Բաքուն հետ վերադարձրեց Ադրբեջանում գերեվարված Խոջոյանին․ Նա բազմաթիվ վնասվածքներ ունի (թարմացված)

Բաքուն հետ վերադարձրեց Ադրբեջանում գերեվարված Խոջոյանին․ Նա բազմաթիվ վնասվածքներ ունի (թարմացված)

PanARMENIAN.Net - Բաքուն վերադարձրել է Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանին։ Ինչպես տեղեկացնում են ԿԽՄԿ Հայաստանյան գրասենյակից, անձը հայաստանյան պաշտոնյաների խնամքին է հանձնվել ադրբեջանական Ղազախի և հայկական Իջևանի միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են վերջինիս մինչև հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրահանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ին հաստատել էր վերադարձման մասին տեղեկությունները՝ նշելով, որ հարցով զբաղվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), ովքեր արդեն մեկնել են սահման։

ՊՆ-ն երեկոյան հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցներով նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում: Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով պետհանձնաժողովի մամուլի քարտուղար Շահին Սահիլովն ադրբեջանական APA-ին ասել էր, որ այսօր՝ մարտի 4-ին, պլանավորվում է Մամիկոն Խոջոյանին հետ վերադարձնել հայկական կողմին՝ նշելով, որ հարցով զբաղվում է ԿԽՄԿ-ն։

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրություն: ՊՆ-ից հայտնել էին, որ այդ հատվածում տեղակայված զորամասերում ոչ մի բացակա զինվոր չկա: Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին: Արդյունքներ դեռ չկան:

ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան փետրվարի 25-ին անդրադարձել էր Խոջոյանի հարցով բանակցություններին՝ նշելով, որ Կարմիր Խաչը կարող է հետ վերադարձնել գերուն, երբ կողմերն այդ մասին համաձայնության գան, բայց կարևոր է նաև գերու համաձայնությունը:

Բանակցություններ են տարվում նաև 2013-ի օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցով:

Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է 2013-ի օգոստոսի 8-ից, երբ չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---