Հայկական դուդուկը Մոսկվայում. 2014-ի ապրիլ (վիդեո)

Հայկական դուդուկը Մոսկվայում. 2014-ի ապրիլ

PanARMENIAN.Net - Հայկական դուդուկ…Նրա թովիչ, դողացող հնչյունները այսօր լսելի են ամենուր՝ փոքր հայկական գյուղից մինչև Հոլիվուդ: Դուդուկի մեղեդին կարելի է լսել ցանկացած հայկական հավաքույթի ժամանակ, լինի դա տխրության առիթ թե ուրախության:

Դուդուկը պատրաստում են ծիրանենու փայտից, մյուս բոլոր ծառերից պատրաստվածներն ուղղակի շվիներ են: V դարի պատմիչ Մովսես Խորենացին այն անվանել է ծիրանափող՝ համարելով այն ծիրանի ծառի հոգին: Դուդուկն արդեն շուրջ 3 հազար տարեկան է: «Ամերիկացիներն ու ճապոնացիները փորձեցին վերարտադրել դուդուկի հնչյունները սինտեզատորի վրա, բայց դա նրանց չհաջողվեց: Դա նշանակում է, որ դուդուկը մեզ տված Աստծո պարգև է» ,-ասել է դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը:

Դուդուկ ասելիս ամեն անգամ Ջիվան Գասպարյանին ենք հիշում: Նա մեծ, եթե չասենք հսկայական, ավանդ ունի աշխարհում դուդուկի հանրահռչակման գործում: Ջիվանը համաշխարհային մշակույթի համար բացահայտեց հայկական մեղեդու զարմանալի աշխարհը՝ լինելով այնպիսի հայտնի հոլիվուդյան ֆիլմերի երաժշտություն հեղինակը, ինչպիսիք են «Գլադիատորը», «Եվգենի Օնեգինը»: Իսկ ընդհանուր առմամբ հայկական դուդուկը հնչում է մոտ 40 ամերիկյան ֆիլմում: Ինքը Ջիվան Գասպարյանը հաճույքով է հիշում աշխատանքը Բրայան Ինոյի, Հանս Ցիմերի, Փիթեր Գեբրիելի, Սթինգի, Բորիս Գրեբենշչիկովի հետ:

Եվ զարմանալի չէ, որ գնալով ավելանում են դուդուկի փառատոները ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: Ռուսաստանի լավագույն դուդուկահարները կմասնակցեն առաջին անգամ անցկացվող Դուդուկի մոսկովյան փառատոնին, որը տեղի կունենա ապրիլի 30-ին «Մոսկվիչ» մշակութային կենտրոնում:

Փառատոնի հյուրերի թվում են դուդուկահարներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Իրկուտսկից, պատանի վիրտուոզ Արամ Ավետիքյանը Մոսկվայից և այլոք: Փառատոնի կազմակերպիչն է dudukist-ru-ն Մոսկվայի երիտասարդական կազմակերպությունների աջակցությամբ:

«Իսկական հայկական մշակույթը դա բարձրակարգ երաժշտություն է: Մեր երաժշտությունը նման է եվրոպականին, բայց միևնույն ժամանակ միանգամայն այլ է: Լուրջ երաժշտությունն ամբողջ աշխարհն է լսում, այն չի մեռնում, վեհ երաժշտությունը չի մեռնում: Ես նվագում եմ ոչ միայն հայերի համար, որ հասկանան, թե ես ինչքան լավ եմ նվագում: Գուցե, գտնվի մի հայ, որ ասի թե ինքը Ջիվանից լավ է նվագում: Իմ երգացանկը հիմնականում հայկական է, բայց դա մի երաժշտություն է, որը լսում է ամբողջ աշխարհը…

…Դուդուկի միջոցով հայի հոգին է երգում: Շատ բան է կախված նրանից, թե ով է նվագում և ինչպես: Իմ ոճն իսկական դասական հայկական դուդուկն է: Ես արդեն 65 տարի է բեմի վրա եմ, իսկ իմ հարազատները միայն ուրախ են, որ ես մինչ օրս ելույթներ եմ ունենում: Ես չեմ կարող տանը նստել, որովհետև ինձ ծեր չեմ համարում, և խորհուրդ եմ տալիս մարդկանց չվախենալ իրենց տարիքից: Մարդը պետք է առողջ լինի, և ինչպես ասում են Ռուսաստանում, ոգով տոկուն: Ես դեռ շատ բան ունեմ անելու՝ դպրոց եմ բացելու և երեխաները, որ այնտեղ կսովորեն, իմ հարստությունը կլինեն», -ասել է Ջիվան Գասպարյանը 3 տարի առաջ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---