Ռուս փորձագետ. Ղրիմի և Արցախի ընդհանրությունը նախադեպային լինելն է

Ռուս փորձագետ. Ղրիմի և Արցախի ընդհանրությունը նախադեպային լինելն է

PanARMENIAN.Net - «Որաշակի ընդհանրություն կա Արցախի և Ղրիմի միջև: Առաջին հերթին դա նախադեպային լինելն է: Սա շատ կարևոր կողմ է: Մեզ մոտ Արևմտյան օրենքի ամբողջ համակարգը կառուցված է նախադեպերի վրա: Անգլիայի ու ԱՄՆ-ի իրավաբանական գրասենյակներում աշխատում են իրավաբանների օգնականներ, որոնց հիմնական զբաղմունքը իրենց հաճախորդի համար շահավետ դատարանի վճիռ գտնելն է: Հենց սա է հավասարությունը (հաճախ` երևակայական)` եթե նրան կարելի է, ապա ինչու ոչ ինձ»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է Alte et Certe վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը: Նրա կարծիքով, եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, կդառնա հզորագույն նախադեպ և Երևանի ու Ստեփանակերտի մոտ հարցը հենց այդ կերպ լուծելու գայթակղություն կառաջանա: Վերլուծաբանի կարծիքով, հենց դրանում է նմանությունը:

«Բայց կա նաև տարբերություն: Եթե այդ միավորումը կայանա, այն շատ լուրջ փոփոխություն կմտցնի ամբողջ հետբալթյան միջազգային իրավունքի ու խաղաղության համակարգում, որը կառուցված է սահմանների անխախտելիության սկզբունքի վրա: Թեև այս սկզբունքից շեղումներ Եվրոպայում քիչ չեն եղել, բայց միայն պետությունների հատվածների ինքնիշխանության ճանաչման տեսքով, բայց ոչ երբեք մեկ այլ պետությանը միանալու պայմանով: ԱՄՆ-ն իրեն չի բռնակցել Կոսովոն: Իսկ հիմա նոր նախադեպ է ձևավորվում, իսկ համակարգը կոտրելը միշտ էլ բարդ է: Այդ անել փորձող կողմը միշտ էլ ճնշումների է ենթարկվում գործող կանոնները պահպանել ձգտող ուժերի կողմից: Իրավիճակն այնպես է դասավորվել, որ Ռուսաստանը քիչ խոցելի կողմ է նման ուժերի համար: Ռազմական հակամարտություն այսպես թե այնպես չի լինի, տնտեսականը ավելի շատ կվնասի այդ անել փորձող երկրներին, իսկ քաղաքականն էլ այդքան սարսափելի չէ»,- ընդգծել է Եպիֆանցևը:

Նա նաև կարծում է, որ Ռուսաստանը համակարգը կոտրելու հնարավորություն ունի. «Իսկ Հայաստա՞նը: Արդյո՞ք այն իրեն բավական ուժեղ ու անխոցելի է համարում, որ չվախենա ուժեղների ճնշումներից: Հատկապես աշխարհագրական դիրքը հաշվի առնելով: Պատրա՞ստ են նրա քաղաքացիները տուժել տնտեսական պատժամիջոցների արդյունքում վատթարացող տնտեսական դրությունից: Նրանք պատրա՞ստ են Ադրբեջանի հետ պատերազմի, որը, ամենայն հավանականությամբ, կհաջորդի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նման ճանապարհի ընտրությանը: Ես չգիտեմ այս հարցերի պատասխանները, սրանց միայն Հայաստանը կարող է պատասխանել»,- ասաց ռուս վերլուծաբանը:

Մարտի 11-ին արտահերթ նիստի ընթացքում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «ՂԻՀ և Սևաստոպոլ քաղաքի Անկախության հռչակագիրը»: Հռչակագրի ընդունմանը կողմ է քվեարկել Գերագույն խորհուրդի քվեարկությանը մասնակցած 81 պատգամավորներից 78-ը:

Արցախի Հանրապետությունը անկախությունը հռչակել է 1991-ի սեպտեմբերի 2-ին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---