Զբոսայգու տարածքում մեքենա վարելը տուգանվում է 20.000 դրամով. Սա օրենքով, իսկ իրականո՞ւմ

Զբոսայգու տարածքում մեքենա վարելը տուգանվում է 20.000 դրամով. Սա օրենքով, իսկ իրականո՞ւմ

PanARMENIAN.Net - Երևանցիների սիրելի վայրերից մեկը` «Հաղթանակ» զբոսայգին, վաղուց դադարել է ապահով ու հանգիստ լինելուց: Խոսքը չի վերաբերում միայն ժամկետանց կարուսելներին, որոնք տարին ընդամենը 1-2 անգամ են ստուգվում, կամ էլ ականջ ցավեցնող անորակ շոուծրագրերին: Այգու այցելուների համար վաղուց արդեն սովորական են դարձել ճեմուղիներով վայրենաբար երթևեկող մեքենաները:

Թեմային անդրադարձել էր նաև բլոգեր Տիգրան Քոչարյանը, որն իր ֆեյսբուքյան էջում որպես ՀՀ քաղաքացի դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Զբոսայգու տարածքով անընդհատ ավտոմեքենաներ են երթևեկում: Ամեն տեղ: Եվ Մայր Հայաստանի մոտ, և խաղահրապարակների և կառուսելների մոտ, նույնիսկ մուտքի մոտ, մտնում են, շրջադարձ են կատարում: Ահավոր վտանգավոր վիճակ է` հաշվի առնելով երեխաների քանակը զբոսայգում: Մեծագույն խնդրանք. կամ արգելել մեքենաների մուտքը զբոսայգու տարածք, կամ հանել զբոսայգուց զբոսայգու կարգավիճակը, քանի որ այնտեղ այժմ անհնար է հանգիստ զբոսնել»,- գրել է Տիգրանը:

Հարցի առընչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ քաղաքապետարանից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի հարցերին ի պատասխան խորհուրդ տվեց զրուցել ճանապարհային ոստիկանության հետ, քանի որ խոսքը գնում է երթևեկության կանոնների խախտման և մեքենաներին տուգանելու մասին, ինչը քաղաքապետարանի իրավասություններից դուրս է:

Զանգահարեցինք ճանապարհային ոստիկանություն. պարզվում է` զբոսայգում կան մեքենաներ, որոնք ունեն ատրակցիոնի կարգավիճակ և հատուկ թույլտվություն` համաձայն որի կարող են երթևեկել այգու տարածքում և փոխադրել այգու այցելուներին: Իսկ ընդհանրապես մնացած բոլոր փոխադրամիջոցների համար այգու ճեմուղիներով երթևեկն արգելված է, քանի որ դրանք ունեն մայթերի կարգավիճակ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 124-ի 27-րդ կետի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20.000 դրամ):

Բազմիցս լինելով «Հաղթանակ» զբոսայգում, իմ կողմից կարող եմ նշել, որ շատ հաճախ եմ հանդիպել և´ մարդատար, և´ բեռնատար մեքենաներ, ընդ որում, վերջիններս տարատեսակ ապրանք են մատակարարում այգու տարածքում գործող կրպակներին, սննդի կետերին ու սրճարաններին` պաղպաղակից մինչև հացաբուլկեղեն, իսկ այգու տարածքում մշտապես հերթապահող ոստիկանները դրանք կարծես չեն էլ նկատում:

30-ականներին ներկայիս այգու տեղում ամայի տարածք էր։ Այն ծառապատվել է 30-40-ականներին՝ լենինյան շաբաթօրյակներին։ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակից հետո՝ Հաղթանակի օրվա առթիվ, այգում կառուցվեց «Հաղթանակ» հուշահամալիրը։ 1950թ. Երքաղխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի ենթակայությամբ հուշահամալիրի շուրջը ստեղծվեց մշակույթի և հանգստի գոտի։ Նույն թվականին այգում կանգնեցվեց Ստալինի արձանը, որը մնաց մինչև 1962թ.։ 1967թ. նույն պատվանդանին կանգնեցվեց Մայր Հայաստան արձանը։

«Հաղթանակ» զբոսայգում են գտնվում Անհայտ զինվորի գերեզմանը, «Ո'չ պատերազմին» քանդակը, Սահմանապահների հուշարձանը, Հերոսների ծառուղին, «Արևիկ» լճակը, բազմաթիվ ատրակցիոններ ու կարուսելներ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---