Բոստոնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով վահանակներ կտեղադրվեն

Բոստոնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով վահանակներ կտեղադրվեն

PanARMENIAN.Net - Ապրիլին Ուոթերթաունի, Քեմբրիջի և Ֆոքսբորոյի (Բոստոն, Մասաչուսեթս) փողոցներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով վահանակներ կտեղադրվեն: Ձեռնարկի նախաձեռնողն է Peace of Art կազմակերպությունը, որն այս տարի հանդես է եկել «Ճանաչեք դարի հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը» կարգախոսով: 100 թիվը վահանակի վրա պատկերված է ձեռնաշղթաների տեսքով, որտեղ 100-ը ХХ-րդ դարի առաջին ցեղասպանության մոտալուտ 100-ամյակն է խորհրդանշում, իսկ ձեռնաշղթաները՝ ոճրագործության ժխտումը, որը 1,5 մլն մարդու կյանք խլեց: Եթե Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր միջազգային հանրության կողմից, հնարավոր կլիներ խուսափել ազգային, կրոնական ու ռասայական հողի վրա մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կրկնությունից, գրում է Asbarez-ը:

Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ցեղասպանության զոհ են դարձել քաղաքական պատճառներով ու ազգային զտումների հետևանքով: Սկսած Հայոց ցեղասպանությունից, զտումները պատերազմում արդյունավետ լծակ դարձան բնակչության անցանկալի շերտերի ոչնչացման համար: Հայ ժողովուրդը պայքարում է դարի հանցագործության ճանաչման համար, սակայն աշխարհը կույր է մնում տարբեր երկրներում մարդկայնության դեմ կատարվող հանցագործությունների պարագայում: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի մարդկայնության դեմ նման հանցագործությունները:

Peace of Art-ը 2003 թվականից ի վեր վահանակներ է տեղադրում՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին, ՄԱԿ-ին ու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանության ժխտումը ոճիր է զոհվածների հիշատակի առջև, ինչպես նաև նրանց ժառանգների դեմ: 100 տարի անց ժամանակն է ձեռնաշղթաներ հագցնել հանցագործներին: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Հայոց ցեղասպանությունը վերապրածների մահվան հետ մոռացության կմատնվի, պետք է իմանան, որ միլիոնավոր հայերն ամբողջ աշխարհում շարունակելու են ճանաչում և արդարություն պահանջել»,- ասել է կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---