«Բժիշկ Մահի» կտավները գաղտնազերծվել են ու հանվել վաճառքի

«Բժիշկ Մահի» կտավները գաղտնազերծվել են ու հանվել վաճառքի

PanARMENIAN.Net - «Բժիշկ Մահ» մականունով հայտնի ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանի կտավները վերջապես գաղտնազերծվել են: Դրանք ցուցադրվում են Լոս Անջելեսի Gallerie Sparta պատկերասրահում: Ի դեպ, կտավները հնարավոր է նաև գնել: Որոշ նմուշների գինը հասնում է 45.000 դոլարի, գրում է Daily Mail-ը ։

Ցուցադրության է հանվել 11 կտավ և նրա հանրահայտ «ինքնասպանության մեքենան»` մերսիտրոնը:

Պարբերականը հիշեցնում է, որ Գևորգյանը ձեռք է բերել «Բժիշկ մահ» մականունը, երբ պարզվել է, որ նա էֆթանազիայի կիրառման աջակից է և այդ մեթոդով օգնել է 130 հիվանդի հեռանալ կյանքից։ Ճաղերի հետևում 8 տարի անցկացնելուց հետո նա մահացել է 2011-ին։

2011-ի դեկտեմբերին Մասսաչուսեթսում (ԱՄՆ) գործող Ամերիկայի Հայկական գրադարանն ու թանգարանը հրաժարվել են աճուրդի համար տրամադրել «Բժիշկ Մահ» մականունով հայտնի ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանի կտավները: Կտավները, որոնցից մեկը Գևորգյանը նկարել է սեփական արյունով, նրա 140 անձնական իրերի թվում են, որոնք պետք է աճուրդի հանվեին Նյու Յորքում:

Թանգարանը հայց էր ներկայացրել Գևորգյանի փաստաբանի դեմ` պնդելով, որ բժիշկն ու նրա քույրը ժամանակին հրապարակավ հայտարարել էին մասին, որ կտավները նվիրում են թանգարանին: Սակայն փաստաբան Մեյեր Մորգանրոթն այդ պնդումները «ծիծաղելի» է անվանել` նշելով, որ ոչ ինքը, ոչ Գևորգյանը նվիրաբերման մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել: Մորգանրոթը հաղորդել է, որ խնդրագիր է ներկայացրել հայցը Միդսլեքսի շրջանային դատարանից դաշնային դատարան տեղափոխելու մասին: Այնուամենայնիվ, թանգարանի ղեկավարությունը հաղորդել է, որ մինչև հայցի որոշումը Գևորգյանի կտավներն իր մոտ է պահելու:

Ջեք Գևորգյանն ամերիկահայ բժիշկ է, որն էվթանազիա էր քարոզում: Զբաղվելով բժշկականպրակտիկայով` նա հանդես եկավ էվթանազիայի պաշտպանությամբ այն դեպքերում, երբ հիվանդին այլևս անհնար է բժշկական օգնություն ցուցաբերել, և որի տանջանքները չարժեն, որպեսզի նա շարունակի ապրել: 1989թ. նա մշակեց և կառուցեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների և թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու անընդունակ հիվանդի արյան մեջ: 1990թ. հունիսի 4-ին օգտագործելով մերսիտրոնը` իր կյանքին վերջ տվեց առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ:

Ընդհանուր առմամբ 1990-1998թթ. մերսիտրոնից օգտվել են ավելի քան 130 մարդ: Գևորգյանի գաղափարները վճռականորեն դատապարտվել են բժշկական ընկերակցության և ԱՄՆ իշխանությունների կողմից: 1991թ. Գևորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու լիցենզիայից: Հետագայում նա չորս անգամ դատարան է ներկայացել, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պակասի պատճառով: 1999 թվականի մարտին Ջեք Գևորգյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գևորգյանն ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007 թվականի հունիսի 1-ին լավ վարքի համար նահանգի պայմանական վաղաժամ ազատման Հանձնաժողովի որոշմամբ 79-ամյա Ջեք Գևորգյանին ժամկետից երկու տարի շուտ ազատ արձակեցին: Մահացել է 2011 թ-ի հունիսի 10-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---