Հայաստանը կմասնակցի ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակմանը

Հայաստանը կմասնակցի ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 13-ին, ընդունել է մաքսային գործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինին, ում հետ քննարկել են Մաքսային միությանը և Եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային գործակցությանը և մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին զեկուցել են այդ ուղղությամբ անցկացված քննարկումների արդյունքների մասին: Վլադիմիր Գոշինը մանրամասներ է ներկայացրել ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի:

Գործընթացը համակարգում է ՄՄ անդամ երեք երկրների փոխնախարարների մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի աշխատանքներին այսուհետ կողմերի պայմանավորվածությամբ կմասնակցեն նաև հայկական կողմի ներկայացուցիչները:

Նախօրեին վարչապետն ընդունել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:

Հանդիպմանը քննարկվել էին «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտել մինչև մարտի վերջ:

Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը:

«Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը։

Մարտի 1-ին մամուլի ասուլիսին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ապրիլի կեսին ավարտին կմոտենա ՄՄ-ին անդամակցության «Ճանապարհային քարտեզի» իրագործումը: Նա հավելել էր, որ զուգահեռ մշակվում է նաև համաձայնագիրը:

Հարցին, թե ինչու է Հայաստանն այդքան շտապում անդամակցել ՄՄ-ին, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշել էր, որ Հայաստանը չի արագացնում անդամակցության գործընթացը, այլ ուղղակի շատ երկար ու լուրջ ճանապարհ է անցել մինչ այս որոշման կայացումը:

Շավարշ Քոչարյանն իր հերթին նշել էր, որ շուտով կսկսվի բանակցային գործընթացը ՄՄ անդամ երկրների հետ Հայաստան երրորդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսային տուրքեր չփոխելու շուրջ: Նա հավաստիացրել էր, որ ՀՀ ու ՄՄ տնտեսական տարածքի միջև ֆիզիկական սահմանի բացակայությամբպայմանավորվածբոլոր խնդիրները կկարգավորվեն։

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---