Գյուղացիները նորից փակել էին Երևան-Ապարան ճանապարհը. ՀԷԿ կկառուցվի, թե` ոչ, կպարզվի այս ուրբաթ

Գյուղացիները նորից փակել էին Երևան-Ապարան ճանապարհը. ՀԷԿ կկառուցվի, թե` ոչ, կպարզվի այս ուրբաթ

PanARMENIAN.Net - Մարտի 19-ի առավոտյան Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Ապարան միջազգային նշանակության ավտոճանապարհը` պահանջելով վերջնականապես դադարեցնել նոր ՀԷԿ-ի շինարարությունը:

Բողոքի դուրս եկած քաղաքացիներին ընդառաջ է եկել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա վստահեցրել է, որ ՀԷԿ–ի շինարարությունը դադարեցված է, ինչին ի պատասխան ցուցարարները նշել են, որ դա բավարար չէ` պահանջելով շինհրապարակից հեռացնել նաև տեխնիկան։ Բնակիչները նաև պահանջել են հենց իրենց ներկայությամբ զանգահարել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի վերջինս անձամբ գա ու տեղում լուծում տա խնդրին, գրում է Tert.am-ը:

Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նախատեսվում է Ապարանի ջրամբարից սնվող ջրատարի վրա ՀԷԿ-կառուցել: Հարակից 7 գյուղերի բնակիչները բողոքել էին ՀԷԿ-ի կառուցման դեմ` նշելով, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո ոռոգման ջուր չեն ունենալու այգիները ջրելու համար, որոնք իրենց եկամտի միակ աղբյուրն են:

«ԳԱՀԱ էներջին» ընկերությունը նախապես գյուղի ավագանու հետ համաձայնության է եկել համայնքի տարածքով 400-500 մմ-անոց խողովակներ անցկացնել, գրում է «Առավոտ»-ը։ Բայց հիմա ընկերությունը պատրաստվում է եռակի անգամ մեծ տրամագծով խողովակներ տեղադրել, ինչի պատճառով էլ բնակիչները մտահոգված են, թե ՀԷԿ-ը ջրամբարից բավականին մեծ ծավալով ջուր կվերցնի, որը կնվազեցնի իրենց ոռոգման ջուրը:

Ժամը 13։00-ի սահմաններում ոստիկանության և բողոքի ակցիայի մասնակիցների միջև վիճաբանություն է սկսվել։ Ոստիկանները ցուցարարներից պահանջում էին բացել ավտոճանապարհը՝ նշելով, որ այդ քայլը հակաիրավական է, սակայն բնակիչները չեն զիջել։ Ավելին, նրանք մարզպետից և բանակցող ոստիկաններից պահանջել են, որպեսզի շինհրապարակից հեռացվի ոչ միայն շինտեխնիկան, այլև խողովակները։

Մեկ ժամ անց, երբ ոստիկանները խոստացել են, թե շուտով ակցիայի մասնակիցներին կմոտենա փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, գյուղացիները համաձայնել են բացել ճանապարհը երթևեկության համար:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իրոք ժամանել է ցույցի վայր և հանդիպել բողոքող գյուղացիներին: Նա հանդես է եկել փողոցից դուրս գալու և մեկ այլ` ավելի հանգիստ վայրում զրույցը շարունակելու առաջարկով:

«Մեր պահանջն արդարացի է, էս ՀԷԿ-ի կառուցմամբ 7 գյուղ տուժում է, երեքից՝ չորս հազար բնակչությունը զրկվելու է ջրից»,- իրավիճակը ներկայացրել է գյուղացիներից մեկը:

Գյուղացիներն Արմեն Գևորգյանից պահանջել են հայտարարել, որ ՀԷԿ–ը չի կառուցվելու, ինչին ի պատասխան փոխվարչապետն ասել է. «Կարծում եմ, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումները ճիշտ չեն, երկրորդ՝ ճանապարհ փակելով՝ համայնքի խնդիրը չի լուծվում, երրորդ՝ գիտեք, որ ձեր պահանջով ստեղծվել է հանձնաժողով, կքննարկվի այս հարցը և վերջնական որոշում կկայացվի: Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում հանձնաժողովը կներկայացնի իր քննարկման արդյունքները, անձամբ կգամ և ձեզ կտեղեկացնեմ այդ մասին: Իսկ այս պահի դրությամբ կարող եմ վստահեցնել, որ մինչև վերջնական որոշում չկայացվի, ոչ մի շինարարություն չի կարող լինել»:

Մարտի 7-ին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է ՀԷԿ-ի կառուցման խնդրի ուսումնասիրությամբ:

Տարածքային կառավարման նախարարը խնդրել է 2 օր էլ համբերել` վստահեցնելով, որ ուրբաթ օրը կրկին կգա և վերջնական պատասխան կտա։

«Էսքան համբերել ենք, երկու օր էլ կհամբերենք»,- ասել են գյուղացիները՝ պայմանավորվելով, որ ուրբաթ օրը՝ ժամը 17:00-ին, հավաքվելու են նույն տեղում:

Photo: Armenian Preparliament
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---