ՎիվաՍել-ՄՏՍ-ը խթանում է այլընտրանքային էներգիայի օգտագործումը մարզերում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խթանում է այլընտրանքային էներգիայի օգտագործումը մարզերում

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի Ծովագյուղ համայնքում մեկնարկել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր ծրագիրը: Նախագծի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից:

Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որը կիրականացվի Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերի չորս համայնքներում, բաղկացած է երկու մասից` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը:

«Ծրագիրը հնարավորություն է ընձեռում բարձրացնել համայնքի բնակիչների կենսամակարդակը՝ խնայողաբար օգտագործելով բնության բարիքները և հոգատար վերաբերմունք ցուցաբերելով շրջակա միջավայրի հանդեպ: Կայուն զարգացման ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեսլականի հիմքում սեփական գյուղում երկարաժամկետ արդյունք խոստացող տարատեսակ հնարավորությունների ստեղծումը և պահպանումն են»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի 70 միլիոն ՀՀ դրամ:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---