Բաքուն ապատեղեկատվություն է տարածում իր իբր սպանված զինվորների մասին, բայց վախենում է ԵԱՀԿ առաքելությանն առաջնագիծ տանել

Բաքուն ապատեղեկատվություն է տարածում իր իբր սպանված զինվորների մասին, բայց վախենում է ԵԱՀԿ առաքելությանն առաջնագիծ տանել

PanARMENIAN.Net - Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները «տեղեկատվություն» էին տարածել, որի համաձայն «հայերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով» շփման գծի Տերտերի հատվածում մարտական առաջադրանք կատարելիս իբր սպանվել է Իսմաիլլիի շրջանից զորակոչված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ակիֆ Այդին օղլու Բախշիևը:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով ադրբեջանական մամուլի հաղորդագրությունները, հայտարարել է, որ «ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել: Նման բան չկա: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի կանոններին», հայտնում է Panorama.am-ը:

Իր հերթին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով ադրբեջանական մամուլի հաղորդագրությունները «հայերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին», հայտարարել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները շփոթել են ժամանակը՝ հերթական անգամ ապատեղեկատվություն տարածելիս:

Ըստ նրա, այդ թեմայով ապատեղեկատվություն է տարածվում ամեն օր հաստատված ժամի, սակայն, ապրիլի 2-ին ազերի լրագրողները մի փոքր շտապել են: Մասնավորապես ադրբեջանական կայքերից մեկում զետեղված հաղորդագրությունը «Հայաստանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը» շաբլոն վերնագրով, թվագրված՝ 10:12, տեղադրվել է նշված ժամից ավելի շուտ՝ բացահայտելով ադրբեջանական քարոզչության հերթական սայթաքումը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Մինչդեռ ինչպես հայտնել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (/Չեխիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---