Գազի պատճառով Արևմուտքը մտադիր է հաշտեցնել Ադրբեջանին ու Թուրքմենստանին

Գազի պատճառով Արևմուտքը մտադիր է հաշտեցնել Ադրբեջանին ու Թուրքմենստանին

PanARMENIAN.Net - Արևմուտքը ջանում է չեզոքացնել երկար ժամանակ Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև առկա լարվածությունը: Երկու երկրները կարող են նվազեցնել գազի հարցում ՌԴ-ից Եվրոպայի կախվածությունը: Ինչպես գրում է «Ենի Մուսավաթ» թերթը, Բարաք Օբամայի նախաձեռնությամբ վերականգնվում են հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահների միջև: Կողմերը վերջ տվեցին Կասպից ծովում գտնվող «Քյափազ» նավթի հանքավայրի շուրջ վեճին և պայմանավորվեցին թուրքմենական գազը դեպի Եվրոպա առաքելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու մասին:

Կրկին Օբամայի նախաձեռնությամբ, անցած շաբաթ տեղի ունեցավ հեռախոսազրույց Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի միջև, գրում է թերթը՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Անդրկասպից գազամուղի կառուցման հարցը Կասպից ծովի հատակով: Նախագիծը հովանավորում է ԱՄՆ-ն, իսկ դա ռուսական սպառնալիքից պաշտպանության գործոն է Թուրքմենստանի ու Ադրբեջանի համար: Մոսկվան դեմ է այդ խողովակաշարի կառուցմանը և իր դիրքորոշումը հիմնավորում է Կասպից ծովի իրավական կարգավիճակի անորոշությամբ և ծովի բնապահպանական խնդիրներով: Առաջիկայում ակնկալվում է Թուրքմենստանի նախագահի այցն Ադրբեջան:

ԱՄՆ-ն ձգտում է տարածաշրջանում գազային դաշինք ստեղծել Ռուսաստանի դեմ: Ավելի վաղ, Ուկրաինայի պատճառով ԵՄ հետ Ռուսաստանի հարաբերությունների լարվածության գագաթնակետում Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարեց, որ անցյալ տարվա վերջում «Շահդենիզ-2» գազի ադրբեջանական հանքավայրի նախագծի ներդրումային որոշումը նոր հնարավորություններ է բացում Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար:

Սակայն Եվրոպայի հույսը միայն ադրբեջանական գազը չէ: Շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի Թուրքմենստանը: Այդ երկիրը տարեկան արդյունահանում է 32 մլրդ խմ գազ և ընդամենը մեկ խողովակաշար ունի դեպի դուրս՝ Ռուսաստանի ուղղությամբ: Արևմուտքը շահագրգռված է, որ Անդրկասպից գազամուղի նախագիծը շուտափույթ իրականացում ստանա ամենալայն մասշտաբով՝ Թենգիզ (Ղազախստան) –Թուրքմենբաշի (Թուրքմենստան) –Բաքու (Ադրբեջան) –Թբիլիսի (Վրաստան) –Էրզրում (Թուրքիա): Այս երթուղու դեպքում Եվրոպան տարեկան կարող է 20-30 մլրդ խմ գազ ստանալ:

Անդրկասպից գազամուղի գաղափարն առաջին անգամ հնչեց 90-ականների վերջում, բայց այն ժամանակ Աշխաբադն ու Բաքուն պայմանավորվածության չեկան: Այդ երթուղու թողունակությունը նախագծվում էր տարեկան 30 մլրդ խմ ծավալի հաշվարկով, իսկ Բաքուն պնդում էր, որ իրեն որպես քվոտա տրամադրվի 16 մլրդ խմ: Աշխաբադը համաձայնվում էր հատկացնել արտահանվող ծավալի միայն մեկ քառորդը:

Այժմ եվրոպացի սպառողների մեկ երրորդը ռուսական գազ է օգտագործում, իսկ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում այդ ցուցանիշը հասնում է 100 տոկոսի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---