Մոսկվայում բացվել է Փարաջանովի հիշատակին նվիրված «Սիրով՝ Թիֆլիսից» ցուցահանդեսը

Մոսկվայում բացվել է Փարաջանովի հիշատակին նվիրված «Սիրով՝ Թիֆլիսից» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մոսկվայում բացվել է Սերգեյ Փարաջանովի հիշատակին նվիրված ցուցահանդես՝ «Սիրով՝ Թիֆլիսից»․ այն նվիրված է քաղաքին, որտեղ ծնվել է հայտնի կինոռեժիսորը։ Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, հանրությանը կներկայացվեն ֆիլմերի համար ստեղծված կոլաժները, ինչպես նաև Փարաջանովի կյանքն ու արվեստը ցուցադրող հազարից ավելի տարբեր լուսանկարիչների աշխատանքեր։ Ճիշտ մթնոլորտ ստեղծելու համար կազմակերպիչները ցուցադրությունը լրացրել են հին բացիկներով, պաստառներով ու գինիների պիտակներով։ Այդ ամենը բերված է Թիֆիլսից։ Աշխատանքների մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։ Ծանոթանալ ցուցադրությանը հնարավոր է մինչև մայիսի 18-ն Արևելյան թանգարանում։ Ցուցահանդեսից բացի նույն վայրում նաև վարպետության դասեր կանցնեն, շնորհանդեսներ ու միջազգային կոնֆերանս, որոնք նույնպես նվիրված են Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին։

Հավաքածուի սեփականատեր Արամ Բաբլոյանի խոսքով, ցուցահանդեսի կազմակերպիչներն առաջին անգամ են փորձել ցույց տալ Փարաջանովին ոչ միայն որպես ռեժիսոր, ինչպիսին նրան հիմնականում ներկայացնում են, այլ որպես թիֆլիսցի։

Փարաջանովի հետքերով այցելել հին Թբիլիսի, կամ Թիֆլիս՝ հենց այդպես էր կոչվում Վրաստանի մայրաքաղաքը մինչև 1936-ը, հնարավոր է՝ անցնելով ցուցադրության կենտրոնական սրահներից մեկով։ Պատերին փողոցների անուններով հին ցուցանակներ են, բացիկներ, ու, իհարկե, լուսանկարներ։

«Սուրամի ամրոցի լեգենդը» ու «Աշուղ Ղարիբը» ֆիլմերին նվիրված սրահները ներկայացված են ոչ միայն ռեկվիզիտները, այլև Փարաջանովի ու կինոնկարիչ Ալեքսանդր Ջանշիևի հեղինակած կոլաժները։

Տարիների ընթացքում Սերգեյ Փարաջանովին լուսանկարել են բազմաթիվ լուսանկարիչներ, այդ թվում՝ Միխայիլ Նասբերգը, Յուրի Ռոստն ու Վիկտոր Բաժենովը։ Նրանց աշխատանքներից ցուցադրության հեղինակները հսկայական կոլաժ են հավաքել, որտեղ ռեժիսորը ներկայանում է հումորային ու անսովոր կերպարներով, օրինակ՝ պոնչոյի պես հագած գորգերով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Պատմում է լուսանկարիչ Վիկտոր Բաժենովը․ «Պիտի լուսանկարեի նրան… Բայց ինձ դուր չեկավ Փարաջանովի հագած բաց գույնի վերնաշապիկը, ու ինչ-որ բան անել կարծես չէինք կարող։ Իմ ջինսե պիջակը նրան հագցնել չէի կարող՝ իր ոճը չէր։ Ու ստիպված էի նրա վրա ուղեգորգեր գցել՝ կադրում դոմինանտ սպիտակ գույնը լուծելու համար»։

Թբիլիսիում ծնված Փարաջանովը մանկուց նկարում էր, ջութակ ու դաշնամուր նվագում: Դպրոցական տարիներին նաև բալետի ստուդիա ու դրամատիկական խմբակ էր հաճախում: 1942–45-ը սովորում էր Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, այնուհետև 1951-ին ավարտում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը, որտեղ որպես դիպլոմային աշխատանք ներկայացրեց «Մոլդովական հեքիաթ» ֆիլմը: 1949-ից Կիևի Ա.Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952-ից՝ բեմադրող-ռեժիսոր:

1955-ին Փարաջանովը նկարահանել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» ֆիլմը, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացել է 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել:

1966-ին Փարաջանովին հրավիրել էին աշխատելու Հայֆիլում: 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով հաստատվել է ռեժիսորրի արվեստի ինքնատիպությունը:

Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտել էին 5 տարի ազատազրկման: Ազատ են արձակել 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտության շնորհիվ, նա վերադարձել էր Թբիլիսի: 1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվել է ու 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին Փարաջանովի ազատազրկմանը, բայց նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Թբիլիսիում ապրելու ընթացքում տարիներ շարունակ Փարաջանովին արգելում էին ֆիլմեր նկարահանել, բայց 80-ականներին արգելքը հանվեց ու նա նկարահանեց «Սուրամի ամրոցի լեգենդն» (1984) ու «Աշուղ ղարիբը» ֆիլմերը, որոնք ռեժիսորի վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն են։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով․ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացավ քաղցկեղից`1990թ․-ի հուլիսին, Երևանում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---