4  08.04.14 - «Դեմ եմ» շարժման անդամների մամուլի ասուլիսը

Պարտադիր կուտակայինը. «Դ!ԵՄ ԵՄ»-ի բողոքը, ՊԵԿ-ի պարզաբանումն ու փաստաբանի մեկնաբանությունը

Պարտադիր կուտակայինը. «Դ!ԵՄ ԵՄ»-ի բողոքը, ՊԵԿ-ի պարզաբանումն ու  փաստաբանի մեկնաբանությունը

PanARMENIAN.Net - «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը վաղը` ապրիլի 9-ին, ֆինանսների նախարարության, այնուհետև` Պետական եկամուտների կոմիտեի շենքի առջև բողոքի ակցիա կանցկացնի՝ պահանջելով իրականացնել Սահմանադրական դատարանի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հետ կապված վճռի 6-րդ կետը՝ համաձայն որի, յուրաքանչյուր անձ ինքն է տնօրինում իր սեփականությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել են նախաձեռնության անդամները, գրում է Tert.am-ը:

Անդամներից Վահան Դուրինյանն ընդգծել է, որ իրենք պահանջելու են փոփոխություն կատարել էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում: «Համաձայն ՍԴ որոշման 6-րդ կետի, յուրաքանչյուր անձ ինքնուրույն է տնօրինում իր սեփականությունը, այսինքն՝ աշխատողն իրավունք ունի գործատուից պահանջել, որ իրենից պահում չանեն: Սակայն մյուս կողմից գործատուն հայտնվել է դժվար իրավիճակում, քանի որ այդ համակարգում «կուտակային»-ի վճարումը պարտադիր է և հնարավորություն չի տրվում լրացնել «0» նիշը»,-ասել է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամն ու հավելել` ընդամենը տեխնիկական խնդիր է, որը կարելի է լուծել մեկ ժամվա ընթացքում:

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել՝ կապված կուտակային կենսաթոշակների վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը հանելու մասին առաջարկների վերաբերյալ, որում նշվում է.

«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է ՀՀ վարչապետի` 04.02.2010թ. N58-Ն որոշմամբ ստեղծված Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ը ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի:

Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին ուղղված բազմաթիվ քաղաքացիների դիմումներին` որոնցով առաջարկվում է ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց, ապա տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ը մասնակիցների փոխարեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու իրավասություն չունի: «Համաձայն կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` նման իրավասությունով օժտված է պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողը` ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան»:

Այս հարցով հայտարարություն է տարածել նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտրաիան՝ ընդգծելով, թե վերջին օրերին ԲԲԸ-նբազմաթիվ դիմումներ էստացել կուտակայինի մասնակիցների ռեեստրի վարման Դեպոզիտարիայի գործառույթների իրականացման հետ։ Դրանում ասվում է․

«ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ամբողջությամբ շարունակում է գործել մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը, ուստի «Հայաստանի կենտրոնական դեպոզիտրաիա» ԲԲԸ-ն պարտավոր է և շարունակելու է կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները»:

Պարտադիր կուտակայինի դեմ պայքարող քաղաքացիները շտապում են նամակներ ուղարկել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, ֆինանսների նախարարություն ու կենտրոնական բանկ` հայտնելով, որ չեն ընտրել կենսաթոշակային ֆոնդ ու կառավարիչ և պահանջելով ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով իրենց փոխարեն ընտրելուց, քանի դեռ չունեն դիմողի գրավոր համաձայնությունը:

Ֆեյսբուքի օգտատերերը լուսանկարում և տեղադրում են փոստով ստացվող ծանուցումները, համաձայն որոնց` քանի որ սահմանված ժամկետում ֆոնդ ու կառավարիչ չեն ընտրել, համակարգը դա արդեն իսկ ավտոմատ կերպով կատարել է: Շրջանառվող լուրերի համաձայն` նման ծանուցում շուտով կստանան ՀՀ աշխատող և 1974-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները:

Փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով էլ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների հակասահմանադրական ճանաչելու գործընթացում ավելի շատ կար քաղաքականություն, իշխանության ծրագիր, քան իրավաբանություն:

Այդուհանդերձ, ըստ փաստաբանի, ակնհայտ է, որ այս գաղափարի «ճարտարապետները» պարտություն են կրել, և ծրագիրը կարելի է համարել ամբողջովին տապալված ոչ միայն այն առումով, որ հանրության 80 տոկոսը դեմ է եղել օրենքին, այլև ապրիլի 2-ին ՍԴ-ն իր որոշմամբ գաղափարը ճանաչել է հակասահմանադրական, գրում է Panorama.am-ը:

«Անկախ նրանից, թե առաջիկա վեց ամիսների ընթացքում նոր կառավարութունը ինչպիսի փոփոխություններ կփորձի անել, այս օրենքի վարկաբեկվածության աստիճանը այնքան խորն է, որ որևէ բան փրկելն անհույս է: Թեև այս ծրագրի սկիզբը համարվում է 2005թ-ը, այդուհանդերձ, դրան միս ու արյուն է տվել Տիգրան Սարգսյանի կառավարությունը` ստանձնելով քաղաքական պատասխանատվություն: Չեմ ուզում հեռացած վարչապետի մասին միայն վատն ասել, բայց կարծում եմ, որ նրա քաղաքական ֆիասկոյի պատճառներից մեկն էլ կենսաթոշակային համակարգի ներդրման տապալումն էր»,- մամուլի ասուլիսին ասել է Նորիկյանը՝ հավելելով․

«ՍԴ-ն «պարտադիր» բաղադրիչը ճանաչել է հակասահմանադրական, ուստի գտնում եմ, որ բոլոր գործատուները չպետք է մուծեն պարտադիր գումարները մինչև սեպտեմբերի 30-ը, քանի որ այդ գումարները վաղ թե ուշ վերադարձման ենթակա գումարներ են»,- ասել է փաստաբանը` հավելելով, որ ՍԴ որոշման մեջ նշված է նաև վերահաշվարկի մասին, այսինքն` այդ գումարները բոլոր դեպքերում պետք է վերադարձվեն, եթե ոչ, ապա ըստ փաստաբանի, քաղաքացիներն իրավունք ունեն դիմել դատարան. «Քաղաքացին կարող է ՍԴ որոշումը ձեռքին մտնել դատարան և իր գումարները հետ պահանջել»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ հայտարարել է, թե չեն շտապում իրենց գործատուներին հորդորել մուծել պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարները, քանզի գտնում է, որ օրենքի ընդունման հիմքը մեկն էր` «Կառավարությանն ուղղակի փող էր պետք»: Գագիկ Մակարյանը հույս է հայտնել, որ նոր կառավարությունը՝ կախված, թե որ բլոկից կնշանակվի վարչապետը, կարող է օրենքի կիրառումը դեռևս սառեցնել:

Ինչ վերաբերում է օրենքի կիրառմանը, Գործատուների միության նախագահը նշել է մի քանի տարբերակ:

«Տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ այդ գումարները հավաքվեն և մի երեք ամիս մնան գործատուի տրամադրության տակ, եթե ոչ, ապա մենք կատեգորիկ պայքարելու ենք մինչև վերջ, որ պարտադիրի մասով գործատուի տուժ ու տուգանքներն առնվազն վերանայվեն»,- ասել է նա:

Վերջինիս համոզմամբ՝ թոշակի համար մուծում կատարելը գործատուի իրավասության մեջ չի մտնում: «Պետք է Կառավարությունը մոտիվացնի գործատուին, և պետք է պարտադիրը հանվի»,- եզրափակել է նա:

Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր է ճանաչել։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվել է։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ է տվել՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---