Մասաչուսեթսի Խորհուրդը մերժել է դատավորի թեկնածությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Մասաչուսեթսի Խորհուրդը մերժել է դատավորի թեկնածությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի Խորհուրդը մերժել է դատավոր Ջոզեֆ Բերմանի թեկնածությունը, որն առաջադրվել է ամերիկյան Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկի կողմից Առաջին ատյանի գլխավոր դատավորի պաշտոնում: Նահանգապետը հայտարարել է, որ հիասթափված է Խորհրդի որոշումից, քանի որ Բերմանը «որակավորում ունեցող դատավոր է»:

Դիմակայությունը գլխավորում էր խորհրդի անդամ Մերիլին Պետիտո Դիվեյնին Ուոթերթաունից, որտեղ մեծ հայկական համայնք կա: Նա դեմ էր Բերմանի կապերին Հակադիֆամացիոն լիգայի հետ, քանի որ ADL-ն հրաժարվեց ցեղասպանություն ճանաչել 1,5 մլն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում: Խորհրդի ձայները, որը բաղկացած է 8 մարդուց, կիսվեցին՝ 4-ը կողմ էին, 4-ը՝ դեմ:

Ինչպես գրում է Boston Herald-ը, նահանգաի խորհուրդը դեռ 2013 թ. դեկտեմբերին չքվեարկեց վիճահարույց թեկնածուին դատավորի պաշտոնում նշանակելու համար, քանի որ նա մի կազմակերպության անդամ է, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը:

2013 թվականի ապրիլի 10-ին Ներկայացուցիչների պալատը և Մեն նահանգի Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին: Բանաձևը նաև կոչ է անում նախագահին ու ԱՄՆ Կոնգրեսին նպաստել ԼՂՀ կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերում, ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում:

Անցյալ տարվա վերջում Մասաչուսեթսի կրթության միացյալ կոմիտեն հասարակական լսումներ անցկացրեց ցեղասպանության պարտադիր ուսումնասիրության վերաբերյալ, որը ստացավ Մասաչուսեթսի Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը: Օրինագիծը ներկայացրել է նահանգի կոնգրեսական Ջոնաթան Հեղթը (D- Watertown ) և պահանջում է ուսումնասիրել ցեղասպանությունները, որոնք պետք է ներառվեն բոլոր պետական դպրոցների պատմության ծրագրերում:

2012 թվականին Բոստոնում բացվեց Հայ ժառանգության զբոսայգի:

Հակադիֆամացիոն լիգան ամերիկյան իրավապաշտպան հասարակական-քաղաքական կազմակերպություն է, որը հակադրվում է հակասեմականությանը և հրեաների հանդեպ անհանդուրժողականության այլ դրսևորումներին: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: Տարեկան բյուջեն կազմում է 50 մլն դոլար, տնօրենն է Աբրահամ Ֆոքսմանը, որը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է աշխարհի շատ երկրների և ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 Ուշագրավ
Փաստաթղթում ասվում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը
«Այս ժողովրդի տառապանքին պետք է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ և անկախ երկիր ունենալուն»,-ասել է նախագահ Մարտին Գարիտանոն
Հավրեզք գյուղը հիմնվել է 1920-ականներին Վանի ինքնապաշտպանության մասնակից Լևոն Շաղոյանի ջանքերով