20  28.03.14 - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախահավաքը Ազատության հրապարակում

Անհրաժեշտ է իշխանությունը «վերից վար փոխել»․ Րաֆֆի Հովհաննիսյանը նորից Ազատության հրապարակում էր

Անհրաժեշտ է իշխանությունը «վերից վար փոխել»․ Րաֆֆի Հովհաննիսյանը նորից Ազատության հրապարակում էր

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր՝ մարտի 28-ին, նախահավաք էր հրավիրել, ինչի մասին տեղեկացրել էր օրեր առաջ։ Ի թիվս մի շարք այլ հարցերի նա իր ելույթում անդրադարձել է մարտի 27-ին Հայաստանի՝ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին «դեմ» քվեարկությանը՝ նշելով, թե չկարողացան նույնիսկ ձեռնպահ քվեարկել։

«Բոլորս գիտենք, թե մեր երկրի անընտիր, կեղծընտիր իշխանությունները ինչպես քվեարկեցին, անգամ Չինաստանի, Ղազախստանի նման կամ իրենց խոստման համաձայն չկարողացան ձեռնպահ քվեարկել, թեկուզ չմասնակցել քվեարկությանը։ Այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ Ցեղասպանության ճանաչման և հատուցման մասին, այս ապօրինի իշխանության օրոք կարող ենք մոռանալ Արցախի ինքնորոշման և ճանաչման, ՀՀ անկախության, մարդու իրավունքների, ազատ ընտրությունների, բնապահպանության և ազատ շահերի մասին»,- հայտարարել է նա։

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով անօրինական է ճանաչում Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու ու Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեն։ Բանաձևին «կողմ» է քվեարկել 100 երկրի ներկայացուցիչ, «դեմ»՝ 11, ևս 58-ը «ձեռնպահ» է մնացել։ Դրա ընդունմանը դեմ է քվեարկել նաև Հայաստանը, չնայած ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ Հայաստանը ձեռնպահ կմնա քվեարկությանը։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը հայտարարել է, որ ՀՀ-ն միշտ էլ պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը․

«Տարիներ շարունակ Հայաստանը հետևողական է եղել ժողովրդավարության զարգացման, իրավունքների ու ազատության պահպահման, ինչպես նաև հավասարության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցերում»,- ՄԱԿ-ում քվեարկությունից առաջ ասել է Նազարյանը։

Ըստ Հովհաննիսյանի, փոխարենը հայ ժողովուրդը տեսնում է թանկացումներ, «թալան, ազգային սեփականության օտարում, արտագաղթ ու ստրկություն»։ Պետական հանցագործությունը շարունակվելու է, եթե այս ապօրինի իշխանությունը շարունակի իր աթոռի վրա մնալ։ Ուստի անհրաժեշտ է, որ այս իշխանությունը վերից վար փոխվի»։

«Խորհրդարանական կուսակցություն է, թե արտախորհրդարանական, հասարակական կազմակերպություն է, ազատամարտիկ է, քաղաքացի, թե գյուղացի, ինքը պետք է միացյալ հրապարակ կերտի, ամեն մեկը հաղթահարելով սեփական հեքիաթը, մեղքն ու պատասխանատվությունը»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Իր իշխանությունը երկարաձգելու համար պետական շահի վերջին փշրանքները վաճառել պատրաստ ուժը Հայաստանում տեղ չունի և պետք է օր առաջ հեռանա երկրից: Այս մասին Ազատության հրապարակի ամբիոնից հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից առաջ զգուշացրել է, որ հերթական դե ֆակտո իշխանությունը շատ ծանր է նստելու մեզ վրա: Աստված չանի, իսկապես, համաշխարհային հանրություն-Ռուսաստան դիմակայությունը, սառը պատերազմի փուլ մտնի, այդ դեպքում մենք բազմաթիվ խնդիրներ կարող ենք ունենալ»,– ասել է նա` հավելելով, որ այսօր Ադրբեջանն ավելի ինքնուրույն քաղաքականություն է վարում, քան Հայաստանը, իսկ Ուկրաինայի դեպքերից հետո տարածաշրջանում Թուրքիայի դերը ավելի է կարևորվել, գրում է Tert.am-ը:

Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած նախահավաքին մասնակցող «Հայոց Համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն իր ելույթում հայտարարել է, թե պետք է ամբողջական իշխանափոխություն և ոչ թե մաս-մաս, ինչպես ոչ իշխանական ուժերն են հայտարարում. «Որոշ ընդդիմադիրների մոտ կորել է «ընդդիմություն» բառը, ասում են՝ ոչ իշխանական․ ով իրեն ընդդիմադիր չի պատկերացնում, թող իմանա, որ միայն ընդդիմությունը կարող է վեր կենալ ու պաշտպանել ամբողջական իշխանափոխություն։ Չի կարելի պայքարել մաս-մաս, չի կարելի պայքարել, որ Կառավարությունը, վարչապետը գնա, իսկ մյուսները մնան։ Պետք է ազատվել ամբողջական՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, ԱԺ-ն ու կառավարությունը՝ նույնպես»։

Նորմալ քաղաքացու համար, ըստ Զուրաբյանի, առաջինը պետք է լինի իր երկրի ինքնիշխանությունը, «որը երեկ ոտնահարվեց»․

«ՄԱԿ-ի ասամբլեայում վերջին խայտառակությունը տեղի ունեցավ, Հայաստանը դարձավ 11-ը աշխարհի «իզգոյ» պետություններից, որոնց հետ ոչ մի երկիր չի ուզում կապ ունենալ»: Նա հավելել է, թե ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով այդ «դեմ» քվեարկությամբ Հայաստանը դարձավ Հյուսիսային Կորեա։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, թե «պարտավոր ենք մինչև ապրիլ ամիս համատեղ ուժերով, ազատվել այս իշխանություններից»։

Հայ ժողովուրդը դիմացկուն է, բայց նա չպետք է վերաձևավորվի ու դառնա հարմարվող, քանի որ պահանջելու որևէ բան չի ունենա թե՛ ապօրինի իշխանությունից, թե՛ աշխարհից, Ազատության հրապարակում ասել է «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը. «Չենք հարմարվելու «բեսպրեդելին», ամենօրվա անօրինականություններին, թե միջազգային հարաբերություններում վարած քաղաքականությանը: Այսօր չեմ տեսնում իմ պայքարակից ընկերներին հրապարակում, որ հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններում: Եթե այսպես շարունակենք, կդառնանք Ռուսաստանի մի գուբերնիա»:

«Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ նշել է, թե Ազատության հրապարակը խելք խելքի, բռունց բռունցքի տալու, միտք ու գաղափարի վայր է:

«Հրապարակ, որտեղ համախմբվում են բոլոր ուժերը, բոլոր մտքերը, բոլոր գործողությունները, իմ պատկերացրած հրապարակը սա է»,- հայտարարել է Սաֆարյանը՝ ասելով, որ չի էլ ուզում հիշել, թե ինչ կլիներ, եթե բոլոր քաղաքական ուժերը մեկ տարի առաջ միասնական դիրքորոշում ունենային ՀՀ նախագահական ընտրությունների հարցում:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարել է. «Միացյալ հրապարակ կոչվածը հնարավորություն է տալիս ամենատարբեր կարծիքներ ստեղծել, մեկ հարցում պետք է ասեմ, որ բոլոր ելույթ ունեցողները համակարծիք են՝ Հայաստանում պետք է իրականացնել ամբողջական իշխանափոխություն: Թե ինչպես դա պետք է արվի, եկե՛ք կատեգորիկ չլինենք, և այս առումով նկատի ունենալով մեր այսօրվա հնարավորությունները պահանջվում է քաղաքական միասնություն: Մենք ուզում ենք պետության մեջ միասին ճակատ ձևավորելով՝ պետություն ձևավորել, չեմ կարծում, որ դուք դեմ եք դրան»:

«Ուկրաինան կործանվում է, որովհետև թույլ, գանձագող իշխանության պարագայում դարձավ երկու հզորների համար կռվախնձոր»,- ասել է նա՝ ավելացնելով, որ պետք է գիտակցել` պետության, հող ու ջրի տերը երկրի բնակչությունն է, և ոչ մեկին չմեղադրել անգամ այսօրվա եղանակի համար. «Բայց քանի դեռ մենք հավաքական գիտակցություն չունենք, մենք կռվախնձոր ենք լինելու»:

Հանրահավաքի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրենք պատրաստվում են պայքարը շարունակել և բոլորին ներգրավել դրանում։ Այդ նպատակով, ըստ նրա, ապրիլի 4-ին՝ ժամը 15։00-ին, կլինեն Վանաձորում, ժամը 18։00-ին՝ Գյումրիում, իսկ արդեն ապրիլի 9-ին՝ նորից Ազատության հրապարակում։

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշել է, թե իրենք հրավիրում են բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերին՝ Ազատության հրապարակը դարձնելու միասնական հրապարակ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---