// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանը դեմ քվեարկեց ՄԱԿ-ում ուկրաինական բանաձևին․ Կփոխվե՞ն արդյոք ՀՀ-Ուկրաինա հարաբերությունները

Հայաստանը դեմ քվեարկեց ՄԱԿ-ում ուկրաինական բանաձևին․ Կփոխվե՞ն արդյոք ՀՀ-Ուկրաինա հարաբերությունները

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով անօրինական է ճանաչում Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու ու Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեն։ Բանաձևին «կողմ» է քվեարկել 100 երկրի ներկայացուցիչ, «դեմ»՝ 11, ևս 58-ը «ձեռնպահ» է մնացել։ Դրա ընդունմանը դեմ էին Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Զիմբաբվեն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան ու Սուդանը։

Ձեռնպահ են եղել Աֆղանստանը, Ալժիրը, Անգոլան, Անտիգուան, Բարբուդան, Արգենտինան, Բանգլադեշը, Բոտսվանան, Բրազիլիան, Բրունեյը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Վիետնամը, Գաբոն, Գամբիան, Գայանան, Ջիբութին, Դոմինիկանան, Հնդկաստանը, Իրաքը, Ղազախստանը, Քամբոջան, Քենիան, Չինաստանը, Կոմորյան կղզիները, Լեսոտոն, Մալին, Մավրիթանիան, Մոնղոլիան, Մոզամբիկը, Մյանման, Նամիբիան, Նաուրուն, Նեպալը, Պակիստանը, Պարագվայը, Ռուանդան, Սան Թոմեն ու Փրինսիփին, Սալվադորը, Սվազիլենդը, Սենեգալը, Սենթ Վինսենթն ու Գրենադինները, Սենթ Կիթսն ու Նեվիսը, Սենթ Լյուսիան, Սուրինամ, Թանզանիան, Ուգանդան, Ուզբեկստանը, Ուրուգվայը, Ֆիջին, Շրի Լանկան, Էկվադորը, Եգիպտոսը, Էրիթրեան, Եթովպիան, Հարավային Աֆրիկան, Հարավային Սուդանն ու Ճամայկան։

«Հավանաբար, ճնշման մարտավարությունը, որը կիրառում են մեր արևելյան գործընկերները, նման ազդեցություն է ունեցել, ու որոշ երկրներ սրտի ցավով են քվեարկել, ինչի մասին մեզ ասում էին ու բողոքում իրենց վրա ճնշումներից։ Բայց մեզ համար սա բավական լավ արդյունք է։ Ընդհանուր առմամբ, մենք որոշ բարոյական ու քաղաքական հաղթանակ ունեցանք»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։

«Այս պարագայում Ռուսաստանի մեկուսացման մասին խոսք գնալ չի կարող»,- եզրափակել է նա, տեղեկացնում է Mir-politika․ru-ն։

ԱՄՆ ու ԵՄ կողմից աջակցություն ստացած բանաձևն առաջարկել էր Ուկրաինան։ Դրանում հաստատվում է «միջազգայնորեն ընդունված սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումն» ու կոնֆլիկտի բոլոր կողմերին կոչ արվում ձգտել ճգնաժամի խաղաղ կարգավորմանը «քաղաքական ուղիղ երկխոսության միջոցով»։ Բանաձևի տեքստում Ռուսաստանի մասին չի հիշատակվում, բայց Ղրիմի հանրաքվեն «իրավական ուժ չունեցող» է անվանվում։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ Հայաստանը ձեռնպահ կմնա քվեարկությանը։

Ինչպես գրում է VM.ru-ն, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը հայտարարել է, որ ՀՀ-ն միշտ էլ պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը։

«Տարիներ շարունակ Հայաստանը հետևողական է եղել ժողովրդավարության զարգացման, իրավունքների ու ազատության պահպահման, ինչպես նաև հավասարության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցերում»,- ՄԱԿ-ում քվեարկությունից առաջ ասել է Նազարյանը։ Մինչև այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է բանաձևով քվեարկության արդյունքները։

Դրանում նշվում է․ «Ափսոսանքից բացի այլ բան չի առաջացնում այն հաստատակամությունը, որով Կիևի ղեկավարությունը ու նրանց շահերը ներկայացնող օտարերկրյա «փաստաբանները» փորձում են խեղաթյուրել Ուկրաինայում իրադարձությունների բովանդակությունը։ Ամբողջովին կիրառվում է «սառը պատերզմի» ժամանակների քարոզչամեքենան, որի նպատակն է հետին պլան մղել Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամի փաստն ու լարվածության էսկալացիայի համար պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա»։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Արևմուտքը խառնվում է Ուկրաինայի գործերին։

«Ուկրաինայի գործերում մի շարք արևմտյան երկրների կոպիտ միջամտության արդյունքն ակնհայտ է` հակասահմանադրական իշխանափոխություն Կիևում, պետական կառավարման համակարգի քանդում` այդ թվում տարածքային ու տեղային մակարդակում, ուժային կառույցների անգործունակություն, ծայրահեղականների ու ֆաշիստների ամենաթողություն, մարդու իրավունքների մասսայական ոտնահարում, սպառնալիք ազգային ու լեզվական փոքրամասնությունների անվտանգությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի հետագա սրում»:

Նախօրեին՝ մարտի 27-ին, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան խորհրդատու Իգոր Ռոմանը հայտարարել է, որ իրենց երկիրը չի պատրաստվում խզել ՀՀ հետ հարաբերությունները։

«Մեր երկիրը չի պատրաստվում Հայաստանի հետ դեմարշի գնալ․․․Այդ հարցերը, կարելի է ասել, լուծել ենք, հաջորդ շաբաթ դեսպանը կլինի Հայաստանում»,- ասել է նա «Ճգնաժամն Ուկրաինայում․ Ինչպիսի՞ ազդեցություն այն կարող է ունենալ միջազգային հարաբերություններում» քննարկման ընթացքում։ Նրա խոսքով, Ուկրաինան չի պատրաստվում կրճատել Հայաստանում դիվանագիտական ներկայացվածությունն անգամ այն դեպքում, եթե Հայաստանը ՄԱԿ-ում Ղրիմի վերբերյալ բանաձևին դեմ քվեարկի։

Նա նաև նշել է, որ այդ քվեարկությունը «լակմուսի թուղթ» կդառնա, որի հիման վրա Ուկրաինան կկառուցի Հայաստանի հետ իր հետագա գործակցությունը։

 Ուշագրավ
Լապշինի արտահանձնումը Բաքվին հիշեցնում է Սաֆարովի տխրահռչակ պատմությունը
Օգնությունը կբաշխվի ինչպես Լաթաքիայի, այնպես էլ Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին
Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը