Սթիվեն Սփիլբերգը Հայոց ցեղասպանության մասին վկայություններ է հավաքում

Սթիվեն Սփիլբերգը Հայոց ցեղասպանության մասին վկայություններ է հավաքում

PanARMENIAN.Net - «Շինդլերի ցուցակը» ֆիլմի ռեժիսոր աշխարհահռչակ Սթիվեն Սփիլբերգն այլևս չի պատրաստվում Հոլոքոսթի մասին ֆիլմ նկարահանել` թողնելով դա Շոայի հիմնադրամի ինստիտուտին: «Շինդլերի ցուցակի» ավարտից հետո Սփիլբերգը սկսել էր հավաքել Հոլոքոստ վերապրած մարդկանց պատմությունները: Այս տարի Սփիլբերգի հիմնադրած հիմնադրամը դարձավ 20 տարեկան և այն ընդլայնում է իր աշխարհագրությունը և սկսել է հավաքել տեղեկություններ Հայոց ցեղասպանության, Կամբոջայի ու Ռուսանդայի ցեղասպանությունների մասին, գրում է telegram.com-ը:

2012-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը հերքել էր լուրերն այն մասին, թե բանակցում է Սփիլբերգի հետ Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված ֆիլմ նկարահանելու մասին:

«Շինդլերի ցուցակը» (Schindler's List) Սթիվեն Սփիլբերգի 1993 թվականին նկարահանած դրաման է գերմանացի բիզնեսմեն և գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ Օսկար Շինդլերի մասին, որը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ իր հնարամտությամբ կարողանում է Հոլոքոսթից փրկել հարյուր հազարավոր հրեաների: Ֆիլմը պատմում է մեկ մարդու տրիումֆի և նրա շնորհիվ մարդկության պատմության ամենադաժան ժամանակաշրջանում փրկվածների դրամայի մասին:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հոլոքոսթ

Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրագությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: 1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացության, որ Աղետի ժամանակ զոհվել է վեց միլիոն մարդ: Այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-6 միլիոն թվերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---