«Դ!ԵՄ ԵՄ»-ի ցույցը. Պայքարը շարունակվելու է առանց «ճանապարհային քարտեզի»

«Դ!ԵՄ ԵՄ»-ի ցույցը. Պայքարը շարունակվելու է առանց «ճանապարհային քարտեզի»

PanARMENIAN.Net - Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 12-ին Մատենադարանի մոտ հավաք-ցույց էր կազմակերպել: «Դ!ԵՄ ԵՄ» թիմը նախապես իրազեկման թռուցիկներով տեղեկացրել էր, որ հավաքի նպատակներն են՝ մեկնաբանել Սահմանադրական դատարանի հանրության օգտին կայացրած որոշման իրավական հետևանքները, ներկայացնել որոշումը կյանքի կոչելու հնարավոր միջոցները, ինչպես նաև հստակեցնել իրենց հետագա անելիքներն ու ժամանակացույցը:

Հանրահավաքին առաջինը ելույթ է ունեցել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյան. «Այսօրվա մեր հավաքը գործնական հանդիպում է, որպեսզի միմյանց հետ համաձայնության գանք մեր հետագա անելիքների հետ կապված»:

Նա նշել է, որ «կառավարության ոչ այնքան խելամիտ անդամներին» ստիպելու են ենթարկվել օրենքին, քանի որ եթե կառավարության դիրքորոշումը չի համընկնում ժողովրդի դիրքորոշման հետ, այդ դեպքում այդ կառավարության դիրքորոշումն առ ոչինչ է, գրում է Panorama.am-ը:

Նախաձեռնության մեկ այլ անդամ Կարեն Հովհաննիսյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ իրենք ունեն հստակ խնդիր ու պահանջ, որը լուծում է պահանջում, գրում է Tert.am-ը: «ՊԵԿ-ը պետք է էլեկտրոնային հաշտվետվությունների համակարգից հանի «պարտադիրի» պարտադիր դաշտը, դադարեցնի անհիմն պահումները և վերադարձնի վերջին ամիսների ընթացքում անհիմն կերպով գանձված գումարները: Եթե իշխանությունները չեն փորձում կամ չեն կարողանում հրաժարվել բռնած դիրքորոշումից, չեն կարողանում լուծում տալ, ապա մենք պարտավորվում ենք շարունակել մեր պայքարը»- ասել է նա:

Կարեն Հովհաննիսյանը նաև նշել է, որ այսօր իշխանությունը ժողովրդի առաջ երկու պայման է դրել՝ կամ «կուտակային», կամ արտագաղթ. «Մենք ընտրել ենք երրորդ տարբերակը՝ պայքարը»:

Ազատության հրապարակում «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության հավաքին ելույթ է ունեցել նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը, որն առաջարկել է հետահայաց վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի 3-ին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ:

«Եկե՛ք հետ նայենք՝ ի՞նչ եղավ ՍԴ–ում. աննախադեպ որոշում կայացվեց ժողովրդի օգտին, սրանք մեր երկրի կառուցման առաջին քայլերն են, և ի՞նչ … էս մարդիկ տասը տարի գործ էին անում, «գիգանտներ էին բերել, որ էդ օրենքը մշակի, ի՞նչ ստացվեց՝ ՍԴ-ն ի՞նչ արեց, հերն անիծեց այդ օրենքի»,- հայտարարել է նախաձեռնության անդամը:

Պետք է շնորհակալ լինել Կառավարությանը միայն այն բանի համար, որ «իր անմտությունը բերեց ժողովրդի համախմբման»: Մատենադարանի բարձունքից նման միտք է արտահայտել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` նշելով, որ մեկ շաբաթ առաջ մի շարք տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ հանդիպել ու քննարկել են օրենքը և ՍԴ-ի որոշումից հետո առաջացած խնդիրները:

«Ընդունել ենք մի հայտարարություն, որտեղ նշել ենք՝ առաջնորդվելով հանգամանքով, որ ՍԴ-ի որոշմամբ օրենքի որոշ դրույթներ՝ այդ թվում պարտադիրը, ճանաչվել են հակասահմանադրական, իսկ ստեղծված իրավիճակը խոչընդոտում է ընկերությունների աշխատանքի բնականոն ընթացքը, ապա կոչ ենք անում պարտադիր վճարումներ չհաշվարկել ու չփոխանցել, դիմել հանրապետության նախագահին ու Ազգային ժողովին սեղմ ժամկետում կասեցնել կուտակային օրենքի պարտադիր դրույթը»,- ասել է նա:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ է ելույթ ունեցել: Ըստ նրա` հայ ժողովուրդն արձանագրել է հաջողություն՝ ՍԴ-ն հիմնովին և հիմնարար հակասահմանադրական է ճանաչել օրենքի պարտադիր բաղադրիչը:

«Դատապարտում եմ այն բոլորի կեցվածքը, որ փորձեցին նսեմացնել որոշումը և փորձում են ներկայացնել, թե գումարները պետք է գանձվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Այդ գումարները ենթակա չեն գանձման»,- ասել է նա:

Արծվիկ Մինասյանն ասվածը բացատրելով նշել է, որ մինչև սեպտեմբերի 30-ը գանձվող գումարները չեն կուտակվելու, հետևաբար դրանք գանձելու տրամաբանություն չկա:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ բանախոսը նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովում արտահերթ նիստ են գումարելու և քննարկման դնելու օրենք, համաձայն որի մինչև սեպտեմբերի 30-ը որևէ գումար չպետք է գանձվի, երեք ամսվա ընթացքում արված պահումները պետք է վերադարձվեն, և որևէ տույժ չի կարող կիրառվել գործատուների նկատմամբ դրաք չանելու համար. «Երկրորդ քայլը՝ դատական վարույթ ենք սկսելու վարչական դատարանում՝ հակաօրինական ճանաչելու նորմատիվ այն ակտը, համաձայն որի ՊԵԿ-ը պահումներ է իրականացնում, այն պետք է ճանաչենք Սահմանադրությանը հակասող ու անվավեր»:

Մենք պետք է պայքարենք, որ Բարձր դատարանի ճնշումը չմնա թղթին, և ամսի 9-ին մեր արածը ոչ այլ ինչ էր, քան փորձ՝ քաղաքացիական անհնազանդության միջոցով ստիպելու, որ պահպանվի սահմանադրական կարգը: Այս մասին հայտարարել է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը՝ ասելով, որ իրավաբանական գիտելիքների առումով լուրջ խնդիրներ ունեն ՀՀ նախագահի իրավաբանական վարչության աշխատակիցները:

«Գլխավոր դատախազությու՞նն էլ իրավաբանական գիտելիքների պակաս ունի: Երբ մարդիկ փորձում են օրինական ձևով սահմանադրական կարգ հաստատել, հայտարարում են, թե կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության, դա ամենաքիչը ծիծաղելի է: Հարգելի՛ դատախազություն, բարի եղիր, հայտարարության տեքստը մի փոքր վերախմբագրիր և հղում կատարիր օրենքի այն հոդվածին, որով օրինական քաղաքացիական անհնազանդություն դրսևորող քաղաքացիական հասարակությունը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Սա ֆանտաստիկայի ժանրից է»,- ասել է նա։

Ապրիլի 11-ին ՀՀ դատախազության կայքում տեղադրվել է հայտարարություն, որում նշվում է, թե ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելն առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 9-ին կազմակերպել էր երթ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից դեպի Պետական եկամուտների կոմիտե, սակայն մասնակիցներն ընթացքում մտափոխվեցին ու ճանապարհի երկայքնով նստեցին ֆիննախարարության շենքի դիմաց՝ Նալբանդյան փողոցի մեջտեղում` խաթարելով երթևեկությունը: Դատախազությունից զգուշացնում են, որ կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Ի պատասխան դատախազության հայտարարության, «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը ևս հայտարարություն է տարածել. «Սպառնալիքներով և բռնի ուժով չփորձեք սահմանափակել ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաք անցկացնելու մեր իրավունքները, որոնք երաշխավորված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլև միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից: Բացի այդ հիշեցնում ենք, որ օրինական հավաքների անցկացնելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է համարվում»:

«Դ!ԵՄ ԵՄ»-ն առաջիկա անելիքները կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, «Ճանապարհային քարտեզ» մի շարք պատճառներով չի ներկայացնելու: «Մենք կուսակցություն չենք, կառավարություն չենք, ՀՀ քաղաքացիներ ենք, ովքեր տեսնելով խնդիր, իրենց ձեռքն են վերցրել այն լուծելու բեռը»,- մանրամասնել է նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը:

Պայքարի արդյունքը, ըստ նրա, մեկը պիտի լինի՝ հասնել, որ պահումներ չարվեն, իսկ նախորդներն էլ, որոնք արդեն գանձվել են, վերադարձվեն տերերին:

Սա առաջիկա ծրագրերի մասով, սակայն նախաձեռնության անդամը մի քանի կետով ներկայացրել է առաջիկա միջոցառումները: Ուրբաթ` ապրիլի 18-ին, նախատեսվում է բողոքի մեծ ակցիա: Առաջարկվեց շարունակել նամակների գրումը, և նախատեսվում է նաև Կենտրոնական դեպոզիտարիայի դեմ դատական հայց: Չեն մոռացել նաև ՊԵԿ-ին: «Դ!ԵՄ ԵՄ»-ի անունից Գևորգ Գորգիսյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին չվճարել կոմունալ վարձերը և հույս հայտնեց, որ բանը չի հասնի բանկերում դրված գումարները կանխիկացնելուն:

«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները համապատասխան վարույթ են սկսելու նաև պետության փողերը մսխած անձանց դեմ: Անդրադառնալով պայքարի հետագա քայլերին` Գևորգ Գեորգիսյանն ընդգծել է, որ նախատեսվում է ստեղծել «Դ!ԵՄ ԵՄ» համակարգ, որն իր մեջ կներառի բոլոր խմբերին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---