Հերթական պատահարներն ազերիների բանակում. Մեկը «պատահաբար» ինքն իրեն է կրակել, մյուսը՝ կախվել

Հերթական պատահարներն ազերիների բանակում. Մեկը «պատահաբար» ինքն իրեն է կրակել, մյուսը՝ կախվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ադրբեջանական բանակում մահացու ելքով միանգամից երկու միջադեպ է գրանցվել: Ըստ APA գործակալության, շփման գծում տեղակայված զորամասի զինվոր Էլվին Ռյուսհատ օղլու Բազիրլին «զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով» վիրավորել է իրեն ինքնաձիգից: Զինվորը մահացել է հոսպիտալ տեղափոխելիս: Փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

Ըստ նույն գործակալության մեկ այլ հաղորդագրության, ևս մեկ միջադեպ է գրանցվել Նախիջևանում տեղակայված N զորամասում՝ կախվել է զորամասի ենթասպա Ալեքբերով Սամիր Սահինօղլուն: Ինքնասպանության պատճառները պարզվում են:

Ապրիլի 8-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որ ականի պայթյունից Ադրբեջանի ԶՈւ երեք զինծառայող զոհվել է, վեցը՝ վիրավորվել Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ ԼՂՀ ԶՈւ և ադրբեջանական զորքերի շփման գծում:

Պայթյունից զոհվել են Ադրբեջանի ԶՈւ կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, զինվորներ Սեյֆադդին Քերիմովն ու Նովրուզ Աբդուլլաևը: Վիրավորվել են զինվորներ Բահրուզ Մուսաևը, Ալի Միրզոևը, Ազեր Իսֆենդերզադեն, Մուրսալ Զուլֆուգարովը, Սադիգ Ջեբրաիլովը և Էմին Թալիբովը: Մանրամասները չէին ներկայացված:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ականի վրա պայթած ազերի 9 զինվորներն իրականում ձախողված դիվերսանտներ են: Ապրիլի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Միջադեպից հետո ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և շփման գծի ողջ երկարությամբ վերահսկում իրավիճակը:

Գրեթե նույն ժամանակահատվածում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, շփման գծի մոտ տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում «դժբախտ պատահար» է տեղի ունեցել: Զինվոր Գյարաքմյազլի Սեյմուր Ռուստամ օղլուն «անզգուշաբար» իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել իր ծառայակից Ինտիգամ Իլհամ օղլու Իսմաիլովի և զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի վրա: Զինվոր Իսմաիլովը մահացել է, Ալիևը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

Ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր ինքնասպան է եղել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն Յասամալի շրջանային դատախազության վրա հղումով, պատահարը գրանցվել է զորամասի տարածքում: Ադրբեջանի ՌՕՈւ սպա, գնդապետ-լեյտենանտ Նաթիգ Մալիևը կախվել է իր տանը: Ինքնասպանության պատճառները պարզվում են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ադրբեջանական «Դոկտրին» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը, 2014 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության ուժերի կորուստները հասել են 17-ի, 5 մարդ զոհվել է մարտական պայմաններում, 12-ը՝ ոչ մարտական: Ընդ որում 6 զինծառայող ինքնասպան է եղել, 3-ը մահացել են վթարների հետևանքով, ևս 3-ը՝ հիվանդություններից: Էլի 25 մարդ այդ ընթացքում վիրավորվել է կամ վնասվածքներ է ստացել: Նրանցից երկուսը վիրավորվել են մարտական պայմաններում, ևս երկուսը ՝ ականների պայթյունից: Մյուսները վիրավորվել են ոչ մարտական պայմաններում:

Այլ տվյալներով, տարեսկզբից ադրբեջանական բանակում «անզգուշության» պատճառով սեփական անձի ուղղությամբ կրակոցների թիվը գերազանցել է 20-ը: Եվս 10 զինվոր ինքնասպան է եղել: Զինվորներն օգտվում են իրենց ամրակցված զենքից, պարաններից և նույնիսկ մկնդեղից:

Ինքնասպանության փորձերն ադրբեջանական բանակում, հիմնականում հաջողված, կամ զոհերի հանգեցնող ոչ կանոնադրական հարաբերությունները սիստեմատիկ բնույթ են կրում:

Այդպես, մարտի 29-ինադրբեջանական բանակի N զորամասի զինվոր Ռախիդ Սատար օղլու Ասկերովը վիրավորել է իրեն ամրակցված զենքից: Նա տեղափոխվել է հոսպիտալ: Փաստը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշենք, որ Ռախիդ Սատար օղլու Ասկերովը զորակոչվել է Շամկիրի շրջանից: Հարուցվել է քրեական գործ, զինդատախազությունը քննություն է վարում:

Մարտի 24-ին ինքնաձիգից ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի 20-ամյա շարքային Էյբաթօղլու Մահսուդ օղլու Ազիզովը: Նա զորակոչվել էր Ադրբեջանի Խաչմազի շրջանից: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Միջադեպի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը վարում է ռազմական դատախազությունը:

Մարտի 22-ին ինքնասպան եղավ Զակատալայում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը՝ 1992 թվականի ծնված Քերիմով Ալիսահիբ Ալիբակատ օղլուն: Զակատալայի շրջանի կենտրոնական հիվանդանոցում բժշկական փորձաքննության արդյունքում հաջողվել է պարզել, որ մահվան պատճառ է դարձել մկնդեղը, որն ընդունել էր Ա. Քերիմովը:

Նույն օրը Բաքվում նախկին զինծառայող Ալի Մուհամմեդօղլու Ահմեդովը (1972 թվականի ծնված) վնասել էր իրեն: Միջադեպը տեղի էր ունեցել Ադրբեջանի ՊՆ շենքի առջև, որտեղ նախկին զինծառայողը, կանգնելով ՊՆ շենքի դիմաց, կտրել է ձախ ձեռքի երակները:

Ահմեդովը ցանկանում էր ընդունելության հասնել ՊՆ-ում ոտքի ուռուցքի պատճառով: Նրան ոչ ոք չընդունեց, նա էլ կտրեց երակները:

Զանգվածային ինքնասպանություններն Ադրբեջանում, այդ թվում բանակում, վերջին շրջանում չափազանց մտահոգում են ադրբեջանցի փորձագետներին: Ըստ նրանց, ինքնասպանությունների 80 տոկոսն Ադրբեջանում պայմանավորված է սոցիալական խնդիրներով, աղքատությամբ, հուսալքությամբ: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2008 թ. 138 ինքնասպանություն է գրանցվել, 2009-ին՝ 165, 2010-ին՝ 289, 2011-ին՝ 414, 2012-ին՝ 482: 2013 թ. եղել է ինքնասպանության 920 փորձ, սակայն մահացածների մասին հստակ տեղեկություն չկա, թեև մոտավորապես նրանց թիվը հասնում է 500-ի:

Ինքնասպանությունները չեն շրջանցում նաև ադրբեջանական բանակը: 2011 թ. բանակում 12 ինքնասպանություն է եղել, 2012-ին՝ 19, 2013-ին՝ 16, 2014 թ. հունվարին՝ 4:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրությունը: Սակայն ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, 2014 թվականի հունվարին Ադրբեջանում ինքնասպան է եղել առնվազն 32 մարդ: Գրանցվել է նաև մինչև 18 տարեկան երեխաների շրջանում 4 ինքնասպանություն: Միայն մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի երեք վետերան՝ իրենց իրավունքների խախտման, դրամաշորթության ու այլ պատճառներով:

2013 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2014 թվականի հունվարի վերջն Ադրբեջանում միայն 5 ինքնահրկիզում է տեղի ունեցել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---