12  10.03.14 - Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Իվան Մրկիչի համատեղ մամուլի ասուլիսը

ՀՀ ու Սերբիայի ԱԳ նախարարները ԵԱՀԿ ՄԽ-ի, Կոսովոյի անկախության ու Մադրիդյան սկզբունքների մասին

ՀՀ ու Սերբիայի ԱԳ նախարարները ԵԱՀԿ ՄԽ-ի, Կոսովոյի անկախության ու Մադրիդյան սկզբունքների մասին

PanARMENIAN.Net - Երևանում է Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը, ով այսօր արդեն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ առանձնազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։

Հայաստանի ու Սերբիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաձանազրույցից հետո մամուլի ասուլիսին նախարարները նախ ընդգծել են երկկողմ գործակցությունն առավել ամրապնդելու, ընդլայնելու ու խորացնելու անհրաժեշտությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Նախարար Նալբանդյանի խոսքով, երկակի հարկումից խուսափելուն վերաբերող համաձայնագիր են ստորագրել։

Ի թիվս այլ հարցերին Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Ուկրաինայում զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։ Նախարարի խոսքով, Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակով՝ նախագահն է խոսել դրա մասին: «Հուսով ենք, որ բոլոր հնարավոր քայլերը կձեռնարկվեն, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը»:

Անդրադառնալով հրապարակումներին, թե Հայաստանի կողմից գրառում չի կատարվել Ուկրաինայի դեսպանատը բացված սգո մատյանում, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դրանք անտեղի շահարկումներ են։

«ԱԳ նախարարությունը իր խոսնակի միջոցով ցավակցություն է հայտնել Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ»,- նշել է նա՝ հավելելով, որ մատյանի բացման կապակցությամբ ԱԳՆ-ն Երևանում Ուկրաինայի դեսպանությունից նոտա է ստացել, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանի բացման հաջորդ օրը։

«Նույն օրն ԱԳՆ ներկայացուցիչը խոսել է Ուկրաինայի դեսպանի հետ, ու վերջինս ըմբռնումով է մոտեցել՝ հայտագիրն իրոք ուշացումով է ստացվել»:

Հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք ՀԱՊԿ ձևաչափում ուկրաինական ճգնաժամը, իսկ եթե ոչ, ու թե քննարկվի, ապա ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Հայաստանը, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, թե բնական է, որ ՀԱՊԿ շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, որովհետև արտաքին քաղաքականությանը կոորդինացնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա:

«Երբ նման քննարկումներ լինեն, այդ ժամանակ կտեսնենք` ինչպիսի զարգացումներ կլիացնեն, և համապատասխան ինչպիսի դիրքորոշումներ կարտահայտվեն»։

Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն էր, որը պետական հեղաշրջման նշաններ ուներ։ Գերագույն Ռադան իշխանաթող էր արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունն ու երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին, նոր ընտրույթունները նշանակված են մայիսի 25-ին։ Յանուկովիկը հայտարարել էր, թե ստիպված էր լքել երկիրը, քանի որ իր և հարազատների կյանքին վտանգ էր սպառնում, բայց շարունակում է մնալ լեգիտիմ ընտրված նախագահ։

Ուկրաինայի հարավի ու արևելքի որոշ տարածաշրջաններ, ինչպես նաև Ղրիմը չէին ընդունել Ռադայի որոշումների լեգիտիմությունը, հայտարարելով՝ Յանուկովիչի պաշտոնանկությունն օրինական չէ․ որոշվել էր այդ տարածաշրջաններում հանրաքվե անցկացնել։

Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե այսօր՝ մարտի 10-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարարին, Էդվարդ Նալբանդյան տեղեկացրել է, որ վաղը՝ Մոսկվայում, ինքն էլ կհանդիպի նրանց:

«Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ»,- նշել է Նալբանդյանը:

Փետրվարի 22-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպմանը շարունակել էին քննարկել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիները։

Իր հերթին սերբ նախարարը նշել է, որ Սերբիան սատարում է ԼՂ խնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքներին: Նա համաձայն է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։

«Սերբիան երախտապարտ է Հայաստանին` Կոսովոյի վերաբերյալ իր դիրքորոշման համար: Այժմ կայունություն ապահովելու համար բանակցում ենք Պրիշտինայի վարչակարգի ներկայացուցիչների հետ, բայց մտադիր չենք ճանաչել Կոսովոն: Այսօր այդ առթիվ ևս վերահաստատել ենք մեր վերաբերմունքը, բայց գնահատելի է Կոսովոյի հարցում Հայաստանի դիրքորոշումը և շնորհակալ ենք դրա համար»,- նշել է նախարար Մրկիչը:

2008-ի փետրվարի 17-ին Կոսովոյում ալբանական իշխանությունը հայտարարել էր Սերբիայից անկախացման մասին, նրանք խորհրդարանում համապատասխան հռչակագիր էին ընդունել։ Սերբիան չէր ընդունել ինքնահռչակված հանրապետությունը, բայցև չէր կարող խանգարել գոևրծընթացին, Այժմ Կոսովոյի անկախությունը ճանաչել է ավելի քան 100 պետություն։

Խոսելով Հայաստան-Սերբիա տնտեսական փոխգործակցության զարգացման մասին, Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ հանդիպմանն անդրադարձել են նաև տնտեսական գործակցության զարգացմանը։ Ըստ նրա, ուղղությունները շատ են։

«Օրինակ, կարող է լինել տուրիզմը։ Այդ բնագավառում պատրաստում ենք համաձայնագիր կնքել: Դա կարող է լինել և արդյունաբերության, բանկային բնագավառներում»,- ասել է նա՝ հավելելով, որ մարտի 11-ին կայանալիք բիզնես-ֆորումին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր կքննարկվեն: Իր հերթին Իվան Մրկիչը նշել է, որ այսօր ՀՀ հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, բայց հետագա գործակցության համար իրավական դաշտ է պետք.

«Սերբիայում ապրող հայերը համարվում են սերբերի եղբայրները, ցանկանում ենք, որ Սերբիայի արտաքին քաղաքականությունը արտացոլի այդ զգացմունքները։ Անհրաժեշտ է իրավական դաշտ` համատեղ ծրագրերն իրականացնելու համար»,- նշել է Սերբիայի ԱԳ նախարարը, գրում է «Առավոտ»-ը:

Նա նաև անդրադարձել է Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված Բրյուսելյան համաձայնագրին՝ նշելով, որ դա առաջին համաձայնագիրն էր, որը բանակցվեց և ավարտին հասցվեց․ բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ նպատակն է կայունացնել տարածաշրջանը։

«Փորձում ենք խաղաղեցնել տարածաշրջանը և որդեգրել կանոններ, որոնք մեզ թույլ կտան գործակցել Պրիշտինայի վարչակարգի ներկայացուցիչների հետ, բայց քանի որ խոսքը վերաբերում է Բելգրադին` ստեղծել պայմաններ, որպեսզի վերապրի և բարգավաճի սերբ համայնքը Կոսովոյում և Մետոքիայում, ոչ միայն սերբ համայնքը, այլև բոլոր ոչ ալբանացիները ևս»:

Սերբիան հունվարից կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը։ Երկրի ԱԳ նախարարի վստահեցմամբ կողմնապահություն չի լինի, ջանքեր կկիրառեն` հարգելով բոլոր անդամ երկրների իրավունքները: Սերբիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ կփորձեն իրավիճակը բարելավել այն վայրերում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա:

Եզրափակելով, նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ շուտով կհամալրենք մեր իրավապայմանագրային դաշտը, ինչպես նաև, որ հաջորդ այցելությանը պատրաստ կլինեն ստորագրմանն այն համաձայնագրերը, որոնց վրա այժմ աշխատում են։

Հղումներ թեմայով.
3  10.03.14 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության ԱԳ նախարար Իվան Մրկիչին
 Ուշագրավ
Ռուսաստանը, նախաձեռնելով այս նախագիծը, ավելի մեծ պատախանատվություն է ստանձնում, քան ԵՄ-ն՝ առաջարկելով ասոցացման ծրագիրը, ասվում է զեկույցում
97 կողմ և առանց դեմ ու ձեռնպահ ձայների երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նաև «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը
Կստեղծվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն
Փարիզյան ելույթով Էրդողանը կարծես վերջ դրեց ապրիլին սկսված խաղին, որտեղ փորձում էր հաշտեցման եզրեր գտնել ու Ցեղասպանության մեղքի մի մասն էլ բարդել հայերի վրա