Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ապրիլին կհանդիպեն Մոսկվայում

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ապրիլին կհանդիպեն Մոսկվայում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը նախապատրաստելու համար երկու երկրների արտգործնախարարներն ապրիլի սկզբին կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին համատեղ հայտարարության մեջ տեղեկացրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) ու Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ Հաագայում մարտի 23-24-ին երկու երկրների նախագահների հետ հանդիպումների արդյունքում։ Դրանց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները Հայաստանի Ադրբեջանի նախագահներին ներկայացրել են արտգործնախարարների հետ իրականացված աշխատանքներն այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվել էին նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած երկու երկրի ղեկավարների հանդիպմանը:

Միջնորդներն ընդգծել են սահմանին ու շփման գծում հրադադարի խախտման ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել խուսափել ամպագորգոռ հռետորաբանությունից, ինչը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում:

Մարտի 26-ին Հաագայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին, Twitter-ի իր էջում ավելի ուշ գրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները զրուցել են Հաագայում: Արդյո՞ք նրանք իրականում որոնում են ղարաբաղյան կարգավորման ուղիներ»,- գրել էր նա:

Հաագայում այդ օրերին անցնում էր Միջուկային անվտանգության երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 5000 պատվիրակ, այդ թվում նաև աշխարհի 58 երկրի առաջնորդ:

Ավելի վաղ Նիդերլանդներում հանդիպել էին երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Ուորլիքի հերթական գրառման համաձայն, հանդիպումը դրական էր եղել, «հաստատուն խաղաղությունն էլ հնարավոր է»:

Եվս մեկ գրառման մեջ ամերիկացի համանախագահը գրել է․ «Ինձ այսօր ուղղեցին՝ դա հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Մենք խաղաղ գոյակցություն ենք ցանկանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 22-ից մարտի 11-ը մի շարք հանդիպումներ էին ունեցել Փարիզում ու Մոսկվայում, այդ թվում ՌԴ պաշտոնատար անձանց հետ: Ըստ դրանց տարածած հաղորդագրության, համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումներում շարունակել էին աշխատանքը 2013-ի նոյեմբերին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Նախարարները հաստատել էին գոյություն ունեցող հարցերը լուծելու ու գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---