Ամերիկյան և ֆրանսիական ռազմանավերը մտել են Սև ծով

Ամերիկյան և ֆրանսիական ռազմանավերը մտել են Սև ծով

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌԾՈւ Donald Cook ռազմանավն ու ֆրանսիական ռազմական հետախուզական Dupuy de Lome նավը մտել են Սև ծով: Donald Cook-ը ԱՄՆ ԶՈւ երրորդ նավն է, որը վերջին ժամանակահատվածում ուղղվել է Սև ծով: Փետրվարին ԱՄՆ-ն ծովի տարածք ուղարկեց հրթիռակիր Taylor ռազմանավը՝ աջակցելու համար Սոչիի Օլիմպիադայի անվտանգության ապահովմանը: Նավը ծանծաղուտի մեջ հայտնվեց Թուրքիայի ափերի մոտ, որի պատճառով գերազանցեց Սև ծովի տարածքում գտնվելու օրինական ժամկետը: Մարտին ամերիկյան ականակիր Truxtun ռազմանավը Բոսֆոր նեղուցով մտավ Սև ծով՝ մասնակցելու համար համատեղ զորավարժություններին բուլղարական և ռումինական նավերի հետ: Նավը ծովի տարածքում մնաց 17 օր, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ ԱՄՆ ԶՈւ հրամանատարության, ականակիր Donald Cook-ի ուղևորման նպատակն էր հանգստացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին:

Ըստ թուրք քաղաքագետ Ֆաթիհ Էրայի, ԱՄՆ նավերի այցերը նպատակ չունեն ահաբեկելու Ռուսաստանին և առավել ևս նրա դեմ ռազմական գործողություններ իրականացնելու: «Չեմ կարծում, որ իրականում ամերիկացիները ինչ-որ հատուկ նպատակ են հետապնդում՝ ռազմանավերը գործուղելով Սև ծով: Նավերի անցումը թուրքական նեղուցներով ոչ այնքան ուղերձ է Ռուսաստանին, որքան քայլ դեպի Եվրոպա: ԱՄՆ-ն ակնարկում է, որ իրենք կանգնած են իրենց եվրոպացի բարեկամների թիկունքին: Սակայն ինչպես պետքարտուղարի, այնպես էլ եվրոպացի առաջնորդների հայտարարությունները հռետորական բնույթ են կրում: Ես ակնկալում եմ, որ ԱՄՆ-ն քայլ կանի Սիրիայի դեմ»,-հայտարարել է նա:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմանավերի Սև ծովում գտնվելու ժամկետի երկարացումը հաճախ է գերազանցել Մոնտրյոյի միջազգային կոնվենցիայով սահմանված ժամկետները: Իր հերթին, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էյլին Լայնեզը հերքեց Ռուսաստանի մեղադրանքները՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն ՌԾՈւ նավերը գործուղում է այնտեղ ըստ միջազգային օրենսդրության:

1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիան ազատ ելք է սահմանում նեղուցներով բոլոր երկրների առևտրային նավերի համար ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմների: Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը տարբեր է Սև ծովի տարածքի և այլ պետությունների համար: Թուրքիայի իշխանություններին նախապես իրազեկելու դեպքում սևծովյան տերությունները կարող են խաղաղ պայմաններում ցանկացած դասի ռազմանավ անցկացնել նեղուցով: Ոչ սևծովյան պետությունների համար զգալի սահմանափակումներ են գործում՝ նավի ընդհանուր տարողությունը չպետք է գերազանցի 30 հազար տոննան, իսկ ժամկետը չպետք է գերազանցի 21 օրը: Այն դեպքում, եթե Թուրքիան գտնվում է պատերազմական իրավիճակում, ինչպես նաև, եթե Թուրքիան որոշի, որ իրեն պատերազմ է սպառնում, նրան իրավունք է վերապահված թույլ տալ կամ արգելել ռազմանավերի մուտքը նեղուցներ: Եթե պատերազմական գործողություններ են ընթանում, որոնց Թուրքիան չի մասնակցում, ապա նեղուցները պետք է փակ լինեն ցանկացած պատերազմող երկրի ռազմանավերի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---