Եվրահանձնաժողովն էլ ավելի կպարզեցնի մուտքի ռեժիմը, հավանաբար, Արևելյան գործընկերության երկրների հետ

Եվրահանձնաժողովն էլ ավելի կպարզեցնի մուտքի ռեժիմը, հավանաբար, Արևելյան գործընկերության երկրների հետ

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը մտադիր է պարզեցնել Շենգենի գոտու 22 երկրների մուտքի արտոնագրերի ստացման ռեժիմը: Եվրամիության հանձնակատար Կոնի Հեդեգորդը համապատասխան առաջարկը կներկայացնի ապրիլի 1-ին Բրյուսելում, հայտնել է Deutsche Welle ռադիոկայանը:

Նոր նախաձեռնության նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանն ու տնտեսական աճին ԵՄ ներսում: Ըստ նախատեսված փոփոխությունների, Շենգենի վիզա ունեցող անձը կկարողանա 90 օրից ավելի անցկացնել վիզայի գործողության գոտում: Ընդ որում, կոնկրետ ժամկետ չի նշվում:

Բացի այդ, ԵՄ-ին չանդամակցող երկրների քաղաքացիները, որոնք ցանկանում են այցելել Եվրամիության երկրներում բնակվող իրենց հարազատներին, վիզա ստանալու համար պետք է շատ ավելի քիչ փաստաթղթեր ներկայացնեն, քան նախկինում:

Չի բացառվում նաև, որ մուտքի արտոնագիր ստանալու դիմումը հնարավոր կլինի ներկայացնել ինտերնետով կամ սահմանին: Մինչ օրս մուտքի արտոնագրի հարցում կարելի էր անել միայն ԵՄ Շենգենի օրենսդրության երկրների հյուպատոսություններում կամ դեսպանատներում:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե հատկապես որ երկրների համար է նախատեսվում ազատականացնել մուտքի ռեժիմը: Մինչդեռ, ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով ԵՄ-ն կվերանայի իր քաղաքականությունը Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրների համար, նշում է Deutsche Welle-ն: «Սերտ համագործակցության մեր առաջարկն Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրների հետ նախկինի պես ակտուալ է»,-հայտարարել է Շտայնմայերը:

«Մեր քաղաքականությունը պետք է համապատասխան արձագանքը տա քաղաքական իրողություններին: Մենք չենք ստիպի մեր արևելյան հարևաններին որոշում կայացնել կամ-կամ սկզբունքով»,-ասել է նախարարը, հայտնում է Ինտերֆաքսը: Մարտի 31-ին Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարները կքննարկեն այն հարցը, թե ինչպես կարելի է համագործակցել արևելյան հարևանների հետ, որպեսզի նրանք ստիպված չլինեն ընտրություն կատարել ԵՄ ու Ռուսաստանի միջև, հայտնում է ռադիոկայանը:

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան: Ինչպես ասվել է, Մոլդովայի քաղաքացիների դեպքում, որոնք կենսաչափական անձնագրեր ունեն, մայիսից սկսում է գործել ազատ մուտքը Շենգենի գուտու երկրներ՝ 90 օրը չգերազանցող ժամկետով:

Դեռ հունվարին Հունաստանի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանին հայտարարեց, որ Հունաստանը, որն այժմ նախագահում է ԵՄ-ում, մարտի կեսին առաջարկներ կներկայացնի երրորդ երկրների համար վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ:

Ըստ նրա, ԵՄ-ում Հունաստանի նախագահության թիրախներից մեկը այն փաստի շեշտադրումն է, որ «զբոսաշրջությունը Եվրամիության համար պետք է զարգացման քաղաքականության անբաժան մասը լինի ոչ միայն Հունաստանի և մյուս հարավային երկրների դեպքում, այլ նաև ամբողջ Եվրոպայի համար»:

«Հունաստանը կառաջարկի վերանայել վիզային օրենսդրությունը, ինչը թույլ կտա վերացնել բյուրոկրատական խոչընդոտները երրորդ երկրների քաղաքացիների համար, օրինակ, ռուսաստանցիների, ուկրաինացիների, չինացիների, թուրքերի, որոնց Եվրոպա մեկնելու համար մուտքի արտոնագիր է պետք: Մենք պետք է պարզեցնենք նրանց մուտքը մեր երկիր»,- պարզաբանել է նախարարը:

Ավելի վաղ Հունաստանի ԱԳ նախարար և փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել էր, թե Հունաստանը Եվրոպական հարևանության քաղաքականությունը արևելյանից շեղում է դեպի հարավային: ԵՄ հարևանության քաղաքականությունն այժմ երկու ուղղություն ունի՝ արևելյան ու հարավային:

Հարավայինի մեջ են Ալժիրը, Եգիպտոսը, Մարոկկոն, Հորդանանը, Իսրայելը, Լիբիան, Լիբանանը, Սիրիան, Պաղեստինը, Թունիսը:

Հունաստանը նախագահում է Եվրամիությունում հունվարի 1-ից: 2014 թվականի երկրորդ կեսին նրան կփոխարինի Իտալիան: 2013 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԵՄ հետ համաձայնագիրը վիզային ռեժիմի պարզեցման ու ռեադմիսիայի մասին: Վավերացված համաձայնագրերն ուժ մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից: 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վիզային ռեժիմի պարզեցման ու ռեադմիսիայի մասին համաձայնագրին ԵՄ ու Հայաստանի միջև: Ըստ նոր կանոնների, կպարզեցվի վիզաների տրամադրումը, գինը կնվազի, կկրճատվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2012 թ. դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրեցին համաձայնագիրը: Նոր կանոնները կարագացնեն մուտքի արտոնագրերի հանձնման ընթացակարգը (որոշումը կընդունվի տասը օրվա ընթացքում, արտակարգ դեպքերում մինչև երկու օր և ավելի պակաս ժամանակահատվածում)։ Մուտքի արտոնագրերն ավելի էժան կլինեն (նախկին 60 եվրոյի փոխարեն վճարը կկազմի 35 եվրո), կկրճատվի դեսպանատներ ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը (փաստաթղթերի ցուցակը կկրճատվի մտերիմ հարազատների, պաշտոնական պատվիրակությունների անդամների, ուսանողների, գործարարների, լրագրողների, գիտնականների համար և այլն): Դյուրացվել է նաև բազմակի այցելության համար նախատեսված մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը։ «ՀՀ քաղաքացիները, ովքեր դիվանագիտական անձնագրեր ունեն, ազատված են կարճաժամկետ ժամանման համար մուտքի արտոնագրեր ստանալու անհրաժեշտությունից»,– նշվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---