4  01.04.14 - ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանի, Էդմոն Մարուքյանի և թուրքագետ Արտակ Շաքարյանի մամուլի ասուլիսը

Նախարար. Քեսաբում գտնվող 38 հայ պատանդից 20-ն ազատ է արձակվել (թարմացված)

Նախարար. Քեսաբում գտնվող 38 հայ պատանդից 20-ն ազատ է արձակվել (թարմացված)

PanARMENIAN.Net - Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա իրականացված հարձակումից հետո հակասական տեղեկություններ էին տարածվել բնակավայրում մնացած շուրջ 30 հայերի ճակատագրի մասին, որոնք, ըստ տարբեր տեղեկությունների, առևանգվել էին։ Ապրիլի 1-ինՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնել է, որ զրուցել է Քեսաբի քաղաքապետի հետ և տեղեկություն ունի, որ 38 հայ պատանդներից 20-ն ազատ են արձակվել, գրում է Tert.am-ը։

«Մնացած 18-ի վերաբերյալ բանակցություններ են ընթանում»,-ասել է Հրանուշ Հակոբյանը։

Քեսաբի դեպքերն ապացուցեցին, որ Ցեղասպանությունից անգամ 100 տարի անց ոչինչ չի փոխվել, պարզապես մեթոդներն են փոխվել՝ ինտերնետ, Facebook: Ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը գործընկերների հետ օրեր առաջ է վերադարձել Սիրիայի Լաթաքիա քաղաքից։ Նա նշել է, որ Լաթաքիայի սբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստանած մարդիկ պատմում էին, թե Քեսաբում հերթապահություն սահմանած հայերը նկատել են, որ զինյալները հետ են քաշվել ու սկսել կրակել, նրանց միացել են նաև թուրք զինյալները, գրում է Tert.am-ը։

Խորհրդարանական պատվիրակությունը Սիրիա էր մեկնել մարտի 25-ին։ ԲացիԷդմոն Մարուքյանից դրա կազմում էին Սամվել ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը ևԹևան Պողոսյանը: Պատգամավորները տեղում ծանոթացել են իրավիճակին, մի շարք հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Նրանք վերադրձել ենԵրևանմարտի 29-ին:

«Սիրիական բանակի աջակցությամբ Քեսաբի բնակիչները տեղափոխվել են Լաթաքիա։ 320 ընտանիք այսօր Լաթաքիայի Աստվածածին եկեղեցում օգտվում է տրամադրվող օգնությունից և սննդից։ Մեր հայրենակիցները հստակ գիտակցում են, որ իրենց տները վերադառնալուն պես չեն տեսնելու այն, ինչ թողել են, դրա համար մեզ խնդրում էին, որ և՛ Հայաստանը, և՛ աշխարհասփյուռ հայությունը իրենց օգնեն՝ վերականգնելու իրենց տնտեսությունը»,-ասել է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, թե տեղեկություններ կան, որ Քեսաբի տներն ամբողջությամբ թալանված են։

«Նպատակը մեր աչքով տեղի ունեցող իրադարձությունները տեսնելն էր։ Շատ դժվար էր տեսնել նրանց ու փորձել չհուզվել»,-ասել է պատգամավոր Թևան Պողոսյանը, որը նույնպես եղել էր Սիրիայում։

Թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ վստահ է, որ դեռ մինչև այսօր թուրքերի մոտ կա այն կեղծ հիմնավորումը, թե Քեսաբն իրենցն է, ոչ թե Սիրիայինը. «Իրականում Քեսաբը թուրք-սիրիական սահմանի միակ հատվածն է, որը չէր վերահսկվում գրոհայինների կողմից, և վաղ թե ուշ այն մի օր անցնելու էր ահաբեկիչների ձեռքը։ Տրամաբանական էր, որ Սիրիայի նախագահ Ասադին հասնելու համար նրանք պետք է վերցնեին Լաթաքիան, իսկ Լաթաքիային հասնելու համար նախևառաջ պետք է վերցնեին Քեսաբը»։

Անդրադառնալով համացանցում տարածվող նկարներին, որտեղ երկու տարի առաջ Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններն են, Արտակ Շաքարյանն ասաց, թե Քեսաբի խնդիրն ուռճացնելով՝ այն չպետք է հասցնել ստի աստիճանի. «Կոչ եմ անում զգոն լինել, քանի որ չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ևս Քեսաբը շարունակի կռվախնձոր մնալ երկու պետությունների միջև»։

«Քեսաբի դեպքերին և իրադարձություններին մամուլը բավականին բուռն արձագանքեց, անհրաժեշտ շեշտադրումները կատարվեցին, ամբողջ հայությունը կարողացավ հարցը հնչեցնել տարբեր ատյաններում, բայց հարցի ներքին քննության, վերլուծության իմաստով մենք չկարողացանք բարձրության վրա գտնվել»,- նման կարծիք է հայտնել «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Ըստ նրա, ուղղորդելու իմաստով հայ լրագրողները համապատասխան զենքը չունեն, պետական, ազգային միջոցներ են պետք, գրում է Panorama.am-ը:

Իսկ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն էլ համոզված է, որ Քեսաբի դեպքերի վերաբերյալ հայկական լրատվական դաշտը վստահելի աղբյուրներ ուներ՝ հենց քեսաբցիները, սիրիահայերը, հայ պատգամավորների խմբի անդամները, ովքեր այցելել էին Քեսաբ: Ըստ նրա, այդկերպ հնարավոր եղավ սահմանափակել ապատեղակատվության հնարավոր աղբյուրները:

«Ցավոք, ինչպես միշտ, խառնվեցին աշխարհաքաղաքական շահերը՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նրանք տեղեկություններ տարածելով, իրենց շահերն էին հետապնդում»,- ասել է փարձագետը` հավելելով` արտասահմանյան լրատվամիջոցների տարածած շատ տեղեկություններ կարող են վտանգավոր լինել, պետք է բացատրական աշխատանքներ տարվեն նրանց հետ, որ պետք է այս հարցում զգույշ լինել: Նրա կարծիքով` հայկական լրատվական դաշտը շատ զգույշ, չափավոր է աշխատել, իսկ արտգործնախարարությունը պետք է հայ համայնքների հետ աշխատելու գլոբալ ռազմավարություն մշակի. «Այնպիսի տպավորություն է, որ հայ համայնքներին հիշում են այն ժամանակ, երբ պետք է գումար հավաքեն, մնացած դեպքերում բացիթողի վիճակում է: Հայաստանի արտգործնախարարությունն իր կարողությունների տասը տոկոսը չի կարողանում օգտագործել»:

Արդեն մի քանի օր է Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում: Թուրքական կողմը՝ խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին 70 հայ է զոհվել:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ:

Չհաստատված տեղեկություններով Սիրիայի բանակին արդեն հաջողվել է ազատել քաղաքը ապստամբներից։ Իսկ մինչև այդաշխարհում գնալով ավելի շատ են խոսում Քեսաբի վերջին իրադարձությունների մասին, ապստամբների վայրագությունների մասին ավելի շատ ԶԼՄ-ներ գրում, արձագանքներ կան նաև քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների կողմից։

Սպիտակ տան We the people կայքում խնդրագիր է զետեղվել, որով կոչ է արվում կասեցնել կոտորածը Քեսաբում: Այն տեղադրվել է մարտի 28-ին և արդեն 10 հազարից ավելի ստորագրություն հավաքել: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է հավաքել 100 հազար ստորագրություն, որպեսզի խնդրագիրը ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---