Թուրքիան փորձում է արագացնել Կիպրոսի խնդրի լուծումը

Թուրքիան փորձում է արագացնել Կիպրոսի խնդրի լուծումը

PanARMENIAN.Net - Կիպրոսի օկուպացիայի 40-րդ տարելիցի ու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հռչակման շեմին Անկարայում սկսել են խթանել բանակցությունները կղզու հունական մասի հետ: Բնականաբար, Թուրքիայի առաջադրած պայմաններով ու բոլորովին կարևոր չէ, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Ուկրաինայում ու Սիրիայում իրադարձությունների պատճառով Եվրոպան շարունակական քաոսի մեջ է հայտնվել և Թուրքիան, այդ քաոսից օգտվելով, փորձում է լուծել իր հարցերը, այն է՝ սողացող անեքսիայի միջոցով գրավել ամբողջ Կիպրոսը:

ԵՄ գծով նախարար ու Կիպրոսի հետ բանակցություններում պատվիրակության ղեկավար Մելուդ Շավուշօղլուն հայտարարեց, որ Եվրամիությունը չպետք է մասնակցի կիպրոսյան բանակցություններին, քանի որ Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության անդամ է: Կիպրոսում գտնվող Չավուշօղլուն հայտարարեց, որ հենց Կիպրոսի հարցի չլուծված լինելն է խանգարում Թուրքիայի անդամակցությանն Եվրամիությանը:

Չճանաչված հանրապետության ԱԳ նախարար Օզդիլ Նամիի հետ հանդիպմանը Չավուշօղլուն նշեց, որ Կիպրոսի հարցը պետք է լուծվի ՄԱԿ հովանու ներքո: Նշենք, որ ՄԱԿ բոլոր նախաձեռնությունները, այդ թվում նաև «Աննանի պլանը», ձախողվեցին: Թուրք նախարարը հորդորեց Եվրամիությանը հանել չճանաչված Հյուսիսային Կիպրոսի համար գործող էմբարգոն, ֆինանսական օգնություն ցուցաբերել ու երկու պատգամավորական տեղ հատկացնել Եվրախորհրդարանում: Փաստորեն Չավուշօղլուն ցանկանում է, որ ԵՄ-ն ճանաչի Կիպրոսի օկուպացիան: Ըստ Օզդիլ Նամիի, կիպրոսցի թուրքերը «չեն կարող թույլ տալ իրենց կորցնել առկա հնարավորությունը, քանի որ հնարավոր չէ ևս 50 տարի սպասել հարցի լուծմանը»:

Մինչդեռ Հունաստանի ԱԳՆ-ն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու իմատը չի տեսնում, քանի դեռ Անկարան չի ճանաչել Կիպրոսի Հանրապետության գոյությունը: «Եվրամիությունը, որին ձգտում է ինտեգրվել Թուրքիան և որի հետ մի քանի օր առաջ ռեադմիսիայի մասին համաձայնագիր կնքեց, բաղկացած է 28 իրավահավասար պետություններից, այդ թվում Կիպրոսի Հանրապետությունից, որը նաև եվրոյի գոտու մեջ է մտնում: Եթե Թուրքիան չի հասկանում ու չի ընդունում այդ հասարակ հիմնարար փաստերը, գործնական ոչ մի իմաստ չունի որևէ կոնկրետ բանավեճ ծավալել նրա եվրոպական հեռանկարների մասին»:

Հարկ է նշել, որ Թուրքիան վերջերս ակտիվացել է Կիպրոսում գազային հանքավայրերի հայտնաբերման պատճառով և վստահ է, որ հենց նա դրանք մշակելու իրավունք ունի, ինչը մեղմ ասած տարակուսանք է առաջացնում Կիպրոսում և Եվրոպայում: «Աթիլա» գործողությունը (Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը հյուսիսային Կիպրոս) իրականացվեց 1974 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը: Ներխուժումը տեղի ունեցավ Հունաստանում «սև գնդապետների» խունտայի կառավարման վերջին օրերին ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի թողտվությամբ, որոնք հանդես էին գալիս որպես Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների միջև լիազորությունների բաժանման մասին նախկինում կնքված համաձայնության երաշխավորներ:

1983 թվականին թուրքական հատվածը հռչակեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Ըստ միջազգային իրավունքի Կիպրոսի Հանրապետությունը պահպանում է իր ամբողջ տարածքի ինքնիշխանությունը, որն իր կազմում էր մինչև 1974 թ.: Կիպրոսի Հանրապետությունն անդամակցեց Եվրամիությանը 2004 թվականին, և ԵՄ-ն ճանաչում է նրա ինքնիշխանությունը կղզու ամբողջ տարածքում՝ համարելով, որ հյուսիսային մասը ժամանակավորապես չի վերահսկվում օրինական կառավարության կողմից: Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը: Ճիշտ է, մարտի 17-ին օկուպացված տարածքում բացվեց վերականգնված հայկականք վանքը: Այն վերականգվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութայն (USAID) աջակցությամբ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---