Վարչապետը «Դ!ԵՄ ԵՄ»-ին առաջարկում է երկխոսել․ Նրանք դա ողջունում են, բայց որոշ նախապայմաններով

Վարչապետը «Դ!ԵՄ ԵՄ»-ին առաջարկում է երկխոսել․ Նրանք դա ողջունում են, բայց որոշ նախապայմաններով

PanARMENIAN.Net - Գործադիրի այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է արդեն ամիսներ շարունակ ամենաակտիվ քաղնախաձեռնությանը՝ «Դ!ԵՄ ԵՄ»-ին ուղղված ելույթ-կոչով։ Նա նախ հերթական անգամ արձանագրել է, որ Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները, ինչը նշանակում է, որ կառավարությունը պիտի իր գործունեությունը «շտկի ու դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում՝ կարևորագույն խնդիրն է նպաստել և խթանել քաղհասարակության կայացումը»:

«Մեր ստացած բազմաթիվ նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ, որոնք ընդգրկված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայտարարում ենք՝ պատրաստ ենք երկխոսության, որովհետև այն դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղհասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար»,- նշել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ ընդունում են՝ օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների։

Վարչապետ Սարգսյանի խոսքով ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է, որով էլ «Դ!ԵՄ ԵՄ»-ի կոչ են անում շարժվել։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորի համար․

«Դա նշանակում է, որ նաև «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում հանուն մեր երկրի ապագայի, հանուն բարեփոխումների, այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել շարժման ակտիվությունը, շահարկել, «բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը խիստ կարևոր է մեր պետության ապագայի համար»:

Ավելի ուշ «Դ!ԵՄ ԵՄ»-ն արձագանքել է վարչապետի՝ երկխոսության կոչին՝ նշելով, որ շարժումը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը, ինչը «ապացուցել են իրենց պահվածքով»՝ մինչև ՍԴ-ի գործընթաց սկսելը։

«Ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

Այսպիսով, «Դ!ԵՄ ԵՄ»-ը պատրաստ կլինի երկխոսության, երբ հստակ հաղորդագրություն լինի, որ պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու պատրաստակամություն, ինչպես նաև առանց պարտադիր բաղադրիչի օրենքի մշակման շուրջ երկխոսության ցանկություն կա։ Հաղորդագրությունում նաև նշված է, որ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի:

«Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք»,- եզրափակել են ակտիվիստները:

Անդրադառնալով երկխոսության վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ին երկխոսության հրավիրելով ոչ թե հետ քայլ է կատարում, այլ՝ առաջ: Նախարար, սակայն, չի հստակեցրել, թե համակարգին վերաբերող հարցերի շուրջ Կառավարությունը պատրաստ է զիջումների:

«Մենք միշտ պատրաստ ենք եղել ու վարչապետի ասածը, կարծում եմ, շատ հստակ էր, որ պետք է աշխատանքներն իրականացվեն հանուն, քանի որ այս դեպքում միանշանակ է, որ թե՛ կառավարության, թե՛ իշխանությունների քաղաքականությունը միտված է երկրի ապագային ու զարգացմանը։ Եվ նաև երիտասարդները, որոնք ևս նույն մտահոգություններն ու խնդիրներն ունեն։ Այս դեպքում տարընթերցումներ չեն կարող լինել»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե ինչ իմաստ ունեն բանակցությունները, եթե Կառավարությունը չի պատրաստվում զիջումների գնալ, պատասխանել է. «Այդ քննարկումները կլինեն, և ըստ այդմ կլինեն համապատասխան առաջարկություններ: Կառավարությունը իրականացնելու է իր քայլերը, այլ խնդիր է, որ կան մտահոգություններ, որոնք հիմնավոր քննարկումներ են պահանջում, և որոնց առնչությամբ հնարավոր է գտնվեն տարբեր լուծումներ»,- եզրափակել է նախարարը, գրում է Tert.am-ը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մարտի 14-ին Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստին ներկաների խնդրանքով մանրամասնել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծերացող հասարակության պայմաններում թոշակառուների խնդրի լուծման լավագույն տարբերակը, նաև միջազգային հայտնի փորձագետների գնահատմամբ, պարտադիր կուտակայինն է: Նրա խոսքով, աշխարհի լավագույն մասնագետները ևս նշում են, որ այս խնդիրը միայն Հայաստանի համար չէ. դրան բախվում է աշխարհի մեծ մասը, որտեղ բնակչության ծերացում կա:

«Խնդրի լուծման մեկ բանաձև կա. աշխատողները պարտավոր են պետության հետ միասին մտածել իրենց ապահով ծերության մասին: Եթե այդ բեռը դրվի միայն եկամտահարկի վրա, ապա խնդիրը երբեք հնարավոր չի լինի լուծել»,- ասել էր վարչապետը:

Խոսելով խնայողությունները կորցնելու վտանգի մասին՝ կառավարության ղեկավարը վստահեցրել էր, որ կառուցվել է խնայողությունների ապահովման գրագետ համակարգ, որը հաշվի է առնում տարբեր տեսակի ռիսկեր: Խնայողությունները հավաքագրվելու են համաշխարհային կուտակային հիմնադրամներում, որոնք, օգտագործելով դիվերսիֆիկացիայի գործիքը, գումարները տեղաբաշխելու են հուսալի արժեթղթերի մեջ:

Խնայողությունները, Տիգրան Սարգսյանի խոսքով, ապահովվելու են նույնիսկ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ: Դրանց մի մասը տեղաբաշխվելու է ՀՀ-ում հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիփոթեքային ակտիվների մեջ: Դա, վարչապետի համոզմամբ, նշանակում է, որ ՀՀ շուկայում կհայտնվեն երկար փողեր՝ 35-40 տարվա կտրվածքով, և այսօրվա երիտասարդը կկարողանա ձեռք բերել բնակարան ու դրա համար վճարել 35 տարվա ընթացքում:

Իսկ մինչև այդ «Դ!ԵՄ ԵՄ»-ը պատրաստվում է մարտի 22-ի Ազատության Հրապարակում հավաք-երթ անցկացնել, որի նպատակներն են հանրությանը ներկայացնել ու համաչափ գնահատական գնահատական տալ հունվարի 18-ի հավաք-երթին հաջորդած իրադարձություններին, «ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը», ինչպես նաև ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը:

Հավաքի ավարտից հետո շարժումը երթ կանցկացնի Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովա - Աբովյան - Հանրապետության հրապարակ - Ամիրյան - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղիով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---