Մամեդյարովը՝ ԵԱՀԿ ՄԽ-ին․ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության բազմակողմ համաձայնագիր ստորագրել

Մամեդյարովը՝ ԵԱՀԿ ՄԽ-ին․ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության բազմակողմ համաձայնագիր ստորագրել

PanARMENIAN.Net - «Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր»,- տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը՝ հավելելով, որ հանդիպմանն անհանգստություն են հայտնել հիմնախնդրի կարգավորման շուրջ։

Նրա խոսքով, Մամեդյարովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է խաղաղության բազմակողմ համաձայնագիր ստորագրել։ Բացի այդ, ադրբեջանցի նախարարն առիթ բաց չի թողել ևս մեկ անգամ խոսել իրենց դիրքորոշման մասին, համաձայն որի «խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար առաջին հերթին անհարժեշտ է, որ Հայաստանն «օկուպացված տարածքներից» հանի իր զորքերը, գրում է ադրբեջանական APA-ն։

Մամեդյարով-համանախագահներ հանդիպումը մարտի 10-ին էր։ Դրան մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) ու Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել, թե այն ժամանակ, երբ համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, հայկական և ադրբեջանական կողմերի միջև կարող է սրվել լարվածությունը: «Արդյո՞ք մենք անհանգստության առիթ ունենք», - գրել է ամերիկացի դիվանագետը:

Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է եղել, որը պետական հեղաշրջման նշաններ ուներ։ Գերագույն Ռադան իշխանաթող է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունն ու երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին, նոր ընտրույթունները նշանակված են մայիսի 25-ին։ Յանուկովիկը հայտարարել է, թե ստիպված էր լքել երկիրը, քանի որ իր և հարազատների կյանքին վտանգ էր սպառնում, բայց շարունակում է մնալ լեգիտիմ ընտրված նախագահ։

Ուկրաինայի հարավի ու արևելքի որոշ տարածաշրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ընդունել Ռադայի որոշումների լեգիտիմությունը, հայտարարելով՝ Յանուկովիչի պաշտոնանկությունն օրինական չէ․ որոշվել է այդ տարածաշրջաններում հանրաքվե անցկացնել։

Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։

Ջեյմս Ուորլիքը նաև մեկնաբանել է նախօրեին` մարտի 10-ին, Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը. «Մենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ խաղաղ կարգավորման որոշ հիմնախնդիրների շուրջ արդյունավետ բանակցություններ ենք անցկացրել»,- գրել է ամերիկացի միջնորդը:

Նա նաև հույս է հայտնել առաջիկա ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ. «Միայն նրանք կարող են լուծել խաղաղ գործընթացի ամենակարևոր հարցերը»,- իր Twitter-ում գրել է Ուորլիքը:

Մարտի 11-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՀԿ համանախագահներ Իգոր Պոպովի(Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանիսա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին նախօրեին Նալբանդյանը հայտնել է Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ»,- նշել է Նալբանդյանը:

Փետրվարի 22-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպումից հետո ամերիկացի համանախագահը twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ գոհ է նախարար Նալբանդյանի հետ բանակցութունների շարունակությամբ. «Պիտի աշխատենք խաղաղության հասնելու համար»,- նշել էր Ջեյմս Ուորլիքը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---