Դեթրոյթում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Դեթրոյթում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ռամելա Քարմանը երեխա էր 1915 թվականին, երբ թուրքական կառավարությունը սկսեց կոտորել հայերին և արտաքսել նրանց Օսմանյան կայսրության այլ վայրեր: Նրա հայրը վաճառական էր և ստիպված էր փախչել՝ թողնելով ընտանիքը: Ողջ մնալու համար նա որպես թուրք էր ներկայանում: Ավելի ուշ նա միացավ ընտանիքին: Ռամելա Քարմանը տեղափոխվել է Միչիգան Լիբանանից 1960 թվականին, նրա հայրը մահացավ Դեթրոյթ տեղափոխվելուց անմիջապես հետո, գրում է Detroit News-ը:

Ապրիլի 24-ին Դիրբորնի Սբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա 99 տարի առաջ իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը: Կմատուցվի պատարագ, մոմավառության արարողություն տեղի կունենա նահատակների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ: «Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է, քանի որ կապված է յուրաքանչյուրիս հետ: Այսպես թե այնպես հենց Ցեղասպանության հետևանքով ենք մենք բոլորս հայտնվել Դեթրոյթում և սփռվել աշխարհով մեկ»,-ասել է եկեղեցու քահանա Հրանտ Գևորգյանը:

Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Կարապետ Կոճակյանը կարևորել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը, քանի որ հալածանքները շարունակվում են նաև այսօր, Սիրիայում: «Ցեղասպանության մասին պետք է հիշեն ոչ միայն հայերը, այլ ամբողջ մարդկությունը: Այդ խնդիրը բոլորին է վերաբերում»,- ասել է նա:

Դեթրոյթում ապրում է մոտ 30 հազար հայ: Սբ Հովհաննես եկեղեցու բակում 2013-ին խաչքար կանգնեցվեց ի հիշատակ Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի: Դեթրոյթի հայկական եկեղեցիները պատկանում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---