Փորձագետ. ՌԴ աջակցությունը Ղրիմին առաջիկա հանրաքվեում շատ սուր կդնի Ղարաբաղի հարցը

Փորձագետ. ՌԴ աջակցությունը Ղրիմին առաջիկա հանրաքվեում շատ սուր կդնի Ղարաբաղի հարցը

PanARMENIAN.Net - Ղրիմի ռուս բնակչության պաշտպանության մասին որոշումը, որն ընդունվեց բարդ պայմաններում, նշանավորեց Ռուսաստանի կողմից պետական ինքնիշխանությանն առնչվող միջազգային իրավունքի նորմերի կարևոր մի միտում: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց Ռուսաստանի Միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը:

Ըստ նրա, տասնամյակներ շարունակ վեճն այն մասին, թե ինչն է առաջնային՝ ժողովրդների ինքնորոշումը, թե տարածքային ամբողջականությունը, վառ արտահայտված քաղաքական աստառ ուներ և բազմաթիվ բանակցություններ անհուսալի փակուղի էր տանում: Դա նման է այն հարցին, թե ի՞նչն է սկզբից ելել. հավը թե ձուն, որը մտավարժանքների հնարավորություն է տալիս բանավեճերի սիրահարներին:

«ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ղրիմի ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի քաղաքական (չեմ կասկածում, որ իրավաբանականը կհաջորդի դրան) ընդունումը, հստակ նշանավորեց միջազգային իրավակիրառության դաշտում առկա միտումը: Այսպիսով, Ռուսաստանը կրկին հաստատում է, որ, առնվազն, ԽՍՀՄ նախկին տարածքում, գերակա են նորմերը, որոնք երաշխավորում են ժողովրդների ինքնորոշման իրավունքը: Ակնհայտ դարձավ նաև ոչ միանշանակ վերաբերմունքը նախկին խորհրդային հանրապետությունների սահմաններին, որոնք փոփոխվել են խորհրդային տարիներին: Ուկրաինայում չկան նախադրյալներ մեծ պատերազմի համար: Ռուս զինվորականների ներկայությունն ուղղակի կնշի վաղուց արդեն գոյություն ունեցող պառակտման գիծը և պետք է որ թույլ տա խուսափել սադրանքներից: Սակայն Ղրիմի նախադեպն ինքնին բավականին վառ հեռանկարներ ունի»,- ասաց նա:

Ըստ Դվորնիկովի, առաջին հերթին դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանից շուտ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Ընդունված որոշումների միջազգային օրինականացումն առաջին հերթին հիմնված է հետևողականության վրա: Ուստի ՌԴ աջակցությունը Ղրիմին առաջիկա հանրաքվեի հարցում շատ սուր կդնի Ղարաբաղի հարցը: Ինչպես հայտնի է, հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում շատ հատկանիշներով նման է Ղրիմի իրավիճակին: Նման է պատմական բաղադրիչը. Խորհրդային իշխանությունների կողմից մի ժողովրդի բուն պատմական հողերի նույնպիսի չմտածված փոխանցում մեկ այլ ազգային հանրապետությանը: Սրան գումարած ակտիվ, տարիների պայքարով հաստատված, շարժումն անկախության ու հարևանի հետ խաղաղ գոյակցության համար»,- ասաց նա:

Դվորնիկովի համոզմամբ, այսօր ՌԴ շատ քաղաքացիներ, չնայած Ուկրաինայում տիրող տագնապալի իրավիճակին, ոգեշնչված են: Առաջին հերթին այն հանգամանքով, որ ՌԴ վերնախավը վերջապես լրջորեն ուշադրություն դարձրեց ռուս բնակչությանն ու եղբայրական ժողովրդներին պաշտպանելու անհրաժեշտությանը: Ակնկալիքները մեծ են, ինչպես երբեք: Այդ թվում նաև Ռուսաստանի արտերկրի դաշնակիցների մոտ: Ուստի, անհրաժեշտ են վճռականություն ու հետևողականություն:

«Ղրիմի ու Ուկրաինայի ռուսաբնակ տարածաշրջանների հարցերին պետք է հաջորդեն միանշանակ ու անզիջում որոշումներ Լեռնային Ղարաբաղի հարցում: Հակառակ դեպքում, նման որոշումների հետևողականությունն ու անաչառությունը մեծ կասկածներ կհարուցեն»,- եզրափակեց Դենիս Դվորնիկովը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---