Սահմանադրական փոփոխություններով` ՀՀ նախագահին կընտրի ԱԺ-ն. Սերժ Սարգսյանը դեմ է (թարմացված)

Սահմանադրական փոփոխություններով` ՀՀ նախագահին կընտրի ԱԺ-ն. Սերժ Սարգսյանը դեմ է (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն այսօր` ապրիլի 10-ին, ժամը 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որը հրապարակվել է Արդարադատության նախարարության կայքում: Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Հայեցակարգի նախագիծը 45 էջանոց փաստաթուղթ է, որով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:

Փաստաթղթի հեղինակները, նկատի ունենալով, որ միջազգային պրակտիկայում առկա են խորհրդարանական կառավարման համակարգի բազմաթիվ տարատեսակներ, Հայաստանի Հանրապետության կոնկրետ իրողություններից ելնելով առաջարկվում են հետևյալ մոտեցումները`

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված Հանրապետության Նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։ Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ։

2. Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխա նատու է միայն Ազգային ժողովի առջև:

Սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը տվյալ դեպքում կլինի առավել հստակ։ Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ Հանրապետության Նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։

Նշվում է, որ վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար պառլամենտական կայուն մեծամասնության առկայություն:

Նման համակարգում.

ա) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը,

բ) չի կարող լինել խորհրդարանի և Հանրապետության Նախագահի միջև առճակատում, քանի որ Հանրապետության Նախագահը կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,

գ) «պատահական» անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը.

դ) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում՝ չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև.

ե) կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը.

զ) կբարձրանա խորհրդարանի քաղաքական դերը՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողություն ունեցող մարմնի, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը.

է) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և երկրում աստիճանաբար երկբևեռ դասական քաղաքական համակարգի ձևավորմանը.

ը) երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքականմարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ և ավելի նվազ չափով անձնավորված։

Սահմնադրական փոփոխությունների այս նախագծով անդրադարձ կա նաև ընտրական իրավունքին և ընտրական համակարգին:

Ըստ այդմ՝ ընտրական իրավունքին վերաբերող սահմանադրական դրույթներից վերանայման կարիք ունեն հետևյալ խնդիրները.

- ընտրական իրավունքի հնարավոր սահմանափակման շրջանակները: - Ազգային ժողովի ընտրական համակարգի հիմնական գծերը: -Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակի սահմանումը:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի «Ընտրությունների վերաբերյալ ուղեցույցի» (CDL-AD(2002)23 rev.)` դատապարտյալները կարող են զրկվել ընտրելու իրավունքից միայն ծանր հանցագործությունների դեպքում:«Սահմանադրությունում նման սահմանափակում սահմանելն ավելի նպատակահարմար է, քան պատիժը կրող դատապարտյալներին ընտրելու իրավունքից ընդհանրապես զրկելը»,-նշվում է նախագծում:

Հավելվում է, որ գործող խառը ընտրական համակարգը չունի հստակ ուղղվածություն և քաղաքական փոխզիջումների արդյունք է, մի կողմից, մեծամասնական, մյուս կողմից՝ համամասնական ընտրակարգերի կողմնակից քաղաքական ուժերի միջև։ Կուսակցական կարծր ցուցակները կուսակցությունների ղեկավարներին փաստացի վերապահում են իրենց ցուցակի պատգամավորների ընտրության հարցը, իսկ ընտրողները որոշակի առումով օտարվում են նախընտրած թեկնածուների ընտրության հարցում վճռորոշ ազդեցություն ունենալուց։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Կայուն ընտրական համակարգ ապահովելու համար դրա հիմնական գծերը պետք է ամրագրվեն հենց Սահմանադրությամբ։

Դա, մասնավորապես, հնարավորություն կտա, որպեսզի ժամանակի ընթացքում ընտրական համակարգը լիովին դրսևորի երկբևեռ քաղաքական համակարգը խթանելու իր ներուժը։ Խորհրդարանի ընտրական համակարգի սահմանադրական ամրագրումը լայնորեն կիրառվում է Եվրոպական միության ինչպես հին (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Իսլանդիա, Իռլանդիա, Ավստրիա, Շվեյցարիա, Իսպանիա, Պորտուգալիա), այնպես էլ նոր անդամ երկրներում (Էստոնիա, Լատվիա, Չեխիա)։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին և հանձնաժողովի մյուս անդամներին կատարված ծավալուն աշխատանքի համար և նշել, որ դատական իշխանությանն առնչվող բոլոր կարևոր խնդիրները, բոլոր «դեմերը» ու «կողմերը» պետք է քննարկվեն հենց այդ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս ես այդպես եմ կարծում: Ինչևէ, գտնում եմ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա: Սակայն կարևոր է նաև նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները»,- նշել է նախագահը` հավելելով, որ հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը կարևոր է հավասարակշռված որոշումներ ընդունելու համար: Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը:

«Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու: Ես սա ասում եմ, քանի որ գիտակցում եմ Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը մեր երկրի համար, դա շատ ավելի կարևոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթևամտության ժանրից են: Եվ ես սա ասում եմ այսօր՝ որպես սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման ազատության երաշխիք ու նաև ազատ գործելու երաշխիք ձեզ համար»,- ասել է նախագահը:

Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը: Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների անցկացման ժամկետների և ձևաչափի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ գործող Սահմանադրության Գլուխ 8-ը սահմանում է Սահմանադրության ընդունման, փոփոխման ու հանրաքվեի կարգը: Ըստ այդմ`

Հոդված 111. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:

Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Համապատասխան որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, կարող է այն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության։ Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ է քվեարկում նախագծին, ապա վերջինս համարվում է ընդունված, եւ այն Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում։

Հոդված 112. Օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ կառավարության առաջարկով` Սահմանադրության 111-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

Հոդված 113. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։

Փետրվարի 1-ին «Հրապարակը» գրել էր, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա 2017-ին` ԱԺ ընտրությունների հետ համատեղ: «Որոշ պնդումների համաձայն` երկրում կառավարման համակարգը չի փոխվելու, անցում չի կատարվելու խորհրդարանական մոդելին, չնայած ուժեղացվելու է վարչապետական ինստիտուտը»,- գրել է թերթը:

1995թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն էական դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, ճգնաժամային իրավիճակներում սահմանադրական ճանապարհով լուծումներ գտնելու, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներ ապահովելու գործում:

Հայաստանի Հանրապետությունում 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական բարեփոխումները համակարգային լուծումների առումով առաջընթաց գրանցելով հանդերձ, բովանդակեցին նաև մի շարք կիսալուծումներ, որոնք ներկայումս հաղթահարելու և համակարգային մոտեցումներն ամբողջականացնելու անհրաժեշտություն ունեն: ՀՀ ԿԸՀ արձանագրության` քվեարկությանը մասնակցել է (ըստ ստորագրությունների քանակի) 1 513 541 մարդ: Անվավեր է ճանաչվել 20 360 քվեաթերթիկ, մարվել է 849 525 քվեաթերթիկ: Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 1 411 791 ընտրող, դեմ` 82 459 ընտրող: Անճշտությունների քանակը կազմել է 1 080: ԿԸՀ արձանագրությունը ստորագրել են նիստին ներկա Հանձնաժողովի 8 անդամներից 7-ը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---