9  09.04.14 - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախահավաքը Ազատության հրապարակում

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաք-հայտարարությունը. Մեծ պայթյուն է սպասվում

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաք-հայտարարությունը. Մեծ պայթյուն է սպասվում

PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում ապրիլի 9-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը՝ «միացյալ հրապարակ» կարգախոսով, ինչի մասին հայտարարվել էր մարտի 28-ի նախահավաքին:

Ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանի համար խորհրդանշական է. 2013-ի ապրիլին 9-ին, երբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունն էր, գրեթե միաժամանակյա ռեժիմով Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդի երդմնակալությունն էր՝ ՀՀ քաղաքացիների ու հոգևորականի մասնակցությամբ:

«Ժառանգության» ղեկավարը ելույթի համար այս անգամ ընտրել էր ոչ թե Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի աստիճանների վերին հարթակը, ինչպես սովորաբար, այլ՝ Ազատության հրապարակի նստարաններից մեկի մոտակա տարածքը, գրում է Tert.am-ը:

«Մեր երկրում մեծ պայթյուն է սպասվում: Աստված չանի, որ այդ մեծ պայթյունը լինի Արցախի սահմանում: Այո՛, «Մենք ենք տերը մեր երկրի»: Անցյալ տարի այս օրը հենց սա էին բացականչում երիտասարդները, ինչը շարունակում ենք այսօր»,- ասել է նա:

Նա նշել է, որ նախորդ ապրիլի 9-ին ՝ Ազատության հրապարակում չկար կրիտիկական զանգված՝ որքան էլ հասարակության հույսը, պահանջը մեծ էր: Րաֆֆի Հովհաննիսյանը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում այդ օրը հուսախաբ է արել:

Նա շարունակել է՝ ասելով, որ անցյալ տարին բեկումնային էր, և ժողովուրդը դուրս եկավ իր ճակատագրապաշտությունից և միահամուռ ուժերով քվեարկեցփոփոխության, նոր Հայաստանի համար։ «Ժառանգության» առաջնորդը հայտարարել է, որ ինքը շարունակում է պայքարը.«Ես շարունակելու եմ իմ գործով, իմ կյանքով, մեկ-մեկ էլ իմ աղոթքով՝ ինձ հեգնեն, թե՝ ոչ»:

«Մենք միասին անցած տարի չկարողացանք վերջնական սահմանակետին հասցնել պայքարը, բայց հիմա պետք է կարողանանք միացյալ հրապարակի շնորհիվ պնդել ամբողջական իշխանափոխության ժողովրդի պահանջը: Ոչ վերջնագրերով կուզեմ խոսել, ոչ էլ ժամկետներով: Ապրիլի 9-ը մեզ համար խորհրդանշական, կեղծ երդման և մեր ամոթի օրն է: Եվ եթե այսպես շարունակվեց և առանց էական փոփոխության թևակոխեցինք մայիս ամիսը, կարող ենք դուրս գրել մեր ապագայի դասագրքերից մեր երկրի ինքնիշխանությունը, ազգային շահը, Ցեղասպանության ճանաչումը, Արցախի անկախությունը և Հայաստանի անկախությունը, քանի որ կորցնում ենք դրանք»,- ասել է նա։

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է վարչապետի հրաժարականին և նշել, որ հենց դա էր պահանջում հասարակությունը, քաղաքական հոսանքները:

«Չեմ համարում, որ սա ամիսներ առաջ կայացրած որոշում էր: Պարզապես շախմատային քայլ էր Սերժ Սարգսյանի կողմից»,- ասել է նա:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 3-ին հրաժարական է տվել: Ըստ 55-րդ հոդվածի՝ վարչապետի՝ հրաժարական ներկայացելու կամ նրա պաշտոնի թափուր մնալու օրը նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը: Սահմանադրությամբ սահմանվում է, որ գործադիրի հրաժարականի ընդունումից հետո դրա անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը: Այն կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ կետով ամրագրված է, որ երիրի ղեկավարն Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

Անդրադառնալով խորհրդարանական ոչ կոալիցիոն 4 ուժերի գործակցությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ միշտ էլ դրական է վերաբերվել դրան, բայց քանի դեռ չեն խորհրդակցել ղեկավարները, չի կարելի խոսել գլոբալ գործակցության մասին:

«Չեմ կարծում, որ առանց նոր համաձայնության մտնենք ապրիլի 28-ի ԱԺ քառօրյա, կունենանք արտահերթ փոփոխություն: Եթե միասին Հայաստանի հարցը չլուծեցինք, մայիսին մտնում ենք հերթական փուլ: Ով կարծում է, որ հերթական վիճակով կարող ենք որևէ բան լուծել, աղքատությունը նվազեցնել, արտագաղթը կրճատել՝ սխալվում է: Ամեն ինչ ապրիլի մեջ է, ես պատրաստ եմ հանդիպել բոլոր այն ուժերի հետ, ովքեր պատրաստ են իշխանությունը վերադարձնել ժողովրդին»,- ասել է նա:

Խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Ժառանգություն» և«Հայ Յեղափոխական Դաշնակցություն», քննարկումների արդյունքում ապրիլի 28-ին Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշում էին կայացրել:

Պատասխանելով հարցին, թե կմասնակցի արդյոք «Ժառանգությունը» այն կոնսուլտացիաներին, որոնք վարում է նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ուժերի հետ մինչև նոր վարչապետի նշանակումը, Հովհաննիսյանն ասել է. «Մենք չենք ճանաչում այս իշխանությանը, բայց անցած տարի, ես, նախագահական ընտրություններում հաղթելով, իմ ոտքով գնացի այդ շենք, եթե որևէ մեկը ուզում է իմ հետ խորհրդակցել, պատրաստ եմ, բայց փոփոխությունը պետք է տեղի ունենա այս իշխանությունից դուրս»: Նա նշել է, որ «Ժառանգությունը» կոնսուլտացիային մասնակցելու հրավեր չի ստացել:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել է նաև 4 ուժերի գործակցությունը խորհրդարանից դուրս: Եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պորտֆելներ ստանան, «Ժառանգությունը» կհայտնվի լուսանցքո՞ւմ հարցին ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է.«Ես կհայտնվեմ, մնացածն ապրած կենան»:

«Ժառանգության» ղեկավարը կրկնել է իր անցյալ տարվա առաջարկը՝ կիսել իշխանությունը ժողովրդի հետ և դրանից հետո մեկ տարվա ժամանակացույցով անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ.

«Երբ իմ թիկունքում էր ոստիկանապետը, տեսա իր քմծիծաղը աղոթքի պահին, երբ տեսա ոստիկանապետի քմծիծաղը աղոթքի ժամին, ես այլևս ասելիք չունեմ»:

«Այդ օրը կար համատեղ հոգեհանգիստ, և այդ քմծիծաղը, որը կար իմ թիկունքում, ես երբեք չեմ մոռանա»,- հավելել է նա՝ նշելով, թե զղջում է, որ անցած ապրիլի 9-ին այսօրվա տեխնիկան իրենց մոտ չկար, որ բոլորին ասեին, թե գնում են Ծիծեռնակաբերդ: «Սակայն այդ ամբողջ գործընթացը մի կարևոր զտում արեց. մենք տեսանք, թե ովքեր էին եկել պայքարելու, ովքեր` սադրելու»,- ասել է նա:

Իսկ դիտարկմանը, թե ի տարբերություն անցած տարվա՝ այս տարի հրապարակում իր կողքին մի քանի հազարի փոխարեն մի քանի տասնյակ մարդ է կանգնած, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Սա հանրահավաք չէ՝ հայտարարություն է, իսկ անցած տարի այս օրը մեր պայքարի պիկային պահն էր, այն ժամանակ անկախ նրանից, թե հրապարակում քանի հոգի էր, կարևորը ժողովրդի ընտրությունն էր»:

Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 28-ին նախահավաք էր հրավիրել ։ Ի թիվս մի շարք այլ հարցերի նա իր ելույթում անդրադարձել էր մարտի 27-ին Հայաստանի՝ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին «դեմ» քվեարկությանը՝ նշելով, թե չկարողացան նույնիսկ ձեռնպահ քվեարկել։ Հանրահավաքի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրենք պատրաստվում են պայքարը շարունակել և բոլորին ներգրավել դրանում։ Այդ նպատակով, ըստ նրա, ապրիլի 4-ին՝ ժամը 15։00-ին, կլինեն Վանաձորում, ժամը 18։00-ին՝ Գյումրիում, իսկ արդեն ապրիլի 9-ին՝ նորից Ազատության հրապարակում։

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշել էր, թե իրենք հրավիրում են բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերին՝ Ազատության հրապարակը դարձնելու միասնական հրապարակ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---