10  29.03.14 - «ՀՀ-ՄՄ. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը

Վարչապետը պատմել է ՄՄ-ին անդամակցելու դեպքում սպասվող պոտենցիալ մարտահրավերների մասին

Վարչապետը պատմել է ՄՄ-ին անդամակցելու դեպքում սպասվող պոտենցիալ մարտահրավերների մասին

PanARMENIAN.Net - Երևանում մարտի 29-ին մեկնարկել է ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով:

Նախքան քննարկմանն անցնելը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանն ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որում նախագահը նշում է` ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած միջանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, գրում է Panorama.am-ը:

«Հայտնի փաստ է, որ տնտեսական ինտեգրումն էապես ընդլայնում է երկրների զարգացման հնարավորությունները: Այդ փաստի գիտակցումն է ընկած Մաքսային միությանն անդամակցելու մեր որոշման հիմքում: Միևնույն ժամանակ, ինտեգրման գործընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծաես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ և փոխըմբռնման բարձր մակարդակով:

Այսօր առկա է արդեն հստակ ձևավորված աշխատանքային օրակարգ և անդամակցության ճանապահային քարտեզ, որոնց քայլերն իրականացման ընթացքում են: Եվարսիական տնտեսական հանձնաժողովի և Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս էական առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին: Այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած միջանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացայալներն իրականացման ընթացքում են»,- ուղերձում նշել է նախագահը` հավելելով, որ հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն է և մեր երկրի անմիջական մասնակցությունը միջազգային ինտեգրացիոն գորընթացներին:

Համաժողովին զեկույցով է հանդես եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով Մաքսային միության առավելություններ ու թերությունները: Նա նշել է, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, իսկ ԱՀԿ տարածքում ցածր մաքսատուրքեր են գործում: Սակայն, ըստ վարչապետի, ՄՄ-ում մաքսատուրքերի չափը մոտ երեք անգամ բարձր է, գրում է Armenia Today-ը:

«Դա նշանակում է, որ եթե մենք միասնականացնում ենք մաքսատուրքերը, դա ազդեցություն է թողնելու այն տնտեսվարողների վրա, որոնք ապրանքներ են ներմուծում երրորդ երկրներից»,- ասաց նա` հավելելով. «Մի կողմից, եթե բարձրացնենք մսամթերքի մաքսատուրքերը, դա բացասական ազդեցություն կթողնի սպառողական շուկայի վրա, մյուս կողմից պաշտպանելու ենք մեր միս արտադրողների շահերը: Դա խթանելու է նոր ներդրումներն անասնապահության բնագավառում»:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ կան բազմաթիվ ապրանքներ ու ծառայություններ, որոնք Հայաստանը չի արտադրում, այլ ներմուծվում են երրորդ երկրներից, և այս առումով միասնական մաքսատուրքերը ստեղծելու են որոշակի բարդություններ: Հայաստանը պետք է ուղղվի ՄՄ շուկաներ և նախապատվությունը տա ՄՄ երկրների կողմից արտադրված ապրանքներին և մատուցվող ծառայություներին: Իսկ երրորդ երկրներից ապրանքներ ու սարքեր ներմուծողների համար դժվարություններ կլինեն, ինչն այս փուլում քննարկման առարկա է:

Վարչապետը նաև նշել է, որ անդամակցելով ԱՀԿ-ին՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ: Դրանց մի մասը վերանայելու կարիք կա, քանի որ ստիպված ենք լինելու վերանայել մեր մաքստուրքերը: Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ ԱՀԿ-ի շրջանակներում բանակցային գործընթաց է սկսվելու:

«Անցած սեպտեմբերին Հայաստանը կարևոր որոշում կայացրեց` հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին և այդպիսով դառնալ միասնական տնտեսական տարածքի մաս: Մեր հայ գործընկերների որոշմանը սատարել են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը և այսօր մենք հաճույքով փաստում ենք, որ ճանապարհային քարտեզի կատարումն հաջողությամբ իրականացվում է, իսկ որոշ հարցերով անգամ առաջանցիկ տեմպերով»,- համաժողովի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձն ընթերցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Իգոր Չերնիշենկոն:

Գլոբալիզացիայի պայմաններում ամբողջ աշխարհում դիտվում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների միտում, նշվում է ուղերձում, և դա առաջնահերթ կապված է ազգային տնտեսությունների էֆեկտիվության և դիմադրողականության բարձրացման հետ. «Այս նոր ինտեգրացիոն ֆորմատում աշխատանքը արդեն բերում է կոնկրետ դիվիդենտներ Մաքսային միության անդամ-պետություններին: Վստահ եմ, որ մեր համատեղ քայլերը ինտեգրացիայի ճանապարհին արդյունավետ ազդեցություն կունենան նաև ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների խորացման վրա և կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանն առևտրային, տնտեսական և մշակութային ոլորտներում»:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը:

«Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը:

«ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---