ԱՄՆ կոնգրեսականները Քեսաբին նվիրված մամուլի ասուլիս են հրավիրել (վիդեո)

ԱՄՆ կոնգրեսականները Քեսաբին նվիրված մամուլի ասուլիս են հրավիրել

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը մամուլի ասուլիս է հրավիրել Կապիտոլիումի մոտ, որտեղ դատապարտել է «Ալ Քայիդայի» հետ կապված և Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստ գրոհայինների հարձակումը հայաբնակ սիրիական Քեսաբի վրա, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Ադամ Շիֆին են միացել նաև ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը, կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն և Բրեդ Շերմանը, ինչպես նաև ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Կոնգրեսականները կոչ են արել ավելացնել տուժածներին ու տեղահանվածներին հատկացվող օգնությունն ու հետաքննել Թուրքիայի դերը գրոհայիններին սատարելու գործում:

ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել օրենսդիրներից յուրաքանչյուրին՝ նշելով. «Հարձակումը Քեսաբի դեմ կատարվել է Թուրքիայի տարածքից, թուրք զինվորականների աջակցությամբ: Մենք պետք է անհանդուրժող լինենք ՆԱՏՕ-ի մեր այն դաշնակիցների հանդեպ, որոնք գործում են կրոնական փոքրամասնությունների դեմ գրոհող «Ալ Քայիդայի» հետ: Ուստի մենք միանում ենք Ներկայացուցիչների պալատի ու Սենատի՝ Քեսաբի իրադարձություններում Թուրքիայի դերը հետաքննող կոմիտեների հորդորներին: Մենք պարտավոր ենք իմանալ, թե ինչպես են վերաբերվում մեր դաշնակիցները Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին»:

«Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր ես մշտապես խոսել եմ սիրիահայերին և բոլոր քրիստոնյաներին սպառնացող վտանգի մասին: Ես խոսել եմ այդ մասին անմիջապես նախագահի հետ՝ կասկածի տակ առնելով ՄԱԿ-ում մեր դեսպանի գործունեությունը և կոչ եմ արել հատկացումների կոմիտեին, որտեղ ես աշխատում եմ, ժամանակ, ուշադրություն և ռեսուրսներ տրամադրել Սիրիայի քրիստոնյաներին օգնելու համար: Քեսաբի բնակիչներից շատերը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են», -ասել է Շիֆը:

Իր հերթին Աննա Էշուն նշել է, որ Մերձավոր Արևելքում քրիստոնյաները թիրախ են դարձել իսլամիստների համար, իսկ Քեսաբը դրա հերթական ապացույցն է: Նա համեմատել է քրիստոնյա հայերին զինվորի խաղաքարի հետ համաշխարհային քաղաքականության շախմատի խաղատախտակին:

Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հավելել է, որ հարձակումները Քեսաբի վրա Սիրիան համակած պատերազմի նոր վտանգավոր փուլի ևս մեկ վկայություն է՝ փոքրամասնությունները Սիրիայում իսլամիստ ծայրահեղականների թիրախն են դարձել դավանանքի ու ազգային պատկանելության պատճառով:

Կոնգրեսական Ջեքի Սփիերը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել քեսաբահայության վիճակի վերաբերյալ: Նա նշել է, որ Թուրքիան միջամտում է պատերազմող Սիրիայի գործերին, իսկ հայերը կրկին ստիպված են լքել իրենց տները: «Հայերի հանդեպ բռնությունը կատարված փաստ է, թեև միջազգային հանրությունը շարունակում է դա ժխտել», -հայտարարել է Սփիերը՝ հորդորելով երկրի իշխանություններին հարցում ուղարկել Թուրքիային Քեսաբի վրա հարձակման և «Ալ Քայիդայի» հետ կապերի վերաբերյալ:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Զոհեր Քեսաբի հայերի թվում չկան:

Ապրիլի 8-ին ԵԽԽՎ-ն հայտարարություն ընդունեց Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: «Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։

Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում, մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից։

Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին։

Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու փախստականների, ներառյալ հայերի, անվտանգությունն ու ապահովությունը, հեշտացնի նրանց՝ սեփական բնակավայր տեղափոխվելու արագ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի պայմանները։ Միջազգային հանրությունը պետք է նաև իրականացնի անփոխարինելի մարդասիրական օգություն՝ փախստականների հրատապ կարիքների լուծման համար»,-ասվում է ԵԽԽՎ ընդունած գրավոր հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են ԵԽԽՎ 22 պատգամավորներ՝ Հայաստանից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Մոլդովայից, Սան Մարինոյից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Գերմանիայից։

Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի` մարտի 27-ին արված հայտարարությունն անվանել է «ամոթալի զրպարտություն» և «անհիմն մեղադրանք»: Հայ դիվանագետը հայտարարել էր, որ ծայրահեղական խմբավորումները և, մասնավորապես, «Ալ Քայիդան» հարձակման ժամանակ օգտագործել են Թուրքիայի տարածքը և հենց այնտեղից ներխուժել Քեսաբ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---