Սարգսյանն Ալիևին կոչ է արել չստել ռադիոակտիվ թափոնների հետ կապված Հայաստանի «խնդիրների» մասին

Սարգսյանն Ալիևին կոչ է արել չստել ռադիոակտիվ թափոնների հետ կապված Հայաստանի «խնդիրների» մասին

PanARMENIAN.Net - Հաագայում Միջուկային անվտանգության գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է նիստում հնչած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության մասին:

«Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում: Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների ուղղությամբ: 2013թ. մայիսին Հայաստանը վավերացրել է «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի» 2005թ. լրացումը և «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան: Երկու փաստաթղթերի վավերագրերն էլ հանձնվել են ի պահ ԱԷՄԳ-ին: Ցանկանում եմ նշել, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում՝ հետևողականորեն կատարելով գործակալության թիվ 640 տեխնիկական փաստաթղթով սահմանված պահանջները: Այդ մասին են վկայում ԱԷՄԳ-ի կողմից անցկացրած ՕՍԱՐՏ առաքելության արդյունքները:

Ամրապնդել ենք միջուկային նյութի հաշվառման և վերահսկման իրավական գործիքները՝ լրացումներ կատարելով «Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում»,-ասել է Հայաստանի նախագահը Հաագայում: Նիստում Ադրբեջանի նախագահը հարց բարձրացրեց Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ, ասելով, թե, իբր, ՀԱԷԿ-ը սպառնալիք է տարածաշրջանի համար: «Ինչ վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսևորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև մենք մեր բոլոր ծրագրերը համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

2013-ի նոյեմբերին ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանն Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի ավարտին հայտարարել էր, որ ռուսական կողմը ֆինանսական միջոցներ կտրամադրի՝ վարկ, որը կուղղվի ՀԱԷԿ-ի վերազինմանը: Վարկի չափը դեռևս քննարկվում է:

«Տարիներ շարունակ մեր ատոմակայանը վերազինվել է և համապատասխանում է անվտանգության բոլոր միջազգային նորմերին: Ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն նաև հետագայում»,– ասել էր Վահրամ Պետրոսյանը:

«Կառավարությունը որոշել է երկարացնել ԱԷԿ-ի կյանքը. ռուսական, ինչպես նաև հայկական մասնագիտացված կազմակերպությունները կիրականացնեն կայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները»,- ասել էր Պետրոսյանը:

Գերմանիայի նախագահին կից Էներգետիկ անվտանգության խորհրդի ղեկավար Ադոլֆ Բիրկհոֆերն այն ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ գործակցությունըչափազանց կարևոր է Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի համար: 2013-ի սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտին հայտարարել էր, որ Ռոսատոմը հայ փորձագետների հետ միասին կաշխատի ՀԱԷԿ գործող բլոկի շահագործման ժամկետը 10 տարով՝ մինչև 2026-ը, երկարացնելու նախագծի իրականացման վրա:

«Ինձ թվում է, որ գործակցությունը Ռուսաստանի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում չափազանց կարևոր է, քանի որ Ռուսաստանը համաշխարհային առաջատարներից մեկն է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում»,- ավելի ուշ ասել էր Բիրկհոֆերը ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստից հետո:

Բացի այդ, Բիրկհոֆերը նշել էր, որ հայկական ԱԷԿ-ը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին, իսկ Ռուսաստանը նման օբյեկտների շահագործման մեծ փորձ ունի:

Խորհրդի ղեկավարը նշել էր, թե վարկը, որը կարող է տրամադրել Ռուսաստանը ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նպատակով, արդյունավետ գործիք է, որի միջոցով կարելի է բարելավել կայանի անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել այն միջազգային չափանիշներին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներն ավարտելու համար հարկավոր է առնվազն 150 մլն դոլար:

Բիրգհոֆերը նշել էր, որ գերմանական կողմը տպավորված է ՀԱԷԿ-ի ինտեգրման տեմպերով ատոմային էներգետիկայի միջազգային համակարգին: «Դա նշանակում է նաև, որ ցանկացած պատահար ցանկացած տեխնիկական համակարգում քննարկվում է և վերլուծության է ենթարկվում ինչպես Հայաստանի համապատասխան մարմինների կողմից, այնպես էլ միջազգային մակարդակով, ինչը թույլ է տալիս համապատասխան եզրակացություններ անել միջազգային գործընկերների հետ համագործակցության մասին»,- ասել էր նա:

Ինչ վերավերում է ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակին, ապա, ըստ Խորհրդի ղեկավարի, շատ բարդ է որակել ԱԷԿ անվտանգության մակարդակի վարկանիշն աշխարհում, քանի որ դա կախված է ոչ միայն տեխոնոլոգիաներից, այլ նաև մարդկային գործոնից: «Ես միայն կարող եմ ասել, որ մենք տեսնում ենք, որ չափազանց պատասխանատու վերաբերմունք կա անվտանգության հարցերի հանդեպ, և դա շատ հաճելի է մեզ համար»,- ամփոփել էր նա:

Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է 1970-ին: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այն փակվել է: 1995-ին, չնայած փորձագետների բողոքներին, այն կրկին վերագործարկվել է, գործարկվել է նաև երկրորդ ռեակտորը:

Photo: President.am
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---