Նախագահ. Մարդիկ կարծում են` ԿԲ նպատակը թանկ վարկեր տալն ու փող աշխատելն է

Նախագահ. Մարդիկ կարծում են` ԿԲ նպատակը թանկ վարկեր տալն ու փող աշխատելն է

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկում ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցությանը նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ցրտահարության պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու աշխատանքներին, ինչի ուղղությամբ, ըստ նախագահի, կառավարությունն ակտիվորեն զբաղվում է:

«Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք էապես մեղմել վնասները: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ` հիմա էլ պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության և մարման ժամանակացույցերը մի փոքր ավելի բարենպաստ և մեղմ դարձնելուն. «Անցյալ տարի մենք էլի կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին դրամայինով: Դա չափազանց էական նշանակություն ունի նաև մարդկանց ապագայի համար: Այս ուղղությամբ էլ մենք անելիքներ ունենք և պետք է անպայման շարունակենք տոկոսադրույքների սուբսիդավորումը, որոնց համար միջոցներ նախատեսվել էին»:

Նրա համոզմամբ, եթե կան այլ գործիքներ, այլ միջոցներ, որոնցով հնարավոր է մարդկանց հոգսը թեթևացնել, անպայման պետք է անել: Նախագահը նշել է, թե մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, որ ընդհանրապես բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նպատակը թանկ վարկեր տալն է կամ հնարավորինս փող աշխատելը, և որ Կենտրոնական բանկն այս առումով, իբր թե, նպաստում է մասնավոր բանկերի գործունեությանը, և վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ խոսքը գերշահույթների մասին է, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Նախագահի խոսքով, տուժած տնտեսությունների դեպքերը թեև մարդկանց համար ողբերգություն են, տնտեսության համար վնասակար ներգործություն, բայց մյուս կողմից էլ լավ առիթ է ցույց տալու, որ իրականում բանկերը և ֆինանսական համակարգը խորապես շահագրգռված են տնտեսության զարգացմամբ. «Ուստի, ես խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք և այդ մարդկանց հետ շփվեք: Եթե դեռ երեկվանից չեք սկսել շփվել, ապա վաղվանից ակտիվորեն շփվեք և, անպայման, էական օժանդակություն ցուցաբերեք»:

Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանը շարունակում է այցելությունները մարզեր՝ ցրտահարության հետևանքով ստեղծված իրավիճակին և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Ապրիլի 4-ին ԱԳևորգյանը, գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանի, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի Քանաքեռավան, Մրգաշատ համայնքներ, եղել ցրտահարությունից տուժած այգիներում, հանդիպել բնակիչների հետ:

Վերջիններս ներկայացրել են ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին ստանձնած վարկային պարտավորություններին, մատչելի ոռոգման ջրով ու սերմացուով ապահովելու խնդիրներին, հայտնում են Տարածքային կառավարման նախարարության մամուլի բաժնից:

Այնուհետև Եղվարդի տարածաշրջանի համայնքների և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվել Նոր Գեղիի համայնքապետարանում: Համայնքների ղեկավարները ներկայացրել են իրավիճակը: Քննարկվել են ցրտահարության հետևանքների մեղմանն ուղղված հետագա անելիքները, կարևորվել այգիների խնամքի, նոր մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման աշխատանքները, անդրադարձել են նաև հակակարկտային միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ անհրաժեշտ սերմացուի տեսակների և ծավալների, ինչպես նաև պարարտանյութի լրացուցիչ պահանջարկի մասին հաշվարկները համայնքապետները կներկայացնեն մարզպետարան:

Մարտի 29-30-ին հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառած կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս չկա: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին: Ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել նախարարության մասնագետները արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ անզոր է եղել տարերքին համարժեք գործողություններ իրականացնել:

Մինչ այդ` մարտի 26-ին Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ը տեղեկացրել էր, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:

Գնահատելով վնասները` «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշել էր. «Հայ գյուղացին լուրջ վնաս է կրել: Խոսքը 45-50 000 տոննա ծիրանի ցրտահարության մասին է»: Արմավիրի մարզպետարանից հայտնել էին, որ պտղատուները հիմնականում վնասվել են: Ծիրանենին, սալորենին, դեղձենին ամբողջությամբ ծաղկել էին ու 90-100 տոկոսով ցրտահարվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---