17 մարտի 2014 - 14:06 AMT
Բժիշկները Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար են գնահատում

Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը տեղեկացրել է, որ նա արդեն քայլում է և նորմալ շփվում, գրում է Panorama.am-ը:

Բժիշկները նախատեսում են այս շաբաթ վիրահատել Խոջոյանին:

Մարտի 7-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն էր տարածվել, որ «Թովուզի շրջանում, երկաթգծի մոտակայքում» հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ ևս մեկ քաղաքացի է ձերբակալել։ Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովն ասել էր, որ Հայաստանի քաղաքացին 20-22 տարեկան է։ Նրա խոսքով, ձերբակալվածին, ով հայերենից բացի այլ լեզու չգիտի, տեղափոխում են Բաքու։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվականները սկսեցին գրել, որ ձերբակալվածը 1991-ին ծնված Արսեն Խոջոյանն է։

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը տեղեկացրել էր, որ գյուղում այդ անուն ազգանունով երիտասարդ է բնակվում, որի գտնվելու վայրն այժմ անհայտ է։ Նա հունվարի 28-ին Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի բարեկամն է, ում ադրբեջանական իշխանությունները Կարմիր խաչի միջնորդությամբ մարտի 4-ին վերադարձրել էին: Ըստ շրջանառվող տարբերակներից մեկի, երիտասարդն ուժեղ մառախուղի պատճառով մոլորվել էր։Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալված հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդի» մասին։

Արսեն Խոջոյանի հարցաքննության կամ առողջական վիճակի մասին պաշտոնական ոչ մի հայտարարություն Բաքվի կողմից դեռևս չի եղել:

Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել: Վնասվածքների ու կոտրվածքների մասին ադրբեջանական լրատվականներում ավելի վաղ խոսք անգամ չէր եղել, ինչը վկայում է, որ դրանք ձեռք են բերվել գերությունում գտնվելու ժամանակ։ Մարտի 7-ին ծերունուն Իջևանի հիվանդանոցից բերել էին Երևան՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանումնք։ Մարտի 10-ին հայտնի է դարձել, որ Խոջոյանն արդեն վնասվածքաբանության բաժանմունքում է: Ինչպես ասել է վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովը, ի տարբերություն սկզբնական շրջանի նա արդեն շփվում է հարազատների հետ, ինչպես նաև պատասխանում բժիշկների հարցերին Իսկ կվիրահատեն արդյոք Խոջոյանին, թե՝ ոչ, կորոշեն վնասվածքաբանները:

Բժշկական կենտրոն հիվանդին տեղափոխելուց անմիջապես հետո կազմվել էր հետազոտման պլան: Կատարվել էին կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև գլխի համակարգչային շերտագրում:

2014-ի հունվարի 28-ին ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև մարտի 4-ը: