ԵԽԽՎ-ում կքննարկեն Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի կամ 3-րդ երկիր տեղափոխման հարցը

ԵԽԽՎ-ում կքննարկեն Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի կամ 3-րդ երկիր տեղափոխման հարցը

PanARMENIAN.Net - ԱԺ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մարտի 5-ին հայ գերիների հարցով նամակով դիմել էր ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին` խնդրելով, որ ուղղակիորեն օգտագործելով իր իրավասությունը, ազդեցությունը, անի հնարավորը, որպեսզի Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանը Հայաստան կամ երրորդ երկիր տեղափոխվի: Զոհրաբյանը նամակում նշել էր, որ Ադրբեջանում անցկացրած յուրաքանչյուր օրը Հակոբի կյանքին ուղղակիորեն սպառնալիք է:

Արդեն այսօր՝ մարտի 19-ին, պատգամավորը տեղեկացել է, որ Հակոբ Ինջիղուլյանի գործով իր հարցադրումը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը ստացել է, և ապրիլի 7-ին` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, պատասխանները պատրաստ կլինեն, գրում է Panorama.am-ը:

2013-ի օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվել էր հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա, իբր, պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվել էր երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ ռազմագերին հայտարարել էր, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս նշել է, որ եթե Ինջիղուլյանը վերադառնա հայրենիք՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի իր արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Իմիջիայլոց, մինչ օրս ադրբեջանական գերությունից վերադարձած ՀՀ ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

Հարցին` արդյոք ակնկալիք ունի, որ պատասխանը սպառիչ է լինելու, պատգամավորը նշել է. «Օրերս Փարիզում կայացած Միգրացիայի և փախստականների հանձնաժողովի նիստի ժամանակ հարց եմ բարձրացրել, որպեսզի ԵԽԽՎ կանոնադրության մեջ կատարվի փոփոխություն: Այդ կանոնադրական առաջարկը ապրիլի 7-ին պաշտոնապես կներկայացնեմ, որպեսզի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի մանդատն ընդլայնվի և նա ուղղակիորեն իրավասություն ունենա Կարմիր խաչին համահավասար զբաղվելու ԵԽ անդամ երկրներում անհայտ կորածների, գերիների և ռազմագերիների խնդիրներով»:

Զոհրաբյանի խոսքով, մինչև հիմա, երբ նման խնդիրներով դիմում ես հանձնակատարին, նա պատասխանում է, թե նման մանդատ չունի, այն ԿԽՄԿ-ինն է. «Բայց պետք է ընդունենք, որ շատք դեպքերում Կարմիր խաչի ջանքերը բավարար չեն, որովհետև Ադրբեջանը տորպեդահարում է ԿԽՄԿ աշխատանքները հենց Ադրբեջանում, որտեղ այսօր պահվում են հայ գերիներ, ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք: Եվ ուղղակի աբսուրդ է, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը չունի այդ մանդատը»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Ադրբեջանը կամ այլ երկրներ, որտեղ կա անհայտ կորածների կամ գերիների խնդիրը, և եթե դրանք ԵԽ անդամ են ու վավերացրել են գերիներին, ռազմագերիներին ու անհատ կորածներին ուղղակիորեն վերաբերող բոլոր միջազգային կոնվենցիաները, ապա ԵԽԽՎ-ն պետք է ունենա նաև նրանցից հարցերի պատասխաններ պահանջելու մանդատ.

«Օրինակ` ինչու են Հակոբ Ինջիղուլյանին հագցրել ադրբեջանական բանակի համազգեստ, ինչու են կոտրել 77-ամյա ծերունու ոսկորները և հրազենային վնասվածքներ հասցրել նրան, ինչու են խոշտանգել ու դաժանաբար սպանել հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին»,- նշել է նա:

Նաիրա Զոհրաբյանը մարտի 16-ին Փարիզում մասնակցել էր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել էր ռազմական կոնֆլիկտների և սառեցված հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների և գերիների խնդիրը։

Հայ պատվիրակը ելույթ էր ունեցել` ուրախությամբ նշելով, որ Վեհաժողովը սկսել է առավել հաճախ անդրադառնալ տարբեր ռազմական կոնֆլիկտների, սառեցված հակամարտությունների ժամանակ անհետ կորածների, գերիների խնդիրներին։

«Իրավունք չունենք ասելու, թե այդ հարցերով զբաղվում է Կարմիր խաչը և մենք անելիք չունենք։ Սա շատ վտանգավոր թեզ է, որովհետև մեր կառույցի հիմնարար սկզբունքներից մեկը հենց մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Մասնավորապես, գերիների, ռազմագերիների խնդրով զբաղվելու հարցում բնավ չեմ ուզում կասկածի տակ առնել Կարմիր խաչի իրապես կարևոր առաքելությունն ու գործունեությունը, սակայն, եկեք լինենք անկեղծ՝ միշտ չէ, որ ԿԽՄԿ ջանքերը անհրաժեշտ չափով արդյունավետ են լինում․ օրինակ, Կարմիր խաչը կարող է բախվել մի այնպիսի պետության իշխանության գործելաոճի հետ, ինչպիսին Ադրբեջանն է»,- ասել էր Զոհրաբյանը։

Պատվիրակը հիշեցրել էր, որ Ադրբեջանում ռազմական գերության մեջ է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ինչպես նաև` քաղաքացիական այլ անձինք։ Նա նշել էր, որ Ադրբեջանը, ի վերջո, ԵԽ անդամ երկիր է և կան բոլոր լծակները՝ այդ երկրից պահանջելու հարգել իր իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներն ու առաջին հերթին` Ժնևյան կոնվենցիան։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---