու երկրների միջև հարաբերությունները կխզվեն։ Ինչպես հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան, այդ մասին նա ասել է տեղի հեռուստաալիքներով հեռարձակվող հայտարարությունում։ Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարը հույս է հատնել, որ գործը «ռազմական միջամտության» չի հասնի։ Նա նշել է նաև, որ Ուկրաինան պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը, ու կոչ արել Ղրիմի ու երկրի հարավի բնակիչներին թույլ չտալ Ուկրաինայի պառակտումը, գրում Lenta.ru-ն։

Իր հերթին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագուն Ռադայի խոսնակԱլեկսանդր Տուրչինովը երեկոյան հայտնել է, որ ուկրաինական զինուժը բերված է մարտական պատրաստվածության։

Ավելի վաղԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Տուրչինովընշել է, որ Ռուսաստանի վարքագիծը երկրի ինքնիշխանության հանդեպ որպես ուղիղ ագրեսիա է գնահատում։

Նա նաև հավելել է, որ ակնկալում է Ուկրաինայի ռազմավարական գործընկերների աջակցությունը կոնֆլիկտի լուծման հարցում։

Կրեմլից այսօր հայտնել էին, որ ՌԴ-ն անուշադրության չի մատնի Ղրիմի վարչապետի դիմումը, որում նա օգնություն էր խնդրել Ռուսաստանի նախագահից` ինքնավար հանրապետության տարածքում կայունության ապահովման հարցում:

ՄԱԿ անվտանգության խորհուրդը երկրում իրավիճակի հարցով շաբաթ երեկոյան արտահերթ նիստ կանցկացնի, մամուլին տեղեկացրել է կազմակերպությունում դիվանագիտական աղբյուրը։ Դիվանագետները կարծում են, որ նման նիստի անցկացման պատճառը ՌԴ Դաշնային խորհրդի որոշումն էր ռուսական զինուժի՝ Ղրիմ մտցնելը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր Ուկրաինայի հարցով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի մասին։

Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը գործընկերներին կոչ է արել դիմել ՌԴ նախագահին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին հետ կանչելու պահանջով։ Նրա համոզմամբ, ԱՄՆ նախագահը հատել է կարմիր գիծն ու վիրավորել ռուս ժողովրդին։

«Երեկ տարբեր լրատվամիջոցներով լսել ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանը թանկ կվճարի իր վարած քաղաքականության համար։ Մեզ հատնի է, որ Մայդանի զինվորները որոնք գործում էին Կիևում, պատրաստվել են Լիտվայում ու Լեհսստանում։ Հիմա էլ նրանք ուզում են իրենց ազդեցությունը տարածել Ղրիմի ու Ուկրաինայի հարավային շրջանների վրա»,- իր դիրքորոշումը բացատրել է Յուրի Վորոբյովը։

«Կարծում եմ, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկենք, դա կդառնա ուկրանիացիների ողբերգությունը։ Համոզված եմ, որ ԱՄՆ նախագահի բառերն ուղիղ սպառնալիք են, ու նա անցել է կարմիր եզրագիծն ու վիրավորել ռուս ժողովրդին։ Ըստ իս, անհրաժեշտ է ՌԴ նախագահից պահանջել, որ հետ կանչի այդ երկրից Ռուսաստանի դեսպանին», փոխանցում է LifeNews-ը։

Փետրվարի 28-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում հանդիպում էր ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանության խորհրդական դեսպանորդ Նիմչինսկու հետ, որին փոխանցվել է Ուկրաինայի ԱԳՆ-ին ուղղված պատասխան նոտան, կապված Ղրիմում իրադարձությունների վերաբերյալ ուկրաինական կողմի առաջարկության հետ՝ անհապաղ անցկացնել երկկողմ խորհրդակցություններ ՌԴ և Ուկրաինայի միջև 1997-ի մայիսի 31-ի պայմանագրի 7 հոդվածի հիման վրա:

ՌԴ ԱԳՆ նոտայում ասվում է, որ Ռուսական կողմը Ղրիմի իրադարձությունները դիտարկում է որպես ներքաղաքական դեպքերի հետևանք, և այդ համատեքստում անհապաղ երկկողմ խորհրդակցությունների անհրաժեշտություն չի տեսնում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---