USB մոդեմ տրամադրող ընկերությունները խիստ նախազգուշացվել են

USB մոդեմ տրամադրող ընկերությունները խիստ նախազգուշացվել են

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է շարժական մոդեմի (USB) միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտն ու բացահայտել մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:

«Մասնավորապես, վերոնշյալ ընկերություններն իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել»,- ասել է ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության իրավաբան Արսեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ կապի ոլորտում գործող ընկերություններն իրենց վարքագծով խախտում են օրենքը, ըստ որի` ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում: Այսինքն՝ մոդեմը ձեռք բերելիս՝ քաղաքացիները տեղեկացված չեն այս պայմանների մասին, գրում է Tert.am-ը:

Որոշակի բարդություններ են առաջանում նաև, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Գործընթացը ընկերությունների կողմից հաճախ արհեստականորեն երկարացվում է: Արդյունքում վերջիններս, որևէ ծառայություն չմատուցելով, եկամուտ են ստանում: Մինչդեռ, ըստ ՏՄՊՊՀ-ի, բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է: Արդյունքում` «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

ՏՄՊՊՀ մարտի 14-ի նիստում քննարկվել է նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» ընկերությանը տուգանելու հարցը: Հանձնաժողովի կողմից իրականցված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս կամ այն հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսանալու մասին հայտարարությունները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը:

«Վեստա» խանութը գովազդում է, որ «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում: ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունը Հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ այս սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկերների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ» լինելու հանգամանքը: Օրենքի խախտման, հասարակությանը մոլորեցնելու և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար «Վեստա» ընկերությունը տուգանվել է 15 մլն դրամի չափով, հայտնում են ՏՄՊՊՀ մամուլի բաժնից:

ՏՄՊՊՀ նիստում քննարկվել է նաև Շվեյցարական «Հելվելեքս»ընկերության և «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերության միավորման հարցը և մերժվել:

Շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը համակենտրոնացման նպատակով դիմել է ՏՄՊՊՀ` տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և խնդրում է Հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար:

Սակայն պարզել է, որ «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 000 շվեցարական ֆրանկ, և ընկերությունը ցանկանում է 22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը:

Ի պատասխան Հանձնաժողովի հարցադրումների, թե շվեցարական ընկերությունը, չունենալով միջոցներ, ում հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնել: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս գործարքը խնդրահարույց է. տնտեսվարողները չեն ցանկանում բացահայտել իրական շահառուին և չի բացառվում, որ գործարքը կեղծ է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---