Սպիտակ տանը Քեսաբի հարցով ուղղված խնդրագրի տակ հազարավոր ստորագրություն կա (թարմացված)

Սպիտակ տանը Քեսաբի հարցով ուղղված խնդրագրի տակ հազարավոր ստորագրություն կա (թարմացված)

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Քեսաբում զոհերի մասին հաստատված տվյալներ առայժմ չկան։ Չհաստատված տեղեկություններով Սիրիայի բանակին արդեն հաջողվել է ազատել քաղաքը ապստամբներից։ Իսկ մինչև այդաշխարհում գնալով ավելի շատ են խոսում Քեսաբի վերջին իրադարձությունների մասին, ապստամբների վայրագությունների մասին ավելի շատ ԶԼՄ-ներ գրում, արձագանքներ կան նաև քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների կողմից։

Սպիտակ տան We the people կայքում խնդրագիր է զետեղվել, որով կոչ է արվում կասեցնել կոտորածը Քեսաբում: Այն տեղադրվել է մարտի 28-ին և արդեն 10 հազարից ավելի ստորագրություն հավաքել: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է հավաքել 100 հազար ստորագրություն, որպեսզի խնդրագիրը ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկման:

Քեսաբի դեպքերի կապակցությամբ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: Ուղերձում, մասնավորապես, ասվու մ է.

«Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում և դրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից: Ներկայիս տվյալներով 670 հայ ընտանիք և Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել է հարևան Բասիթ և Լաթակիա:

Ցավալի է, սակայն, Քեսաբի դեպքերի համանման եղելություն կատարվել է 1909 և 1915 թվականներին, երբ թուրքական զորքերը ստիպել էին հայերին հեռանալ Քեսաբից: Քեսաբի հայերի այսօրվա սպանությունները և տեղահանումն արդեն երրորդն է նրանց պատմության մեջ: Այս դեպքերի հիմքում առկա է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման դիտավորությունը: Այս գործողությունները պետք է ընդունվեն որպես լրջագույն մարտահրավեր և վտանգ միջազգային հանրությանը, ինչպես նաև բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին»:

«Քեսաբի դեպքերը պարունակում են 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի կանոնադրությամբ նախատեսված ցեղասպանության հանցագործության տարրեր և, հաշվի առնելով, որ ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես erga omnes դրույթ, այժմ ավելի քան երբևէ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու թե արդյոք հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես՝ Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար», ասվում է ուղերձում:

Անցած շաբաթ Սենատի Կոմիտեի արտաքին գործերի հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է Հայաստանին աջակցող խմբի համանախագաներ Ֆրենկ Փալոունի և Մայքլ Գրիմի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հեղինակներ Ադամ Շիֆի ու Դևիդ Վալդաոյի հայտարարությունները, ինչպես նաև Բրեդ Շերմանի, Ջիմ Կոստայի և Ջեյմս Մակհովերնի Քեսաբի վրա հարձակման դատապարտումը և կոչ արել Պետքարտուղարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:

Իր նամակում սենատոր Մենենդեսը նշել է, որ խորապես մտահոգված է մարտի 21-ի հաղորդագրություններով սիրիական հայաշատ Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայի տարածքից «Ալ Քայիդայի» հետ կապված գրոհայինների հարձակումների մասին: «Այդպիսի հարձակումները շատ վտանգավոր են, քանի որ սիրիական փոքրամասնությունները դառնում են իսլամիստների թիրախը: Ես դատապարտում եմ նման բոլոր հարձակումներն ինչպես հայերի, այնպես էլ բոլոր քրիստոնյաների վրա»,- ասել է Մենենդեսը: Նախագահ Օբամային հասցեագրված նամակում կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմն ու Դևիդ Վալդաոն հայտարարել են, որ այս իրադարձությունները հիշեցնում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության առաջին օրերը: «Համարում ենք, որ այժմ Ամերիկան պետք է բազմապատկի ջանքերն, ուղղված Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնության պաշտպանության ապահովմանը», -ասվում է նամակում:

Ըստ կոնգրեսական, մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջեյմս Մակհովերնի, Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը պետք է մանրակրկիտ ու արդար հետաքննություն սկսի՝ պարզելու համար Թուրքիայի դերը Քեսաբի դեմ հարձակման մեջ: Կոնգրեսականներ Շիֆն ու Շերմանը էջ են բացել Twitter-ում #SaveKessab հեշթեգով, որտեղ հազարավոր օգտատերեր գրել են Քեսաբում հումանիտար ճգնաժամի մասին և իսլամիստներին Թուրքիայի աջակցության մասին: «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների դաժան հարձակումները հայերի և Քեսաբի մյուս քրիստոնյաների վրա սարսափելի են ու անթույլատրելի», -գրել է կոնգրեսական Շիֆը:

Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունում ամենօրյա ճեպազրույցի ժամանակ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Սիրիայի հայաշատ հին հայկական Քեսաբ քաղաքում ստեղծված իրավիճակով, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Միևնույն ժամանակ Պետքարտուղարությունը չի դատապարտել Թուրքիայի դերը քաղաքի վրա հարձակման գործում: «ANCA-ն ողջունում է մտահոգությունը Քեսաբի դեմ հարձակումների վերաբերյալ և մտադիր է շարունակել խորհրդակցություններն այդ հարցի շուրջ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ: Մենք մտադիր ենք մատնանշել հայերի, բոլոր քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների դեմ ուղղված բռնության կոնկրետ փաստերը Քեսաբում, Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում: Մենք նախկինի պես մտահոգված ենք իրավիճակով և համարում ենք, որ ԱՄՆ վարչակազմի լռությունը վկայում է Թուրքիայի աջակցության մասին ահաբեկիչներին և կոչ ենք անում Օբամայի վարչակազմին կասեցնել Թուրքիայի մասնակցությունը Սիրիայի հայ բնակչության դեմ գրոհներին, իսկ պետքարտուղար Քերին պետք է հանդես գա Թուրքիային ուղղված ուղերձով», -հայտարարել է կազմակերպության նախագահ Քեն Խաչիկյանը:

Մարի Հարֆը նշել է, որ «տուժածների թվում շատ են քաղաքացիական անձիք, բոլոր նրանք և նրանց սրբությունները պետք է պաշտպանված լինեն: Մենք վաղուց ենք մտահոգություն հայտնում Սիրիայի հայ համայնքի հանդեպ ծայրահեղականներից բխող սպառնալիքի վերաբերյալ»:

Ամերիկայի երիտասարդական ֆեդերացիան ուրբաթ օրը մամուլի ասուլիս էր կազմակերպել ԱՄՆ հայ համայնքի անդամների մասնակցությամբ, որից հետո բողոքի ցույց տեղի ունեցավ Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսության դիմաց: Բողոքի ակցիային մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը և Կալիֆորնիայի հայ համայնքի առաջնորդները:

Արդեն մի քանի օր է սիրիական հայաբնակ Քեսաբում ողբերգական իրադարձություններ են կատարվում: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին 70 հայ է զոհվել:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---