«WEB Ծիրան» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողները հայտնի են

«WEB Ծիրան» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողները հայտնի են

PanARMENIAN.Net - Սերգեյ Փարաջանովի թանգարանում հայտարարվել են «WEB Ծիրան» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողների անունները: Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն ու webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը, իսկ փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

Մրցույթի արդյունքները հրապարակել են հրավիրյալ ժյուրիի անդամները` կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը, կինոքննադատ Արթուր Վարդիկյանը և մշակութային լրագրող Կարինե Ռաֆայելյանը: Մասնակիցներին ողջունել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և webtv.am հեռուստաընկերության տնօրեն Արա Մանուկյանը:

Այս տարեսկզբին մեկնարկած և մոտ երկու ամիս տևած «WEB Ծիրան» առցանց մրցույթին անհատ ռեժիսորների և արտադրող ընկերությունների կողմից ներկայացվել է խաղարկային, վավերագրական և անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ՝ Երևանից, Գյումրիից, Ռուսաստանից:

Մրցութային հաձնաժողովը գլխավոր մրցանակի համար սահմանել էր դրամական պարգև` 420․000 դրամի չափով: Մրցանակը ստացել է Նիկոլայ Հովհաննիսյանը՝ իր 10 րոպե տևողությամբ «Ստվեր» ֆիլմի համար: Որպես մրցանակ` ֆիլմ նկարահանելու տեխնիկական աջակցության տրամադրում է նախատեսվել խրախուսական և հանդիսատեսի համակրանք անվանակարգերում հաղթողների համար: Վերջինը նախատեսված էր ամենամեծ թվով առցանց դիտումներն արձանագրած ֆիլմի համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հայ երիտասարդների շրջանում ստեղծագործ ոգու խթանմանը: «WEB Ծիրան» փառատոնը բավականին հաջողված նախաձեռնություն է: Այն արդեն երրորդ անգամ մի ծրագրի շուրջ է համախմբում կինոաշխարհում իրենց առաջին լուրջ քայլերը կատարող շնորհալի երիտասարդներին: «Ոսկե ծիրան»-ի այս եզակի ծրագիրը տարեցտարի դառնում է ավելի ու ավելի ճանաչված»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կինոարվեստի աշխարհում իրենց առաջին լուրջ քայլեր կատարողները մեր աջակցության կարիքն են զգում: Արվեստի այս ոլորտում միայն ստեղծագործ միտքն ու ձեռքերը բավական չեն արժեքավոր գործեր ստեղծելու համար: Անհրաժեշտ է մի հարթակ, որտեղ կինոարվեստի սիրահարները կարողանան հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքները: «WEB Ծիրան»-ը պատվով է իրականացնում այդ գործառույթը»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն երրորդ տարին իրականացվող «WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնը նպատակ ունի առանց ժանրային սահմանափակումների մեկ հարթակում միավորելու հայազգի ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն կայացած կինոարտադրող անհատների, նաև ընկերություններին` հնարավորություն ընձեռելով ոչ միայն պարզապես մասնակցելու մրցութային ծրագրի, այլև ինտերնետային ազատ հարթությունում կինոսեր հանրության դատին ու գնահատականին առավել համակարգված կերպով ներկայացնելու իրենց վերջին աշխատանքները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---