Նախագահը՝ նոր կառավարության մասին․ Էական փոփոխություններ են լինելու (թարմացված)

Նախագահը՝ նոր կառավարության մասին․ Էական փոփոխություններ են լինելու (թարմացված)

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԿԲ ղեկավար անձնակազմի հետ։ Մի շարք զեկույցներ լսելուց հետո երկրի ղեկավարն անդրադարձել է նաև նոր ձևավորվելիք Կառավարության հարցին՝ նշելով, որ այդ մասին դեռ կխոսի։ Նա ընդգծել է, որ նոր գործադիրը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ:

«Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր Կառավարությունը պետք է կարողանա լուծել: Կարծում եմ՝ Կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Անդրադառնալով վարչապետի հրաժարականին, նախագահը նշել է, որ այն իրոք «հրաժարական էր, այլ ոչ թե պարտադրանք»:

«Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Ուղղակի մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը:

Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար: Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունը զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց, կարծում եմ, մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»,- ասել է նախագահը:

Երեկոյան վարչապետի հրաժարականի մասին տեղեկանալուն պես ամբողջ համացանցը ողողվեց տարատեսակ մեկնաբանություններով։ Չնայած «ափսոսից» մինչև «վերջապես» հանրության հակասական կարծիքներին՝ քաղաքական ուժերը չեն շտապում մեկնաբանել Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Օրինակ, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ,ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը չի մեկնաբանել Կառավարության ղեկավարի հրաժարականը: «Այս պահին ասելու ոչինչ չունեմ»,- ասել է Հարությունյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ևս հրաժարվել է մեկնաբանությունից` խոստանալով թեմային անդրադառնալ այսօր՝ ապրիլի 4-ին, գրում է «Սիվիլնեթ»-ը:

Ապրիլի 3-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը ՀՀ նախագահն ընդունել է: Նրա խոսքով, Կառավարության ղեկավարը դեռևս մեկ ամիս առաջ էր նման խնդրանքով դիմել նախագահին, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, երկրի ղեկավարը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և ապրիլի 3-ին արդեն նրա դիմումը բավարարվել է։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի ցանկացել մեկնաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, գրում է «Առավոտ» օրաթերթը: Միակ բանը, որ նա ասել է՝ «Ինձ համար դա անակնկալ չէր»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հրաժարականն անսպասելի էր:

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մեծ փոփոխությունների նախաշեմին ենք: Մյուսների պես պայծառատես չեմ, և ինձ համար ոչ թե սպասելի, այլ անսպասելի էր: Մոդա է ասել՝ սպասելի էր: Սպասելի չէր, և դա ցույց է տալիս, որ կան ընդհատակյա գործընթացներ, կան ճաքեր, եթե քաղաքական և քաղաքացիական դաշտը միանա, մենք կունենանք մեծ փոփոխություններ մոտ ապագայում»,- այսօր լրագրողներին ասել է Հովհաննիսյանը:

Հարցին, թե վարչապետի հրաժարականն ինչպես կանդրադառնա քառյակի հետագա գործունեության վրա, նա պատասխանել է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քիչ անց՝ խորհրդարանական չորս ուժերի հետ հանդիպումից հետո, կխոսի, գրում է Tert.am-ը:

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի հրաժարականի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի անում, ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Որևէ մեկնաբանություն այս թեմային և դրան առնչվող, դրա հետ կապակցված, զուգորդված, փոխկապակցված, դրանից բխող, ենթադրվող հարցերին ԲՀԿ-ն չի պատասխանում»,- նշել է պատգամավորը:

Ի պատասխան հարցի, թե ինչու, Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ դա ևս առնչվող հարց է: Անդրադառնալով նրան՝ դա իր համար անակնկա՞լ էր, թե՝ ոչ, Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Ինձ համար՝ ոչ»:

Ի պատասխան դիտարկման, որ մամուլում կան հրապարակումներ, թե այսօր՝ ժամը 15:00-ին, ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրել, որը կվարի Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ նիստ ծրագրված չի եղել և նախատեսված չէ։

ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանն իր հերթին նշել է, թե հիմա մնում է փոխել Կառավարության գործունեության նպատակները, թիրախներն ու գնալ դեպի այն, որ երկրում մթնոլորտը փոխվի:

Իսկ մինչ այդ այսօր՝ ժամը 13:00-ին, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական հանդիպումն է։ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի խոսքով, քննարկումը նախատեսված էր մինչև ՀՀ վարչապետի հրաժարականը, բայց հասկանալի է, որ այդ իրադարձությունը շատ բաներ է փոխում, գրում է Panorama.am-ը։

Ավելի վաղ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները քննարկումների արդյունքում ապրիլի 28-ին Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշում էին կայացրել:

Ֆեյսբուքի իր էջում վարչապետի հրաժարականին է անդրադարձել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ այս փոփոխությունը վաղուց էր հասունացել:

«Մեր ազգային ավանդույթը պնդում է, որ գնացողի հետևից չեն խոսում: Ես կհետևեմ այդ ավանդույթին: Միայն կասեմ, որ հույսի, հավատի, նույնիսկ ամենամշակված ու ամենամտածված ծրագրի հանդեպ վերջին ժամանակներում առաջ եկող հասարակական կասկածանքների միջավայրը մեկ բանի մասին էր խոսում` փոփոխությունների ակնկալիքը վաղուց էր հասունացել»,- նշել է նա:

Պատգամավորը բոլորին շնորհավորել է ոչ թե Կառավարության հրաժարակի, այլ երկրում կատարված փոփոխության առթիվ: Նա մանրամասնել է, թե փոփոխություն ասելով ամենևին էլ առաջնային չի համարում մարդկանց փոխելը․ ըստ Պողոսյանի, փոփոխությունները պետք է վերաբերեն «հասարակական կյանքի բոլորի ոլորտների խաղի կանոններին ու զարգացմանը, մարդկանց` ապրելու ու ինքնադրսևորվելուն պետք է առնչվեն»:

«Երբ այդ ամենի հանդեպ հավատը իսպառ կորել էր, ապա Կառավարության փոփոխությունն ինքնին, հենց իր փաստով, կարող է դառնալ նոր փոփոխությունների խթանիչ: Շնորհավորում եմ ընդդիմությանը, որ ով ինչ էլ հիմա ասի ու հերքի, չի կարող վերջին ամիսների իր քայլերով էական դեր ունեցած չլինի այս գործընթացում»,- նշել է նա:

ՀԱԿ-ը վերջին իրադարձությունը մեկանաբնել է հետևյալ կերպ. «Ապրիլի 28-ին պետք է կայանար 4 քաղաքական ուժի համատեղ շուրջօրյա հանրահավաքը՝ Կառավարության հրաժարականի պահանջով: Նախապատրաստությունները սկսվել էին ամբողջ թափով, և իշխանությունները հասկացան, որ մարդկային ծովն ուղղակի կխորտակի իրենց», գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն իր հերթին հարցին՝ սպասելի էր Տիգրան Սարգսյանի հրաժարականը, պատասխանել է. «Ամեն վայրկյան էլ սպասելի է՝ իր հրաժարականն էլ, Սերժ Սարգսյանինն էլ… Երկրում ստեղծված այս պայմաններում, այս իրավիճակում, երբ իշխանություն չկա Հայաստանում, ամեն ինչ սպասելի է: Ու այդ վիճակն արդեն առաջին օրը չի, առաջին տարին չի»,- ասել է նա՝ հավելելով, որ հնարավոր է «վաղն արթնանանք, պարզվի նախագահն է հրաժարական տվել, մյուս օրն արթնանանք՝ Հանրապետականն ամբողջովին», գրում է «Առավոտ»-ը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այս կապակցությամբ ասել է. «Այս քայլը Տիգրան Սարգսյանի համար շատ ճիշտ էր, և ինքը ճիշտ ժամանակին է հեռանում: Կարծում եմ, որ պատճառները ներքաղաքական խնդիրները չեն: Երեկ չէ առաջին օրը Կառավարությունը փոխվեց Ղազախստանում, նաև Ղրղզստանում, և Հայաստանում էլ փոխվեց»: Միաժամանակ Կարապետյանը հավելել է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի խնդիրն ավելի շատ կապված է Ռուսաստանում առկա գործընթացների հետ:

Արդեն այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով գործադիրի ղեկավարի հրաժարականը, ԿԳ նախարարի ներկայիս պաշտոնակատար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը նշել է․

«Վարչապետի հրաժարականն ապացույցն էր, որ Կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության և երկրի նախագահի որոշումներից»,- ասել է նա՝ հավելելով, որ իրեն տեսնում է Հանրապետական կուսակցությունում։ Աշոտյանը հրաժարվել է ապագա վարչապետի թեկնածուների անուններ նշել։

Նախօրեին իր հրաժարականի մասին վարչապետը նշել էր, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված:Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում նաև գրել էր․

«Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2008-ի ապրիլի 9-ին։ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետի բացակայության ընթացքում նրան փոխարինում է փոխվարչապետը: Երկրի ղեկավարը վարչապետ է նշանակում Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում:

Ըստ 55-րդ հոդվածի՝ վարչապետի՝ հրաժարական ներկայացելու կամ նրա պաշտոնի թափուր մնալու օրը նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը: Սահմանադրությամբ սահմանվում է, որ գործադիրի հրաժարականի ընդունումից հետո դրա անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը: Այն կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ կետով ամրագրված է, որ երիրի ղեկավարն Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---