Տավուշը շարունակում են գնդակոծվել․ Մովսեսում փամփուշտներից ծակվել են տանիքները

Տավուշը շարունակում են գնդակոծվել․ Մովսեսում փամփուշտներից ծակվել են տանիքները

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 23-ից` 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Վերջին օրերին անհանգիստ է նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Մասնավորապես, մարտի 27-ից լույս 28-ի գիշեր ադրբեջանական դիրքերից ակտիվ գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը։ Գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով, կրակոցները սկսվել են կեսգիշերին և շարունակվել մոտ երկու ժամ:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի մի քանի ուղղություններով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ու ինտենսիվ կրակ արձակել։

Ավելի վաղ ադրբեջանական APA-ն գրել էր, թե «Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ կողմից իրականացված ինտենսիվ կրակահերթերի արդյունքում ադրբեջանցի զինծառայող ու քաղաքացիական անձ է վիրավորվել»:

Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերից այսօր էլ՝ մարտի 29-ին, շարունակվում են տեղեկությունները, թե ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կրակահերթ է արձակում հայկական գյուղերի ուղղությամբ: Կրակի տակ են հատկապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Պառավաքար գյուղերը: Համացանցում նաև տեսանյութեր են շրջանառվում, որոնցում հստակ երևում է Ադրբեջանի կողմից արձակվող կրակահերթերը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ տեղեկությունները մեկնաբանելիս նշել է, որ ադրբեջանցիները վերջին օրերին բավականին ակտիվացել է:

«Հակառակորդը կրակ է բացում ոչ միայն հայկական մարտական հենակետերի, այլև բնակավայրերի ուղղությամբ: Բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չունի, սակայն Ադրբեջանին հաջողվել է որոշակի ավերածությունների պատճառ դառնալ»,- ասել է Հովհաննիսյանը, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, հակառակորդը հիմնականում կրակ է բացում խոշոր տրամաչափի զենքերից, ակտիվ են նաև դիպուկահարները: Հայկական ստորաբաժանումները հրաման ունեն ամեն գնով կասեցնելու ադրբեջանական կողմի ագրեսիան, ՊՆ-ն հակառակորդին լռեցնելու ուղղությամբ համապատասխան քայլեր է ձեռնարկում:

Մարտի 28-ին՝ ժամը 19։30-ից մինչև 21։15-ն ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծել է Չինարին, ասել է գյուղապետ Սամվել Սաղոյանը։ Նա նաև նշել է, որ գնդակները խոցել են տների պատուհանները, մտել տների հատակներ, վախեցրել այդտեղ ապրող երեխաներին, գրում է Տավուշի մարզի «Տեսանկյուն» կայքը:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասել է, որ մարտի 28-ի երեկոյան մոտ մի ժամ, ընդհատումներով ադրբեջանական զինուժը գնդակոծել է գյուղը, վնասներ չկան: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնել է, որ մարտի 27-ի գնդակոծությունից ծակվել են գյուղի տների տանիքները: Նրա խոսքով՝ մարտի 28-ի երեկոյան գնդակոծության վնասները պարզ կդառնան մարտի 29-ի ցերեկը: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ նշել է, թե մարտի 28-ի՝ ժամը 17։00-ից հետո մի քանի ժամ գնդակոծություն է եղել, հատուկենտ կրակոցները դեռ շարունակվում են։

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---