Խոջոյանի վերադարձից 3 օր անց գերի է ընկել նրա բարեկա՞մը (թարմացված)

Խոջոյանի վերադարձից 3 օր անց գերի է ընկել նրա բարեկա՞մը (թարմացված)

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվականներում տեղեկություն է տարածվում, որ «Թովուզի շրջանում, երկաթգծի մոտակայքում» հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ ևս մեկ քաղաքացի են ձերբակալել։

Ադրբեջանական APA-ին երկրի Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովն ասել է, որ Հայաստանի քաղաքացին 20-22 տարեկան է, ինքնությունը դեռ հաստատված չի։

Նրա խոսքով, ձերբակալվածին, ով հայերենից բացի այլ լեզու չգիտի, այժմ տեղափոխում են Բաքու։

ՀՀ ՊՆ-ում առայժմ տեղեկությունը չեն հաստատում։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը միայն նշել է, որ այդ ուղղությամբ որևէ զինծառայող սահմանը չի հատել։

Ադրբեջանական Haqqin.Az-ը գրում է, որ երիտասարդի անունը Արսեն Խոջոյան է:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետն ասել է, որ իրենց գյուղում բնակվում է այդ նույն անուն ազգանունով երիտասարդ, որի գտնվելու վայրն այժմ անհայտ է, տեղեկացնում է «Արմնյուզը»: Նա հունվարի 28-ին Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի բարեկամն է:

Մարտի 4-ին Բաքուն հետ էր վերադարձրել Ադրբեջանում մեկ ամսից ավելի գերեվարված Հայաստանի քաղաքացուն։ Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել էր: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրությունը: Պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին:

Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Առողջապահության նախարարը մարտի 6-ին հանձնարարել էր բժշկական կոնսիլիում կազմակերպել՝ գերեվարությունից հայրենիք վերադարձած Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Ավելի ուշ առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը տեղեկացրել էր, որ Խոջոյանը կտեղափոխվի Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ հաշվի առնելով այն, որ նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք կա։

Մամիկոն Խոջոյանի վիճակն այժմ կայուն ծանր է, այսօր՝ մարտի 7-ին, ասել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովը, գրում է Panorama.am-ը:

«Շփվում է հարազատների հետ, բուժանձնակազմի հետ առանձնապես չի շփվում: Նրան հետազոտել ենք: Որոշ ժամանակ անց ձեռքի կոտրվածքի հետ կապված վիրահատություն կլինի»,- ասել է նա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անմիջապես կազմվել էր հետազոտման պլան: Կատարվել են կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շետրագրում:

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։

«Մամիկոն Խոջոյանին գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։

2013-ի օգոստոսի 8-ից գերության մեջ է նաև զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---