ԱՄՆ Սենատի ԱԳ կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը (թարմացված)

ԱՄՆ Սենատի ԱԳ կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը (թարմացված)

PanARMENIAN.Net - Վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է S.Res.410 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով Սենատին միանալ բանաձևին և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրս անպատիժ է մնում, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Այսօրվա քվեարկությունը հաստատում է Ամերիկայի հավատարմությունը ճշմարտությանը, լուրջ հարված է հասցնում թուրքական ժխտողական քաղաքականությանը և հստակ ուղերձ է նախագահ Օբամային, որպեսզի նա վերջ դնի այդ հարցում իր վարչակազմի հովանավորչությանն Անկարային: Մենք երախտապարտ ենք նախագահ Մենենդեսին և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել սենատորներից յուրաքանչյուրին, որոնք իրենց ձայնը տվեցին ի պաշտպանություն մարդու իրավունքների», -ասել է ANCA տնօրեն Արամ Համբարյանը:

Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը:

Սենատոր Մենենդեսը բանաձևը քվեարկության դրեց երեկ երեկոյան, նա ասաց իր գործընկերներին. «Ինձ համար, բոլոր բարի կամքի տեր մարդկանց համար, կա մի պարզ իրողություն՝ դա ցեղասպանություն է եղել, այն չի կարելի այլ կերպ անվանել: Հաջորդ տարի, երբ մենք նշելու ենք Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի 100-ամյա տարելիցը, վերապրածներից շատ քչերը ողջ կլինեն: Բայց մի քանի մարդ դեռ ապրում է և շատ կարևոր է մեզ համար նշել 100-ամյակը գլոբալ մասշտաբով»,- ասել է Սենատի կոմիտեի ղեկավարը:

Ապրիլի 4-ին Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը ԱՄՆ Կոնգրես ներկայացրեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, որով կոչ է արվում նախագահ Օբամային պայքարել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով: Բանաձևում մասնավորապես ասվում է.

«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»:

Նմանատիպ բանաձև է ներկայացվել նաև Ներկայացուցիչների պալատ Դևիդ Վալդաոյի և Ադամ Շիֆի կողմից՝ Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Մայքլ Գրիմի հետ համատեղ: Պալատի բանաձևն արդեն ունի 50 կողմնակից:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ հայտարարություն է արել նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

«Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,- ասել է Նալբանդյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---