Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2016-ը

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2016-ը

PanARMENIAN.Net - Կառավարությունը մարտի 27-ի իր նիստում հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի» որոշման նախագիծը։

Դրանով առաջարկվում է մինչ 2014-ի մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է նոր ատոմակայանի կառուցման ծրագրից, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանել է. «Շարունակում ենք ակտիվացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված աշխատանքները: Այս դանդաղեցումը պայմանավորված էր աշխարհաքաղաքական իրավիճակով և համաշխարհային ճգնաժամով: Պետք է ֆինանսներ գտնենք, որպեսզի նոր էներգաբլոկը կառուցենք»:

Որոշման նախագիծը ենթադրում է, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն կլինի «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը։ Նախատեսվում է, որ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն և «Ռուսատոմ սերվիս»-ը կստորագրեն «Սարքավորումների և շինությունների համալիր հետազոտությունների ծրագրի» աշխատանքների իրականացման պայմանագիր, գրում է Panorama.am-ը:

«Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, միևնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը: Երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016-ի սեպտեմբերն է։

Մարտի 26-ին Հաագայում Միջուկային անվտանգության գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել էր Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության մասին նիստում հնչած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը:

Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում, Սեուլի գագաթնաժողովից հետո քայլեր է արել համաձայնեցված նպատակների ուղղությամբ:

2013-ի մայիսին վավերացվել է «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի» 2005-ի լրացումը և «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան: Երկու փաստաթղթերի վավերագրերն էլ հանձնվել են ԱԷՄԳ-ին:

«Գործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում՝ հետևողականորեն կատարելով գործակալության թիվ 640 տեխնիկական փաստաթղթով սահմանված պահանջները: Այդ մասին են վկայում ԱԷՄԳ-ի կողմից անցկացրած ՕՍԱՐՏ առաքելության արդյունքները»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ լրացումներ կատարելով «Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում, ամրապնդվել են միջուկային նյութի հաշվառման և վերահսկման իրավական գործիքները:

Նիստում Ադրբեջանի նախագահը հարց էր բարձրացրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ, ասելով, թե, իբր, ՀԱԷԿ-ը սպառնալիք է տարածաշրջանի համար: «Ինչ վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսևորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև մեր բոլոր ծրագրերը համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

2013-ի նոյեմբերին ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանն Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի ավարտին հայտարարել էր, որ ռուսական կողմը ֆինանսական միջոցներ կտրամադրի՝ վարկ, որը կուղղվի ՀԱԷԿ-ի վերազինմանը: Վարկի չափը դեռևս քննարկվում է:

2013-ի սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտին հայտարարել էր, որ Ռոսատոմը հայ փորձագետների հետ միասին կաշխատի ՀԱԷԿ գործող բլոկի շահագործման ժամկետը 10 տարով՝ մինչև 2026-ը, երկարացնելու նախագծի իրականացման վրա:

Գերմանիայի նախագահին կից Էներգետիկ անվտանգության խորհրդի ղեկավար Ադոլֆ Բիրկհոֆերը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ գործակցությունը չափազանց կարևոր է Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի համար:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներն ավարտելու համար հարկավոր է առնվազն 150 մլն դոլար:

Բիրգհոֆերը նշել էր, որ գերմանական կողմը տպավորված է ՀԱԷԿ-ի ինտեգրման տեմպերով ատոմային էներգետիկայի միջազգային համակարգին: «Դա նշանակում է նաև, որ ցանկացած պատահար ցանկացած տեխնիկական համակարգում քննարկվում է և վերլուծության է ենթարկվում ինչպես Հայաստանի համապատասխան մարմինների կողմից, այնպես էլ միջազգային մակարդակով, ինչը թույլ է տալիս համապատասխան եզրակացություններ անել միջազգային գործընկերների հետ համագործակցության մասին»,- ասել էր նա:

Ինչ վերաբերում է ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակին, ապա, ըստ Խորհրդի ղեկավարի, շատ բարդ է որակել ԱԷԿ անվտանգության մակարդակի վարկանիշն աշխարհում, քանի որ դա կախված է ոչ միայն տեխոնոլոգիաներից, այլ նաև մարդկային գործոնից: «Ես միայն կարող եմ ասել, որ մենք տեսնում ենք, որ չափազանց պատասխանատու վերաբերմունք կա անվտանգության հարցերի հանդեպ, և դա շատ հաճելի է մեզ համար»,- ամփոփել էր նա:

Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է 1970-ին: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այն փակվել է: 1995-ին, չնայած փորձագետների բողոքներին, այն կրկին վերագործարկվել է, գործարկվել է նաև երկրորդ ռեակտորը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---