Հայաստանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության ձևաչափը

Հայաստանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության ձևաչափը

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության գործող ձևաչափը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գոյություն ունեն փոխգործակցության զարգացման պլաններ։ «Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձևաչափեր։ Ընդլայնել դրանք, փոխել՝ մենք չենք պատրաստվում»,- ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Russia Today-ը, Spiegel Online թերթը մի փաստաթուղթ է հրապարակել ՆԱՏՕ-ի կողմից Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ:

Nato Restricted վերտառությամբ 7-էջանի փաստաթղթում երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը:

Ըստ փաստաթղթի հեղինակների, բոլոր երեք երկրներում հարկավոր է զարգացնել տեղի զինված ուժերի գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, իսկ դրա համար հարկավոր է անցկացնել համատեղ զորավարժություններ: Նախատեսվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի մասնակցությունը Smart Defence ծրագրի նախագծերին, ինչը ենթադրում է զինվորական սպառազինման առաքում ու ռազմական ներուժի սերտաճում՝ մասնագիտացումների բաշխման պարագայում, հայտնում է պարբերականը:

Ինչպես հայտնում է ԻնոՊրեսան-ն, հոդվածի հեղինակ Քրիսթոֆ Շուլտի տեսակետից, այդ միջոցառումները «ակնհայտ ուղերձ են պարունակում Ռուսաստանի հասցեին. եթե Ուկրաինայից հետո Մոսկվան կասկածի տակ դնի ևս որևէ երկրի սահմանները, ՆԱՏՕ-ի համար դա անընդունելի կլինի»: Այդ թեզը տարաձայնություններ չի առաջացնում, իսկ նոր անդամներ դաշինքի կազմում ընդունելու հարցում միասնություն չկա: Ինչպես մարտի 31-ին հայտարարել էր ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, «այս պահի դրությամբ այդ հարցը գերակա խնդիրների մեր ցանկում բացակայում է»:

Մինչդեռ, ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել կասեցնել գործակցությունը Ռուսատանի Դաշնության հետ ռազմական և քաղաքացիական ոլորտներում մինչև հունիսի 1-ը: Որոշումը կապված է Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այդ մասին հայտնի դարձավ պաշտոնական հայտարարությունից, որը տարածվեց Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթաժողովի ավարտին:

Գագաթաժողովի մասնակիցները խստորեն դատապարտեցին Ռուսաստանի «ռազմական ներխուժումն» Ուկրաինա և հայտարարեցին, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է: Նախարարները կոչ արեցին Ռուսաստանի Դաշնությանը շտապ կարգով միջոցներ ձեռնարկել վերականգնելու համար միջազգային իրավունքը, սակայն ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ են շարունակել երկխոսությունը ՌԴ հետ քաղաքական մակարդակով»:

Մարտին Երևանում տեղի ունեցավ «Գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասում. ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» երկօրյա խորհրդաժողովը, որի կազմակերպիչն էր Ռազմավարական հետազոտությունների SPECTRUM կենտրոնը:

Խորհրդաժողովում ելույթ ունեցավ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով պատասխանատու Ուիլյամ Լահյուն: Նա հայտարարեց, որ ցանկացած երկիր Կովկասի տարածաշրջանում կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: «ՆԱՏՕ-ն հետաքրքրվում է Կովկասի տարածաշրջանով և դիտարկում է այն որպես Եվրոպայի մաս: Վերջին իրադարձություններն Ուկրաինայում ստիպեցին ՆԱՏՕ-ին վերանայել հարաբերությունները գործընկերների հետ, վերագնահատել Դաշինքի ներուժը: Վերջին երկու տասնամյակում ՆԱՏՕ-ն կրճատել է իր զինված ուժերը ոչ թե տնտեսական խնդիրների պատճառով, այլ այն նկատառումով, որ սպառնալիքները պակասում են: Սակայն այժմ իրավիճակը փոխվել է»,-ասել է Լահյուն: Նա նշել է, որ Մոսկվայի հայտարարություններին հակառակ, ՆԱՏՕ-ն երբեք ոչ ոքի չի ստիպում անդամակցել կազմակերպությանը:

«Գործընկերների հետ հարաբերությունները մենք կառուցում ենք ելնելով ընդհանուր արժեքներից՝ օրենքի ու ժողովրդավարության գերակայություն: Յուրաքանչյուր երկիր ՆԱՏՕ-ում պետք է ազատ լինի: Ստիպողաբար կառուցված հարաբերություններն ինքնին անկայուն են», -ասել է նա, հավելելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար:

«Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որը մասնակցում է Դաշինքի գործողություններին: Դա կարևոր գործոն է, որը թույլ է տալիս համատեղել տարբեր մոտեցումները, քանի որ հայտնի է, որ տարաձայնություններ կան ՀԱՊԿ ու ՆԱՏՕ անդամ երկրների միջև»,-ասել է Լահյուն: Նա նշել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է պարտավորությունների կատարմանը և պատրաստ է հետագայում ևս զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլ նաև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում ու Աֆղանստանում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---