Արցախի ուղղությամբ հակառակորդի հերթական դիվերսիան ձախողվել է

Արցախի ուղղությամբ հակառակորդի հերթական դիվերսիան ձախողվել է

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Միջադեպից հետո ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և շփման գծի ողջ երկարությամբ վերահսկում իրավիճակը:

Իմիջիայլոց, ադրբեջանական լրատվականներն առավոտից տեղեկություններ են տարածում Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ ԼՂՀ ԶՈւ և ադրբեջանական զորքերի շփման գծում ականի պայթյունից 3 զոհի ու 6 վիրավորի մասին, բայց չեն նշում պատճառները:

Վիրավորներին բուժօգնություն ցույց տալու նպատակով Ֆիզուլիի շրջանի Ահմեդբեյլի գյուղ է գործուղվել երկրի ԶՈւ գլխավոր վիրաբույժ վերակենդանացման մասնագետը: Ծանր վիրավորված զինվոր Էմին Թալիբովը ուղղաթիռով տեղափոխվել է Բաքու:

Միջադեպի քննության նպատակով այսօր՝ ապրիլի 8-ին, պատահարի վայր է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հակառակորդի վերջին դիվերսիոն փորձը հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն էր, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին արձանագրվել: ԼՂՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ում ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---