Եգիպտոսը կարող է ՄՄ երկրների հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել

Եգիպտոսը կարող է ՄՄ երկրների հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել

PanARMENIAN.Net - Եգիպտոսը կարող է առևտրի ազատ գոտու մասին համաձայնագիր կնքել Մաքսային միության երկրների հետ: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովը ռուս-եգիպտական առևտրի, տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստում:

«Մենք փոխադարձ ներդրումներն ընդլայնելու հնարավորություն ունենք, լինի դա Մաքսային միության երկրների հետ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի վրա աշխատանքի վերսկսումը, թե հատուկ արդյունաբերական գոտիների ստեղծումը ռուսական բիզնեսի ներդրումների համար Եգիպտոսի տարածքում»,-ասել է Ֆյոդորվը:

Իր հերթին Եգիպտոսը շահագրգռված է համատեղ ռուս-եգիպտական արդյունաբերական ձեռնարկությունների շինարարության համար հատուկ արդյունաբերական գոտիների ստեղծման հարցում, ասել է Եգիպտոսի առևտրի, արդյունաբերության ու ներդրումների նախարար Մունիր Ֆահրի Աբդենուրը:

«Եգիպտոսում այդպիսի արտադրությունների ստեղծման հարցում մենք կարող ենք օգտագործել այն հնարավորությունները, որ ունենք: Դրանք կարող են հայտնվել Եվրամիության, արաբական երկրների, Արևելյան Աֆրիկայի երկրների հետ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրերի ստորագրման շնորհիվ»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մարտի 12-ին վարչապետն ընդունել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:

Հանդիպմանը քննարկվել էին «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտել մինչև մարտի վերջ:

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը:

«Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը:

«ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա:

Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---